Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրաչափերը պետք է վերատեղադրվեն փողոցում

Օգոստոս 09,2013 18:11

2000-ականների սկզբին Երևանում սկսվեց ջրաչափերի զանգվածային տեղադրման ու բնակիչների հետ ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների պայմանագրերի կնքման գործընթացը, որի շնորհիվ հնարավոր դարձավ կարճ ժամանակամիջոցում արմատապես շտկել իրավիճակը ջրամատակարարման ասպարեզում: Սակայն ժամանակի և ֆինանսական միջոցների սղության պատճառով մի շարք խնդիրների լուծումը թողնվեց ապագային, այդ թվում մատակարարվող և վաճառվող ջրի ծավալների հստակ հաշվառումը մասնավոր տնատիրություններում:

Բանն այն է, որ գործող օրենսդրությամբ, մասնավորապես ՀՀ կառավարության 2004թ. հունվարի 22-ի թիվ 130 Ն որոշմամբ, ջրաչափերը պետք է տեղադրված լինեն բաժանորդի տարածքից դուրս, վերջինիս անհատական ջրագծի վրա, ջրամատակարար կազմակերպության և բաժանորդի իրավասությունների սահմանազատման, այսինքն՝ ընկերությանը պատկանող փողոցի ջրագծի և բաժանորդի անհատական ջրագծի հատման կետին հնարավորինս մոտ վայրում: Մինչդեռ մեզանում ջրաչափերը որպես կանոն տեղադրվել են շինությունների ներսում:

Առաջին հերթին խոսքն այն սպառողների մասին է, ովքեր.

– նախկինում ունեցել են ապօրինի ջրագիծ, որը կառուցված է եղել առանց ջրամատակարար կազմակերպության կողմից տրված պարտադիր <Տեխնիկական պայմանի>: Նշված անձինք բաժանորդ են դարձել որպես փաստացի սպառող և տեղադրել են ջրաչափ՝ սպառածի դիմաց վճարելու պայմանով:

–    ունեցել են <Տեխնիկական պայման>, սակայն ջրաչափական սարքը տեղադրել են ոչ թե նրանում նշված վայրում, այլ կառույցի ներսում:

Դա հանգեցրել է նրան, որ, մասնավորապես.

–    ընկերությանը պատկանող փողոցի ջրագծից մինչև բաժանորդի ջրաչափ հատվածից իրականացվում են ապօրինի միացումներ, որով կատարված ջրի ծախսը չի հաշվառվում,

–    բաժանորդը չի շտապում վերանորոգել սեփական վթարված ջրագիծը, ինչը ջրի կորստի է բերում,

–    առկա է վտանգ, որ ջրամատակարարման ընդհատումների դեպքում վթարված խողովակներից կարող է ներթափանցել անձրևաջուր, գրունտային կամ կոյուղաջուր և վտանգել թաղամասի բնակիչների առողջությունը,

–    կամայականորեն, առանց տեխնիկական հիմնավորման կառուցված ջրագծերի պատճառով ընկերությունը հաճախ դժվարություններ է ունենում բաժանորդների ջրամատակարարման ապահովման գործում,

–    ընկերության մասնագետ-տեսուչները ստիպված են լինում ավելորդ անգամ անհանգստացնել բաժանորդներին՝ ջրաչափերի ցուցմունքները գրանցելու համար, ինչը խոչնդոտում է սպասարկման որակի բարձրացմանը:

Վերջին տարիներին Երևան Ջուր ընկերությունը, ջրամատակարարման հետագա կանոնավորման և ջրի վաճառքի հաշվարկի հստակեցման նպատակով  իրականացվող աշխատանքների շրջանակներում, ձեռնամուխ է եղել նշված խնդրի քայլ առ քայլ լուծմանը:

Առաջին հերթին անհատական ջրագծի և ջրաչափի հետ կապված խնդիրներ ունեցող՝ վերը նշված երկու խմբերի բաժանորդները, ինչպես նաև ընկերության նոր բաժանորդները պարտադիր կարգով ջրաչափերը պետք է վերատեղադրեն շինություններից դուրս գտնվող հորերում:

Հաջորդաբար, ջրաչափերը սեփական տարածքից դուրս գտնվող հորերում պետք է վերատեղադրեն մասնավոր տնատիրություններում բնակվող մյուս բաժանորդները: Իր հերթին, Երևան Ջուր ՓԲԸ, մասնավոր տնատիրություններով կառուցապատված փողոցներում փոխարինելով ջրագծերը, բաժանորդների ջրաչափերը վերատեղադրում է փողոցում:

Սա մի ծրագիր է, որը բխում է ողջ հանրության շահերից ու համապատասխանում գործող օրենսդրությանը, հետևաբար պարտադիր է բոլոր շահագրգիռ կողմերի համար, և որը Երևան Ջուր ՓԲԸ նախատեսում է ավարտել առաջիկա տարիներին:

 

Երևան Ջուր ՓԲԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031