Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած սպանության աղմկոտ գործն ըստ էության՝ կարելի է փակված համարել։
Լիսկայի որդին եւ թիկնապահը, ովքեր կալանավորվել էին հայտնի դեպքերից հետո, ինչպես հայտնի է, սեպտեմբերի 7-ին ազատ արձակվեցին, իսկ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց, նրանց գործողությունները որակվեցին որպես անհրաժեշտ ինքնապաշտպանություն։
Այս պահին աղմկոտ քրեական գործը քննվում է միայն ԼՂՀ N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդադյանի մասով։ Նրան, հիշեցնենք, մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի աոաջին մասով՝ սպանության, առողջությանը ծանր վնաս հասցնելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը։
Արդեն գրվել է, որ հայտարարված համաներումը տարածվում է նաեւ Արտակ Բուդաղյանի վրա, սակայն նրա շահերի պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարել է, որ Արտակ Բուդաղյանը հրաժարվում է համաներումից։ Պատճառը հետեւյալն է՝ եթե Բուդաղյանի նկատմամբ էլ քրեական հետապնդումը դադարեցվի, ապա սկանդալային այս գործը դատարան չի մտնի եւ հանրությունը երբեք չի իմանա, թե ինչ է իրականում տեղի ունեցել այս տարվա հունիսի 1-ին՝ Լիսկայի առանձնատան մոտ։
Կարդացեք նաև
Բացի այս, ինչպես մեզ հայտնեց Հայկ Ալումյանը, Արտակ Բուդաղյանն իրեն մեղավոր չի ճանաչում եւ ցանկանում է արդարացված լինել դատարանով, այլ ոչ թե համաներման կիրառմամբ իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջոցով։ Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ այս օրերին տարբեր իրավասու անձանց կողմից հայտարարվում է, որ համաներումը նորմատիվ իրավական ակտ է եւ անկախ համաներվող անձի ցանկությունից, դրա կիրառումը պարտադիր է։
Այդուամենայնիվ, մեզ հետ զրույցում Հայկ Ալումյանը շարունակում էր պնդել, որ գործի վարույթի կարճում եւ քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե մեղադրյալը դրա դեմ առարկում է։ «Մենք պահանջում ենք, որպեսզի գործը գնա դատարան։ Նաեւ Ավետիք Բուդաղյանի մասով ենք պահանջում, որպեսզի գործը գնա դատարան՝ նկատի ունենալով, որ եթե Արտակի նկատմամբ քրգործով վարույթը կարճվել է, ապա նրա իրավահաջորդի պահանջով պիտի չկարճվի, եթե նրա իրավահաջորդները պահանջում են, որ դա անհրաժեշտ է նրա իրավունքները վերականգնելու համար։ Իսկ ինչ վերաբերում է Սուրիկ Խաչատրյանի թիկնապահին եւ որդուն, արդեն շատ ենք ասել, որ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը չպիտի դադարեցվեր, մենք բողոքարկել ենք այդ որոշումը։ Մենք շատ հետետղական ենք, նրանք իրենց արարքի համար պատասխան են տալու»,- ասաց Բուդադյանի պաշտպանը:
Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում


















































