Այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էր կազմակերպվել՝ ուսման վարձավճարների թանկացման դեմ:
Կազմակերպիչներից մեկի՝ Ներազգային ազատագրական շարժման ակտիվիստ Վահան Մարտիրոսյանի խոսքերով՝ վարձավճարների թանկացումը ազգի դեգրադացման նպատակ է հետապնդում. «Շատ մարդիկ, շատ երիտասարդներ, որոնք շնորհալի են, կհրաժարվեն սովորել»:
Այն խոստումները, որ կրթության որակը վարձավճարների բարձրացման արդյունքում նույնպես կբարձրանա, արտերկրից դասախոսներ կհրավիրեն՝ ցուցարարների համար անհիմն են. «Դժվար իրենք այնքան կարողանան բարձրացնել աշխատավարձը, որ դրսից 3500 եվրո ստացող դասախոսը գա այստեղ: Եվ հետո վերազինումն էլ թող չանեն ուսանողի հաշվին: Դա կարող են անել ուրիշ տարբերակներով, լրիվ ուրիշ ծրագրերով: Տարբերակներ կան: Թող խորհրդարանն ընդունի որոշում՝ բուհերը դարձնի ոչ խոշոր հարկատու, ինչ-որ զիջումներ անի: Չեմ ասում լրիվ զրկի, բայց այսպես էլ չի կարելի»:
Ուսման վարձերի բարձրացումն իշխանությունները պատճառաբանում են նաեւ կոռուպցիոն ռիսկերի կրճատմամբ՝ ասելով, որ եթե դասախոսի աշխատավարձը բարձրանա, նրանք այլեւս ուսանողներից կաշառք չեն վերցնի: Սա ցուցարարների համար նույնպես հիմնավոր պատճառ չէ՝ նման թանկացումների համար. «Արդարադատության համակարգում նույն բարեփոխումները եղան եւ ինչպես գիտենք, կոռուպցիոն ռիսկերի ոչ մի բարելավում չեղավ»:
Կարդացեք նաև
Ըստ Վահան Մարտիրոսյանի, կրթության ոլորտի պատասխանատուները շատ ցինիկ են իրենց պահում:
ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը երեկ լրագրողների հետ զրույցում ասել է, որ իրենք բողոքողների շարքերում չեն տեսնում ուսանողների: Եվ իսկապես, այսօրվա ցույցին էլ մասնակցում էին կամ ուսանողների հարազատները՝ տատիկները, կա՛մ հ/կ-ների ներկայացուցիչներ, կամ արդեն ավարտած ուսանողներ:
Վահան Մարտիրոսյանը վստահեցրեց, որ այս շարժումն ինքնաբուխ է. «Գիտեք, հիմա օգոստոս է, ժամանակաշրջանն այնպիսին է, որ արձակուրդ է, ուսանողների մեծ մասը քաղաքում չի: Օգոստոսին մենք մի հատ էլ լայնածավալ կկազմակերպենք բողոքի ակցիա: Սեպտեմբերից անպայման կտեսնեն ցույցի մեջ ուսանողների: Կտեսնեն, որ նրանք ուղղակի չեն գնա դասի: Կլինեն ինչ-որ ճնշումներ, բայց եթե ինչ-որ ճնշում լինի ուսանողի կամքի դեմ, մենք կարող ենք այդ ամեն ինչը հրապարակել, եւ այդ ուսխորհրդի նախագահը ՀՀԿ-ից լինի, Ալ-Քաիդայից լինի, թե որտեղից լինի՝ դուրս կգա»:
Ցուցարարներն ասում էին, որ ուսման վարձերի վճարման համար ուսանողներին ժամանակ են տալիս մինչեւ ամսի 6-ը: Իրենք հորդորելու են ողջ ուսանողությանը, որ հանկարծ չվճարեն եւ ուղղակի չգնան դասի, մինչեւ այդ որոշումը չկասեցնեն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































