Լրահոս
Օրվա լրահոսը

Էրեբունի-Երեւանին զարդարելու համար քաղաքապետարանը կծախսի 10 միլիոն դրամ (Տեսանյութ)

Հոկտեմբեր 07,2013 15:43

Էրեբունի-Երեւանի տոնակատարությունների առիթով մայրաքաղաքի ձեւավորման  համար Երեւանի քաղաքապետարանը կծախսի 10 միլիոն դրամ: Այսօր Երեւանի քաղաքապետարանում ասաց Երեւանի քաղաքապետարանի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը:

Նա տնտեսվարողներին կոչ արեց սեփական ուժերով էլ մասնակցել մայրաքաղաքի ձեւավորմանը, մասնավորապես` ձեւավորել օբյեկտների ֆասադն ու հարակից տարածքը. «Քաղաքի արտաքին ձեւավորումը ամբողջական չի կարող լինել, եթե տնտեսվարողները չզգան, որ սա միայն Երեւանի քաղաքապետարանի տոնը չէ, եւ որ իրենց հարակից հատվածները ձեւավորելու եւ տոնական տեսք տալու համար քաղաքի նկատմամբ սոցիալական պատասխանատվություն իրենք էլ պետք է ունենան»:

Պարոն Բաղդասարյանի խոսքերով, այլ երկրներում այսպիսի տոնակատարությունների ժամանակ քաղաքացիները նույնպես ակտիվորեն մասնակցում են քաղաքի ձեւավորմանը եւ իրենց պատշգամբներից, պատուհաններից դրոշներ, փուչիկներ են կախում:

Հոկտեմբերի 11-12-ը Երեւանը կտոնի իր  2795-ամյակը: Նախատոնական այս օրերին քաղաքապետարանը, Արազ Բաղդասարյանի տվյալներով, մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների կենտրոնական փողոցներում կտեղադրի 3 հազարից ավելի դրոշներ, հատկապես` Էրեբունի փողոցը կզարդարվի գիշերային տոնական լույսերով:

Տոնի առիթով Մաշտոցի պողոտայում վեց նոր կանգառներ են տեղադրվելու, որոնց վրա նույնպես տոնակատարությունների մեկնարկն ազդարարող սոցիալական գովազդներ կլինեն: Կարապի լճի հարեւանությամբ` Տերյան 42 շենքի պատին էլ երեք «Դ» ձեւաչափով ֆիլմ կցուցադրվի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031