Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Խաչիկյանի տեղակալը պնդում էր, որ Աշոտի գումարը ինքն է տվել նրան

Սեպտեմբեր 05,2013 15:42

Xachikyan_D_0005 Xachikyan_D_0002 Xachikyan_D_0003 Xachikyan_D_0004Վազգեն Խաչիկյանի, աշխատանքի եւ սոցիալական ծառայության 12 աշխատակիցների գործով Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի արտագնա նիստին դատակոչված վկաներից այսօր ներկայացել էր 6 վկա:

Վկաներից՝ Աիդա Գեւորգյանը,Սառա Գրիգորյանը, որը չէր ուզում, որ իրեն նկարեն,Լուսինե Հասրաթյանը, Արսեն Արսենյանը, Հակոբ Չեպչյանը չէին ճանաչում ամբաստանյալներին, իսկ 6-րդ վկան՝ Արա Հարությունյանը, ճանաչում էր, եւ պարզվեց քիչ հետո, երբ նա ցուցմունք տվեց: Պարզվեց՝ նա Վազգեն Խաչիկյանի առաջին տեղակալն էր: Ի դեպ, պաշտպանական կողմը հարցեր տվեց միայն նրան:
Արա Հարությունյանն ասաց, որ 1999-2011թթ.աշխատել է սոցիալական ծառայության համակարգում: Նրա խնդիրն է եղել ծառայության պետի բանավոր հանձնարարությունները կատարելը:
Նա հայտնեց, որ իրեն կանչել են նախաքննության մարմին՝ կապված Գյումրու տարածքային բաժնում բացահայտված խախտումների հետ:
Նա հիշեց, որ դեռ 2010թ-ին Վազգեն Խաչիկյանն իրեն կանչել էր խորհրդակցության, արդեն սկսվել էր խորհրդակցությունը, երբ ինքը մտել էր ներս:
Խորհրդակցությունը նվիրված է եղել Գյումրու կենսաթոշակներին, կրկնակի վճարումներին: Ըստ վկայի, Վազգեն Խաչիկյանն այդ ժամանակ, երբ իմացավ գումարների մասին, հանձնարարեց, որպեսզի ճշտեն գումարի չափը: Ըստ այս վկայի, տեղում նախնական գումարի չափը որոշվում է «աչքաչափով», այն է՝ ամիսը մեկ միլիոն գումարը երկու տարվա վրա է «բաժանվում», խախտումների համար պարզվում է, որ 20-29 մլն. դրամի մասին է խոսքը:
Խորհրդակցությանը մասնակցել են Գյումրու սոցիալական ծառայության պետը՝ Էդուարդ Վարդապետյանը, վճարումների պատասխանատուն, Աշոտ Աբրահամյանը, Հովհաննես Գրիգորյանը, Վահագն Խաչատրյանը, վերլուծականի աշխատակիցները:
Պաշտպան Հովիկ Արսենյանի հարցին, թե ինչ կարգով պիտի վերականգվեին գումարները, վկան պատասխանեց. «Այդ ժամանակ մեթոդները չի քննարկվել»:
Վկան հիշեց մի դրվագ, կապված՝ ամբաստանյալ Աշոտ Աբրահամյանի կողմից իրեն գումար տալու եւ այն Վազգեն Խաչիկյանին տալու հետ:
«Ինձ մոտեցել է վարչության պետը՝ Աշոտ Աբրահամյանը: Ասաց, սպասում է Խաչիկյանին: Ես զանգեցի Խաչիկյանին, ասաց, մի ժամից կգա:Երբ եկավ, Աշոտի փաթեթը փոխանցեցի նրան»:
Աշոտն ասել էր, որ վերականգնված գումարն է, բայց թե որքան գումարի մասին էր խոսքը, վկան տեղյակ չէր:
Պաշտպան Հովիկ Արսենյանի հարցին, թե՝ «Ձեր պարտականությունների մեջ մտնո՞ւմ էր, որ դուք փաթեթ տայիք Խաչիկյանին, գրավոր հրաման կա՞ր, կանխիկ գումարը որպես ինչ էիք վերցնում», վկան ասաց.«Աշոտը երեւի վստահում էր: Դա եզակի էր»:
Հետեւեց Արսենյանի ռեպլիկը. «Յուրաքանչյուր գերատեսչությունում Ձեր նման բյուրեղյա մարդիկ որ լինեին, կվերանա՞ր կոռուպցիան»:
Վազգեն Խաչիկյանը, որը մեկ-երկու անգամ է հարց տվել դատարան ներկայացած վկային, փորձեց իմանալ, թե երբ է իր նախկին առաջին տեղակալը գումարը փոխանցել իրեն:
Վկան չկորցրեց իրեն, պատասխանեց. «Իմ դուռը բաց էի թողել, որ տեսնեի, երբ եք գալու:Երբ եկաք, բարեւեցիք, ընդունարանում , Ձեր դռան մոտ տվեցի»:
Հիմա էլ Վազգեն Խաչիկյանը զարմացավ. «Օրվա երկրորդ կեսին բարեւեցիք՞»: Վկան ասաց, որ այդ օրը առաջին անգամ է տեսել Խաչիկյանին:
Այս վկան մի տարօրինակ տեղեկատվություն էլ փոխանցեց. ասաց, որ վերահսկիչ պալատը դիտումներ է անցկացրել:
Փորձեցին ճշտել. դիտումնե՞ր, թե՞ ստուգումներ, պնդեց՝ դիտումներ, մինչ ստուգումներ անելը:
Այսօր դատարան ներկայացած վկաները հայտնեցին, որ իրենց արտերկիր մեկնած ծնողների փոխարեն գումարներ են դուրս գրվել, որոնցից նրանք տեղյակ չեն եղել:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 12-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30