Լրահոս
Օրվա լրահոսը

Անկախ հանձնաժողովը մանկապիղծին «ոչ» չի ասել, մերժել է գողություն կատարողին

Սեպտեմբեր 12,2013 13:53

Արդարադատության նախարարության «Սեւան» քրեակատարողական հիմնարկի 6 կալանավորներ՝ Ս. Օհանջանյանը, Ս. Աբրահամյանը, Ա.Հարությունյանը, Պ. Աղանիկյանը, Գ. Ավանեսյանն ու Դ. Կիրակոսյանը դիմել են «Առավոտին» եւ ՀՀ նախագահին:

Լրատվամիջոցին խնդրել են տպագրել իրենց «բաց նամակը»:

Նամակում, որն ուղարկել են ՀՀ նախագահին, կրկին բարձրացվել է դատապարտյալների վաղաժամկետ-պայմանական ազատելու հարցերով անկախ հանձնաժողովի գործունեության հարցը, որը, ըստ նրանց՝ «չգիտես ինչու, այնպիսի որոշումներ է կայացնում, որն ուղղակի զարմանալի է, եւ որից կոռուպցիայի հոտ է գալիս»:

Դատապարտյալների համար զարմանալի է, որ անկախ հանձնաժողովը մանկապիղծ դատապարտյալին ազատել է պատժի հետագա կրումից, իսկ գողություն կատարողին՝ «ոչ» է ասել: Խոսքը գողություն կատարած այն դատապարտյալի մասին է, որն աշխատում է «Սեւան» քրեակատարողական հիմնարկի տնտեսական մասում, ունի վարչակազմից խրախուսանք: Հանձնաժողովը խրախուսվողին մերժել է չորս անգամ, հարկ չհամարելով տեղեկացնել, թե ինչի համար:

«Հանձնաժողովը որեւէ դատապարտյալի չի պատասխանում, թե ինչո՞ւ է մերժում առաջին անգամ, երկրորդ կամ թե չորրորդ անգամ, որն է պատճառը, որը միայն իրեն է հայտնի»,- գրում են դատապարտյալները:

«Մենք չենք ասում, թե սուրբ ենք, թե մեզ պետք է շուտափույթ ազատում, բայց եթե դատում են օրենքի ուժով, պետք է ազատեն օրենքի սահմաններում, ինչը որ հասնում է տվյալ դատապարտյալին, քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից ներկայացված բնութագրի հիման վրա: Քրեակատարողական հիմնարկի վարչակազմից բացի, որեւէ մեկը այնքան լավ չգիտի դատապարտյալին»,- գրում են դատապարտյալները:

Ի դեպ, արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչակազմի աշխատակիցների հետ որեւէ մեկը հարկ չի համարել խոսել այն ժամանակ, երբ նրանց կողմից տրված բնութագրերը մի կողմ է շպրտել անկախ հանձնաժողովը: Դատապարտյալ-վարչակազմ սրված հարաբերությունների մասին որեւէ մեկը չի բարձրաձայնում, մինչդեռ մեզ հետ զրույցի ժամանակ քրեակատարողական ծառայողներն ասում էին, որ հանձնաժողովի՝ ՔԿՀ մտնելուց հետո վտանգավոր հոգեբանական վիճակում են հայտնվում իրենք, դատապարտյալները տեսնում են, որ իրենց բնութագրին չի վստահում հանձնաժողովը, որ իրենց բանի տեղ դնող չկա, չեն ենթարկվում նրանց: Հանձնաժողովը թքած ունի անգամ խրախուսանքների վրա: Հանձնաժողովի ազատազրկման վայրեր մտնելուց հետո բավականին աճում են դատապարտյալների ինքնավնասման դեպքերը, որի մասին համառորեն լռում են իրավասու անձինք: Էլ չենք խոսում այն մասին, որ դատապարտյալները հանձնաժողովի դեմ այլեւս անիմաստ են համարում դատարաններ դիմելու:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30