Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Կարապետյանը քննադատում է Դավիթ Հարությունյանին, որ տասնյակ միլիոններ է անտեղի ծախսել

Օգոստոս 02,2013 19:11

«Բոլորս գիտենք, արդեն իշխանություններն էլ են հրապարակային ընդունում, որ արտագաղթն այն հարցն է, առանց որի լուծման՝ առաջընթաց չի լինի: Ինչի՞ց է արտագաղթը: Բոլորս գիտենք, թե ինչպիսի վերաբերմունք կա այս իշխանությունների նկատմամբ ժողովրդի մոտ: Մի գործոն էլ կա, որը շատ լուրջ ազդեցություն է ունենում ժողովրդի տրամադրության վրա, այն մարդկանց վրա, որոնք որոշում են կայացնում քվեարկել ոտքերով, այսինքն՝ հեռանալ երկրից»,- այսօր կոնգրեսականներին ասաց ՀԱԿ կուսակցության անդամ Վլադիմիր Կարապետյանը՝ դատախազության առջեւ  բողոքի ակցիային:

Նա նշեց Վրաստանի երեկվա իրադարձությունների օրինակը. «Նոր իշխանությունները, գալով իշխանության, սկսեցին հայտարարել, որ նախկինները բազմաթիվ հանցագործություններ են արել եւ մի քանի հոգու ձերբակալեցին: Մի քանի հոգի հիմա անազատության մեջ է՝ տարբեր, շատ կոշտ մեղադրանքներով: Երեկ դատարանը վճիռ կայացրեց ազատ արձակելու 4 հոգու: Նրանց մեջ էին նախկին ՆԳ նախարարը, գլխավոր շտաբի պետը, այլ բարձրաստիճան անձինք, որոնք մեղադրվում էին շատ ծանր հանցագործությունների մեջ: Դատարանը, ի հեճուկս իշխանությունների ճնշման, իսկ ակնհայտ է, որ իշխանություններն  ամեն բան ուզում էին անել, որ այդ մարդիկ մնային անազատության մեջ, որոշում կայացրեց , որ որեւէ հանցագործություն այդ անձինք չեն կատարել: Դա ցույց է տալիս, որ իսկապես դատարանը Վրաստանում անկախ է, կարող է որոշում կայացնել իր խղճով, օրենքների հիման վրա, ոչ թե այս կամ այն քաղաքական գործչի հրահանգով: Բոլորդ այստեղ կանգնած շատ լավ գիտեք ինչքան մեծ է անջրպետը Հայաստանի եւ Վրաստանի՝ նաեւ այդ հարցում: Դատական իշխանության խնդրում էլ մենք մի քանի տարի հետ ենք»:

Վլադիմիր Կարապետյանը մեղադրեց նաեւ ՀՀԿ պատգամավոր Դավիթ Հարությունյանին՝ ասելով. «Ոչ մեկը չի մոռացել, թե ով է  իրականացրել դատական բարեփոխումները Հայաստանում 10 տարի շարունակ: Դա Դավիթ Հարությունյանն է, որն օգտագործել է տասնյակ միլիոններ, որ միջազգային կազմակերպությունները ուղղում էին Հայաստանին՝ դատական բարեփոխումների համար: Եվ մենք ունենք այն դատարանը, որը հարյուրավոր քաղբանտարկյալ տվեց: Դրան հաջորդել են այլ՝ ավելի անհաջող արդարադատության նախարարներ, որից մեկն էլ հիմա նույնպես մատը մատին չի խփում, որպեսզի հասնենք այն բանի, որ դատական իշխանությունն իսկապես անկախ լինի»:

Ըստ Վլադիմիր Կարապետյանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռներ է կայացնելու քաղբանտարկյալների գործերով. «Միակ լուծումն այն է, որ Հայաստանի այն դատավորները, որոնք տարիներով ազատազրկել են քաղաքական  գործիչներին, ՀԱԿ համախոհներին, պետք է պատիժ կրեն եւ իրենց գրպանից պետք է հատուցեն: Այսօր մեր դատարանը դատախազության նման հիմնարկ է: Ինչպես դատախազությունն է ստանում հրահանգ եւ չունի անկախություն, որպեսզի տարանջատի իրեն եւ անկախ իրականացնի իր գործունեությունը, ոնց որ նախատեսված է Սահմանադրությամբ, նույն ձեւ դատարաններն են վարվում: Նույն նախագահականի բաժինները, կարծես, լինեն»:

Նա համաձայնեց Արամ Մանուկյանի հետ, որ այս իշխանությունների վրա բացի ճնշման մեթոդներից, ոչինչ չի ազդում:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031