Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ ուզում ասել, որ եթե «Ցոլքեր»-ը չլիներ, ես չէի գրի». Ռուզաննա Ոսկանյան

Սեպտեմբեր 19,2013 18:02

Երբ անձրևը դադարի, և բոլորը սկսեն ժպտալ,
չկարծես, թե ես տխուր եմ…
Երբ անձրևը դադարի, ու տասնութամյա պատանին
իր հարսնացուին գրկած վազի փողոցով,
երբ ուրախությունից շփոթված մի կին
հանկարծ համբուրի անձրևից թրջված ձեռքն անծանոթի,
երբ լքված մի ստվեր գլխիկոր պատմի
արևե անձրևների մասին,
չկարծես, թե ես տխուր եմ . . . Ռուզաննա Ոսկանյան

24-ամյա Ռուզաննա Ոսկանյանին  արդեն ներկայացրել ենք «Առավոտ երիտասարդականում»: Ռուզաննան «Ցոլքեր» գրական-երիտասարդական խմբակի անդամներից է եղել: 2007թ. լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Թափանցիկ անձրևներ» խորագրով: Գրական երեկոներից մեկի ժամանակ,  մեզ հետ զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ երիտասարդ գրողը առաջիկայում հերթական անակնկալն է պատրաստել իր ընթերցողի համար:

Մ
ինչև «Ցոլքեր»-ին անցնելը կխնդրեի պատմեիք՝ ինչպե՞ս բացահայտեցիք ձեր մեջ գրելու անհագ ցանկությունը: Հիշում ե՞ք ձեր առաջին ստեղծագործությունը:
Գրելու հանդեպ հակումը հայոց լեզվի և գրականության ուսուցչուհիներս են բացահայտել և հետևողականորեն քաջալերել այն: Առաջին բանաստեղծությունը չեմ հիշում: Հայրենիքի, մոր, դասընկերների մասին էի գրում: Փոքր հասակում մայրս հավաքում էր դրանք մի տետրում :Եթե ուզենամ, կգտնեմ, բայց երևի անծանոթ, բայց և հարազատ մեկին հայտնաբերեմ:
Հետաքրքիր է՝ ինչու՞ է գրողը իր ստեղծագործությունը ավարտելուն պես հեռվանում իր սեփական ստեղծածից: Ինչպե՞ս կբացատրեք սա:
Ինչո՞ւ ամեն անգամ մարդը նույնությամբ չի ժպտում կամ արտասվում: Արտաքնապես ոչինչ չի փոխվում, բայց ներքուստ ժպիտի, արցունքի մեջ նախկինների փորձառությունն է դրվում, ու ստեղծված նորը տարբերվում է «հներից»: Նույնն էլ գրելիս է: Փորձ է, որ հաղթահարում ես, նոր ծնունդ է, որ նախորդին նման չպետք է լինի: Մի նոր աստիճան է, որին հասել ես ինքնահաղթահարմամբ, ինքնաօտարմամբ: Ստեղծագործության ու գրողի միջև ձևավորվող պայմանական «հեռավորությունը» ինքն իրեն կողքից տեսնելու ցանկություն է: Իրականում հեղինակն ու իր ստեղծածը երբեք չեն օտարանում, ուղղակի, երբ երկար ժամանակ չեն հանդիպում, առաջին պահին զարմանում են, չեն ճանաչում իրար, բայց հարազատության զգացումը վերջիվերջո իրենն անում է:
Իսկ հասցնու՞մ եք կարոտել Ձեր և Ձեր ստեղծագործությունների միջև եղած հեռավորությունը, փորձու՞մ եք ժամանակ առ ժամանակ կարդալ ու նորից վարակվել իրենցով:
Չեմ մտածում կարոտելու մասին, մինչև պատահաբար ձեռքս չեն ընկնում մոռացված գործեր: Այդ պահերին հասկանում եմ, որ կարոտել էի:
Հանդիպում-քննարկման ժամանակ, երբ կարդում էիք ձեր գործերը հետաքրքիր մի բան նկատեցի, դրանցից համարյա ոչ մեկը վերնագրված չէին: Ինչի՞ հետ է դա պայմանավորված, գուցե այդ կերպ ուզում եք ընթերցողին անակնկալ մատուցել:
Ընթերցողին նոր Ռուզաննայով զարմացնելու ցանկությունը ենթագիտակցականում միշտ էլ կա, բայց ոչ գրելու ընթացքում, այլ հետո` տպագրվելիս: Ցանկացած ստեղծագործության վերնագիր կաղապարում է, ընթերցողին, դիտողին ստիպում կոնկրետ ինչ-որ ձև մտածել: Ինչո՞ւ ոչ, օգնում է նաև: Եթե արձակի դեպքում վերնագրի բացակայությունը կարող է իրեն չարդարացնել, ապա պոեզիայի դեպքում չվերնագրելը արդարացված է, իմ կարծիքով: Բանաստեղծությունը մի կամ մի քանի իրար միահյուսված ապրումների արտացոլումն է՝ պահի խտացված պատկերում, ու կարելի է ընթերցողին տալ ազատություն անձամբ այդ պահն ու անունը անվանակոչելու, իսկ գրողին էլ ներել անունը բաց թողնելու համար:

