Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ փոխնախարարը խորհուրդ է տալիս դիմել «Փարոս» համակարգին, կամ էլ` վարկ վերցնել (Տեսանյութ)

Օգոստոս 08,2013 15:56 Share

Մի քանի ԲՈՒՀ-երի վարձավճարների բարձրացման մասին այսօր կառավարության նիստից հետո կրթության եւ գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը լրագրողների հարցերին պատասխանելով, կրկնեց այն նույն պատճառաբանությունները, ինչը որ ԲՈՒՀ-երի ռեկտորներն էին պնդում:

Փոխնախարարի ներկայացմամբ՝ վարձավճարների բարձրացումը կապված է նաեւ վերջին շրջանի թանկացումների հետ. «Ամեն ինչ թանկացել է, վարձերը չթանկանա՞ն»: Այսինքն, ուզում եք ասել՝ ամեն ինչ թանկացել է, դա էլ պետք է թանկանա, ճշտող հարցին, տիկին Հարությունյանն ասաց.«Բառացի չեմ ուզում ասել, ամեն ինչ թանկանում է, դա էլ պետք է թանկանա, բայց էսօր մեր դասախոսական կազմը ստանում է ցածր աշխատավարձեր, ԲՈՒՀ-երը հնարավորություն չունեն լուրջ գույքային ներդրումներ անելու, վերազինվելու, տեխնոլոգիական բազան վերականգնելու, դա բերում է բնականորեն կրթության արդիականության խնդրին»:

Ի դեպ, կրթության ոլորտի պատասխանատու այս փոխնախարարը լրագրողների հետ զրույցում այնքան էլ սահուն ու ճիշտ չէր ձեւակերպում իր մտքերն ու բառերը:

Հարցին, թե սոցիալապես անապահով խավին որեւէ աջակցություն կլինի՞, փոխնախարարն ասաց. «Սոցիալապես անապահով խավի համար սոցիալական ապահովության քաղաքականություն է էսօր  տարվում, եւ կարծում եմ սա չի հարվածի  սոցիալապես անապահով խավին, որովհետեւ մի շարք լուրջ նախաձեռնություններ կան: Այս տարվանից գործելու է հատուկ սոցիալական ծրագիր: Փարոս ընտանեկան նպաստների Փարոս համակարգում ներգրավված ընտանիքների երեխաներին հասնելու է 50-100 % զեղչեր` կախված որքան միավոր է ստանում այդ ընտանիքը: Մենք ունենք սոցիալական խոցելի խմբեր, որոնք ընդհանրապես ազատված են ուսման վարձերից, ծնողազուրկ եւ զինծառայողների ընտանիքների երեխաները, հաշմանդամություն ունեցող եւ այլ կատեգորիաների: Ինչպես նաեւ ԲՈՒՀ-երը հնարավորություն ունեն իրենց միջոցներից զեղչեր կատարել ու ուսանողներին կառավարության հաստատված կարգով մի շարք սոցիալական կատեգորիաներ կան, որոնց համար զեղչերը հասնում են»:

Հարցին էլ, երբ, ռեկտորները ուսման վարձերի բարձրացման առաջարկություն ներկայացրեցին, շահագրգիռ կողմերի հետ քննարկումներ եղե՞լ են, տիկին Հարությունյանն ասաց. «Բնականաբար եղել են՝ ԲՈՒՀ-երի ղեկավարների, ռեկտորների եւ նախարարության միջեւ»: Իսկ հանրային,ավելի լայն քննարկումներ եղե՞լ են, այս հարցին էլ փոխնախարարն ասաց. «Չեմ կարծում, որ ավելի լայն քննարկումներ եղել են»:

Լրագրողներից մեկի այն հարցին էլ, որ միջին աշխատավարձ ստացող ծնողը չի կարող 500 հազար դրամ ուսման վարձ վճարել, փոխնախարարն այս դեպքում ի՞նչ խորհուրդ կտա՞, գուցե գրանցվել Փարոս համակարգում, տիկին Հարությունյանն ասաց. «Կարող եք դիմել ընտանեկան նպաստի համակարգ, գնահատում արվի, դա ձեւերից մեկն է:  Իհարկե, տարբերակներ են քննարկվում այսօր ուսանողներին հնարավորություն տալու, ուսանողական աջակցման ձեւերը, նաեւ ուսանողական վարկերի համակարգ է այսօր գործում, որը հնարավորություն է տալիս ձեռք բերել գումար եւ այնուհետեւ աշխատանքի տեղավորման ընթացքում սկսել փակել:  Աշխատանքային նախարարությունը (նկատի ունի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը Ն.Բ) նաեւ հիմա բավականին լայնածավալ աշխատանք է անում գործատուների ոլորտի հետ, ձեռնարկությունների: Գրեթե բոլոր համալսարաններն այսօր կնքում են պայմանագրեր, որպեսզի ուսանողները հնարավորություն ունենան  որոշ չափով ուսման տարիներին աշխատանքային փորձ ձեռք բերել եւ հնարավորություն ունենան մասամբ փոխհատուցել իրենց ուսման վարձերը»:

 

Փոխնախարարի խոսքերով, 80-200 հազար դրամով բարձրացել են ուսման վարձերը, իսկ ուսանողների այն հայտարարությունները, որ համատարած դասադուլ կանեն, եթե իրենց պահանջը չկատարվի, տիկին Հարությունյանի ներկայացմամբ` անհանգստացնում է նախարարությանը. «Անպայման պետք է ուսանողների հետ աշխատենք եւ հասկանանք` այն ուսանողները, որոնք ունեն դժվարություններ ուսման վարձը մուծելու, ինչպես կարող ենք մենք որպես նախարարություն աջակցել ուսանողներին»:

Փոխնախարարի տեղեկացմամբ` ուսման վճարների չափը  ԲՈՒՀ-երն են սահմանում, իսկ նախարարությունը արդեն պետք է վարձավճարի վերին շեմ սահմանի, թե որն է վերին շեմը, տիկին Հարությունյանը չասաց, վստահեցնելով, որ առայժմ պարզ չէ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031