Քաղաքապետ Տարոն Մարգարյանից պահանջում ենք պատասխանատվության ենթարկել Հենրիկ Նավասարդյանին պաշտոնանկ անելու միջոցով:
Հիմնավորումները՝ ստորեւ.
Զբաղեցնելով Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտային վարչության պետի պաշտոնը և այդպիսով հանդիսանալով համայնքային ծառայող, Հենրիկ Նավասարդյանը թույլ է տվել Համայնքային ծառայողին ոչ վայել գործելակերպ` խախտելով «Համայնքային ծառայության մասին» եւ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքների մի շարք դրույթներ, որոնք իրավական հիմք են հանդիսանում Հենրիկ Նավասարդյանին պաշտոնանկ անելու համար:
«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի համաձայն, համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնող անձը հանդիսավոր երդվում է «անշեղորեն պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, արժանապատվորեն կրել համայնքային ծառայողի բարձր կոչումը, անվերապահորեն կատարել ծառայողական պարտականությունները»: «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով սահմանվում են նաեւ հանրային ծառայության հիմնական սկզբունքները`
1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների գերակայությունը.
2) մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների առաջնահերթությունը.
3) հանրային ծառայության կայունությունը.
4) օրենքի առջեւ հանրային ծառայողների իրավահավասարությունը.
5) հանրային ծառայության հրապարակայնությունը.
6) հանրային ծառայողների քաղաքական զսպվածությունը.
7) քաղաքացիների համար հանրային ծառայության հավասար մատչելիությունը՝ իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան.
8) հանրային ծառայողների արհեստավարժությունը.
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածը հանրային ծառայողի հիմնական պարտավորությունները թվարկելիս՝ նշում է նաեւ օրենսդրությամբ սահմանված աշխատանքային կարգապահական ներքին կանոնները եւ հանրային ծառայողի էթիկայի կանոնները պահպանելը: Նույն օրենքի 28-րդ հոդվածի առաջին մասը սահմանում է, որ «Հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի էթիկայի կանոնները նորմերի համակարգ է, որոնք միտված են ապահովելու հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի պատշաճ վարքագիծը, բացառելու հանրային և մասնավոր շահերի բախումը, ամրապնդելու հասարակության վստահությունը հանրային ինստիտուտների նկատմամբ»։
Տրանսպորտի գնի թանկացման շրջանակներում իրականացվող ակցիաների շրջանակներում Հենրիկ Նավասարդյանը վիրավորել է լրագրողին: Բացի այդ՝ իր որդիների եւ նրանց ընկերների միջոցով Հենրիկ Նավասարդյանը փորձել է ահաբեկել տրանսպորտի գնի թանկացման դեմ ակցիայի մասնակիցներին, ինչը հանդիսանում է հանրային ծառայողի էթիկայի կանոնների կոպիտ խախտում: Ավելին` վերոնշյալ հոդվածի պահանջները վերաբերում են հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի ինչպես լիազորությունների իրականացմանը, այնպես էլ նրա ամենօրյա վարքագծին»։[1] Նույն հոդվածի երրորդ մասը սահմանում է հանրային ծառայողի հետեւյալ էթիկայի կանոնները`
1) հարգել օրենքը և ենթարկվել օրենքին.
2) հարգել հանրության բարոյական նորմերը.
3) իր գործունեությամբ նպաստել իր զբաղեցրած պաշտոնի եւ իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձևավորմանը.
4) ամենուր եւ ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսևորել իր պաշտոնին վայել վարքագիծ.
5) հարգալից վերաբերմունք ցուցաբերել բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ շփվում է իր լիազորություններն իրականացնելիս.
Վերոհիշյալ նորմերի և փաստերի համադրությունը վկայում է, որ Հենրիկ Նավասարդյանը հիմնովին շեղվել է հանրային ծառայողին բնորոշ վարքագծի կանոններից:
Հենրիկ Նավասարդյանին պաշտոնանկ անելու հիմնավոր պատճառներից է նաեւ իր զբաղեցրած պաշտոնի համար օրենքով նախատեսված սահմանափակումները շրջանցելը: Մասնավորապես, «Համայնքային ծառայության մասին» օրենքի 24-րդ հոդվածի առաջին մասի է) և ը) կետերը սահմանում են , որ Համայնքային ծառայողն իրավունք չունի՝
է) որպես տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչ՝ գույքային գործարքներ կնքելու սույն հոդվածի 3-րդ մասում նշված անձանց հետ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.
ը) անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:
Նույն հոդվածի երրորդ մասը իմպերատիվ կերպով համայնքային ծառայողին արգելում է «համատեղ աշխատել մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ»: Այս դրույթով ամրագրված սահմանափակումները չպահպանելը «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի առաջին մասի Ժ) կետով հիմք են հանդիսանում Համայնքային ծառայողին պաշտոնից ազատելու համար: Այս սահմանափակումը ամրագրված է նաեւ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի ուժով՝ հանրային ծառայողին արգելելով համատեղ աշխատել իր հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ:
Մինչդեռ, Երեւանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի որդիներին են պատկանում «ԴՅԱԿՈ-ԱՐԹ» ՍՊԸ-ն, որը սպասարկում է թիվ 18 ավտոբուսային երթուղին: ՍՊԸ-ն գրանցված է իր որդիների` Անդրանիկ Նավասարդյանի եւ Էդգար Նավասարդյանի անունով: Ելնելով այն հանգամանքից, որ Հենրիկ Նավասարդյանը ի պաշտոնե պարտավոր է վերահսկողական գործառույթ իրականացնել տվյալ դեպքում երթուղիները սպասարկող իր որդիների նկատմամբ` ակնհայտ է, որ խախտվել է հանրային և մասնավոր շահերի բախման արգելքի վերաբերյալ դրույթը: Ավելին` վերոհիշյալ պաշտոնի նկատմամբ կիրառվող սահմանափակումների արգելքը չպահպանելը հիմք է հանդիսանում տվյալ պաշտոնյային պաշտոնից ազատելու համար:
Վճարում ենք 100 դրամ, պաշտոնանկության պահանջին միացած անդամներ
[1] Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի երկրորդ մասը


















