Իսկ ինչպիսի՞ ընտանիք է եղել «Ցոլքեր»-ը ձեզ համար: Մու՞տքն էր հեշտ, թե՞՝ ելքը, որովհետև հանդիպման ժամանակ էլ նշեցիք, որ արդեն երկար ժամանակ է, ինչ հեռացել եք «Ցոլքեր»-ից:

Չեմ հեռացել: Ու սիրով առաջիկա հանդիպումներին գնալու եմ: Երբ գալիս է մի տարիք, երբ հասարակությանն ապացուցելու համար, որ մեծացել ես, սկսում ես աշխատել, օրվա մի զգալի հատված էլ անձամբ չես տնօրինում: Չեմ ուզում ասել, որ եթե «Ցոլքեր»-ը չլիներ, ես չէի գրի: Ոչ: «Ցոլքեր»-ը չլիներ` կլիներ x-ը կամ y-ը, ասելիքը գրվելու եղանակ կգտներ: Ուղղակի եթե «Ցոլքեր»-ը, Հովհաննես Գրիգորյանը, Հռիփսիմեն չլինեին, ես ուրիշ կլինեի, ինչպես նաև շատ-շատերը:
Իսկ ինչպիսի՞ «ուրիշության»  մասին է խոսքը:

Ես դեռ «Ցոլքեր» չգնացած Ռուզաննային չեմ հանդիպել, չգիտեմ 🙂 :

Ընդհանրապես  խենթություն է գրողին հարցնել, թե նա ինչի մասին է գրում ընդհանրապես: Համարենք՝ ես խենթ եմ և հանդգնում եմ նման հարց ձեզ ուղղել, հետաքրքիր է՝ ինչպե՞ս կպատասխանեիք:
Միշտ խուսափել եմ այս հարցից :): Գրում եմ ամեն ինչի մասին, ինչ պատահում է ինձ հետ, ինչ տեսնում եմ հեռուստացույցով, ու ազդում է ինձ վրա, գրում եմ մեջս հորինվածի մասին, որ հետո ավելի իրական է դառնում, քան գրելու պահին էր:
Օրհան Փամուկը այսպիսի մի բան է ասում.  «Գրում եմ, որովհետև ուզում եմ այնպիսի գրքեր կարդալ, ինչպիսին որ ես եմ գրում». Գուցե ձեզ մո՞տ էլ  նման ցանկություն կա:
Օրհան Փամուկի ինքնավստահությունը կիսելու ժամանակ, հուսով եմ, դեռ կունենամ, ու ինչքան ուշ, այնքան լավ, որովհետև երբ այլևս թերություն չտեսնեմ իմ գրածում, չեմ էլ գրի:

Գիտեմ, որ առաջին ժողովածուն արդեն հասցրել եք տպագրել՝
«Թափանցիկ անձրևներ» խորագրով, իսկ նոր ժողովածուի մասին չե՞ք մտածել:

Այո, ճիշտ եք, բանաստեղծություններիս առաջին ժողովածուն` «Թափանցիկ անձրևներ»  խորագրով, լույս է տեսել 2007թ, Իսկ առաջիկա ամսում լույս կտեսնի երկրորդը` «Հետո և ավելի հետո»-ն:

Իսկ նոր ժողովածուն, նոր Ռուզաննա Ոսկանյան կբացահայտի՞ իր ընթերոցողի համար:

Հուսամ` այո 🙂

Օվսաննա Սիմոնյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30