Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ է ձեռնտու կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հ/կ-ներին սպառնալը (Տեսանյութ)

Սեպտեմբեր 03,2013 13:16

«Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները հաճախ իրենց աշխատանքով «լրացնում են կառավարության բացերը»,-«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ հայտարարեց «Հասարակություն առանց բռնության» հ/կ-ի ծրագրերի պատասխանատու Աննա Նիկողոսյանը: Այնուհետև հայտնեց,  որ 2012-ի ընթացքում իրենք «թեժ գծով» ստացել են 3200 ահազանգ ու հիշեցրեց. «Կանանց կազմակերպություններին մեղադրում են մանկապղծության մեջ, բայց դրանք էին, որ ոտքի ելան Նուբարաշենի հատուկ դպրոցի նախկին ուսուցիչ, մանկապիղծ Լևոն Ավագյանի դեմ»:

Կանանց ռեսուրսային կենտրոնը վերջին շրջանում սպառնալիքներ է ստանում` ուղղված իր գործունեությանը, ընդհուպ մինչև բնակելի շենքում տեղակայված կենտրոնը պայթեցնելու սպառնալիք: Կենտրոնի տնօրեն Լարա Ահարոնյանը նկատեց, որ այս փաստը կապված է Ասոցացման համաձայնագրի ստորագրման հարցի հետ. «Երբ մոտենում ենք ստորագրման ժամկետին, և թեժ քննարկումներ են սկսվել, այդ ամենն օգտագործվում է նաև ՀՀ-ին ճնշելու համար: Այդ խնդիրը ծագեց նաև, երբ ստեղծվեց Համահայկական ծնողական կոմիտեն, երբ սկսվեցին գենդերային  հարցերին վերաբերող օրենքի քննարկումները: Փաստարկումները հիմնականում բերվում էին ռուսական կայքերից, այս մթնոլորտում էլ հայտնվեցին անհատներ, որոնք սկսեցին սպառնալիքներ հնչեցնել»:

Անդրադառնալով կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների դեմ հնչեցվող «ատելության խոսքին»՝ կենտրոնի փաստաբան Նվարդ Փիլիպոսյանը մտահոգություն հայտնեց. «Ատելության խոսքը ՀՀ-ում չունի օրենսդրական սահմանում, ինչը կարելի է բաց համարել»:
Կանանց աջակցման կենտրոնի տնօրեն Մարո Մաթոսյանը սպառնալիքները միտումնավոր է համարում. «Դրանք անպատժելիության չպետք է մատնվեն: Պետությունն այստեղ մեծ պատասխանատվություն ունի: Դրսում իշխանությունները քարոզում են, թե ՀՀ-ն հանդուրժող երկիր է, բայց տեսնում ենք, որ ներսում այլ բան է կատարվում»:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, հիշեցնելով Գեորգի Վանյանի հասցեին հնչեցրած սպառնալիքները, թե նրան կվառեն և այլն, որի մասին հաղորդման վերաբերյալ ոստիկանությունը որոշեց, թե փաստեր չկան, որ սպառնալիք հնչեցնողին պատասխանատվության ենթարկեն, նշեց որոշ ռիսկեր. «Մեծ է ռիսկը, որ օրենսդրությունը և դրա բացերը կկիրառվեն ընտրովի՝ հաշվի առնելով այն փաստը, որ մենք ապրում ենք մի երկրում, որը մերձավտորիտար է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30