Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացավ Արթուր Շահնազարյանի «Շարական խազագրեալ» գրքի շնորհանդեսը

Հոկտեմբեր 22,2013 22:27

Այսօր Նարեկացի արվեստի միությունում տեղի ունեցավ կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի հեղինակած «Շարական խազագրեալ» երկլեզու (հայերեն և անգլերեն) երաժշտագիտական մենագրության, ձայնասկավառակի և նոտագրքի շնորհանդեսը:

Նարեկացի արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը, ողջունելով ներկաներին և շնորհավորելով Արթուր Շահնազարյանին, ասաց.  «Այս միջոցառումը շատ յուրահատուկ է, նրա մեջ կա խտացված սրբություն:

1987թ. Արթուր Շահնազարյանը Չարենցի անվան գրականության ինստիտուտում հայտնաբերում է Կոմիտասի խազերի վերծանման աշխատանքները հենց Կոմիտասի ձեռագրով: Աստվածային պարգև է սա: Նա գտնում է դրանք և երկար տարիներ նվիրվում է այդ մեծագույն աշխատանքին` Կոմիտասի խազերի վերծանմանը»:

Արթուր Շահնազարյանն էլ համառոտ ներկայացրեց գիրքը. «Մենագրության մեջ տրվում է 12 շարականի վերծանություն և, համեմատության համար, նույն շարականների բանավոր պահպանված օրինակներն ըստ Ն. Թաշճեանի 19-րդ դ. գրանցման: Շարականների խազավոր վերծանված բնօրինակներն ու բանավոր պահպանված օրինակները ներկայացված են ժամանակակից նոտագրմամբ և հնչում են ներամփոփ ձայնագրության մեջ»:

Ա. Շահնազարյանի «Շարական խազագրեալ» մենագրությունը հրատարակել է Նարեկացի արվեստի միությունը, ձայնասկավառակը նույնպես ձայնագրվել է նույն միության կողմից` Սաղմոսավանքում:

Շնորհանդեսի ժամանակ շարականներով հանդես եկան Արթուր Շահնազարյանը, Վահե Բեգոյանը և Հայաստանի կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան):

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031