Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարիբին ԱԱԾ-ի կողմից հուսալի չի համարվել

Օգոստոս 08,2013 16:26 Share

Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Էնսիեհ Ղարիբին դատի է տվել ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությանը, որն իր 20.07.2012թ. որոշմամբ մերժել է նրան Հայաստանում ժամանակավոր կացության կարգավիճակ տալ:
Ոստիկանության վերոհիշյալ վարչությունը ստանալով իրանցու դիմումը, գործի նյութերը ուղարկել էր ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն համաձայնեցման։

ԱԱԾ- ից ստացվել էր տեղեկատվություն, համաձայն որի Է.Ղարիբիի ՀՀ ժամանակավոր կացության կարգավիճակի տրամադրումը նպատակահարմար է մերժել: ԱԱԾ-ն հղում էր արել «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի «Ե» կետին : Ըստ նշյալ հոդված 19-ի Ե կետի, օտարերկրացուն կացության կարգավիճակ տալը կարող Է մերժվել, եթե գոյություն ունեն նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին ուղղված լուրջ և հիմնավորված սպառնալիքներ:
Օտարերկրացին բավարարված չի եղել պատասխանով, գտել է, որ պատասխանող ոստիկանությունը բավարարվել Է միայն հղում կատարելով վերոնշյալ օրենքի հոդվածին, եւ որ օրենքի խախտմամբ ընդունված ակտով հայցվորի վրա ոչ իրավաչափորեն դրվել է օրենքից չբխող պարտականություն:
Ոստիկանությունը վարչական դատարանում հայտնել է, որ համաձայն ՀՀ կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի թիվ 134-Ն որոշմամբ հաստատված թիվ 2 հավելվածի 2-րդ կետի ` օտարերկրացուն Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ տալու հարցն անձնագրային և վիզաների վարչությունը համաձայնեցնում է ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության հետ։ Նույն հավելվածի 3-րդ կետի համաձայն էլ, ազգային անվտանգության ծառայությունն օտարերկրացուն կացության կարգավիճակ տալու կամ կացության կարգավիճակը երկարաձգելու հարցի վերաբերյալ անձնագրային և վիզաների վարչություն է ներկայացնում իր համաձայնության կամ առարկության վերաբերյալ տեղեկատվություն,այլ ոչ թե կացության կարգավիճակ տալու(երկարաձգելու) առարկության համար հիմք հանդիսացող փաստական տվյալները։

Ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական առարկությունների, որոնք առկա էին ՀՀ վարչական դատարանում, օտարերկրյա քաղաքացուն կացության կարգավիճակի տրամադրման հարցը լուծելիս իրենք իրավասու չեն կասկածի տակ դնելու ազգային անվտանգության ծառայության կողմից տրամադրված տեղեկատվությունը , անկախ դրա ծավալից և բովանդակությունից: Հետեւաբար, հայցվոր Է.Ղարիբիի Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կացության կարգավիճակի տրամադրման մերժումը իրենց կողմից եղել է իրավաչափ:

Վարչական դատարանը մերժել է Էնսիեհ Ղարիբիին: Դատարանն արձանագրել էր, որ մերժման հիմք է հանդիսացել «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի «ե» կետը:
«Նշված կետերից հետևում է, որ թեև օտարերկրացուն Հայաuտանի Հանրապետությունում ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ տալու հարցն անձնագրային եւ վիզաների վարչության լիազորության շրջանակներում է, սակայն, կացության կարգավիճակ տալու կամ չտալու հարցը վերջինս անպայմանորեն պետք է համաձայնեցնի Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության հետ: Կացության կարգավիճակը տալիս պետք է հաշվի առնվեն նաև ազգային անվտանգության ծառայության համաձայնությունը կամ առարկությունը»,-արձանագրել էր դատարանը:։
Ըստ դատարանի իրավական դիրքորոշման, Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության առարկությունը հարցի վերաբերյալ հիմք է կացության կարգավիճակի տրամադրումը մերժելու համար։
Հետեւաբար, ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության որոշումն իրավաչափ է և այն անվավեր ճանաչելու հիմքեր չկան:

Մեր տեղեկություններով, իրանցին մտադիր է որոշումը բողոքարկել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031