Լրահոս
Օրվա լրահոսը

Կստանա՞ Սերժ Սարգսյանը 1 միլիոն 322 հազար դրամ աշխատավարձ

Հոկտեմբեր 25,2013 14:27

ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը` պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման եւ գործազրկության նպաստները կտրելու մասին:

Արդեն երկու օր է՝ Ազգային ժողովում քննարկվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահի, ԱԺ խոսնակի եւ վարչապետի աշխատավարձի զգալի բարձրացում: Նախատեսվում է բարձրացնել նաեւ կառավարության այլ պաշտոնյաների եւ պատգամավորների աշխատավարձերը: Նախագծի համաձայն՝ նախագահի աշխատավարձը բարձրանալու է 203 տոկոսով, այսինքն` 436 հազար դրամից դառնալու է 1 միլիոն 322 հազար դրամ, վարչապետի եւ ԱԺ նախագահի աշխատավարձերը բարձրանալու են 208 տոկոսով` 373 հազար դրամից դառնալով են 1 միլիոն 190 հազար դրամ: Ուշագրավ էր, որ այս քննարկման ժամանակ ընդդիմադիր խորհրդարանական խմբակցությունները տարատեսակ դիրքորոշումներ արտահայտեցին: Տարբերվում էին նաեւ քաղաքական մեծամասնությունը ներկայացնողների դիրքորոշումները: Ընդդիմադիր ՀՅԴ-ն կողմ է նախագծին: «Ժառանգությունը» եւ ՀԱԿ-ը` դեմ, այլընտրանք ԲՀԿ-ն դեռ կողմնորոշվում է եւ պատրաստվում է հավելյալ առաջարկություններով հանդես գալ: «Նրանք այն մարդիկ են, որոնց այսօրվա պաշտոնում գտնվելու ընթացքում աղքատությունը Հայաստանում 27.6 տոկոսից աճել-հասել է 35 տոկոսի, արտագաղթը ահագնացել է: Կարելի է կարծել, որ այս պաշտոնյաները խեղճ են եղել փողից, ցածր աշխատավարձ են ստացել, դրա համար նրանց պաշտոնավարման հետեւանքները աղետալի են Հայաստանի համար»,- իր ելույթում ասաց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը չի կարող տոկոսային առումով ավելի լինել, քան հաշմանդամի նպաստը կամ կենսաթոշակը: Պատգամավորներից շատերը խորհրդանշական համարեցին այն, որ նախագծի քննարկումները հաջորդեցին գործազրկության նպաստը վերացնելու մասին օրինագծին:

Նախագծի վերաբերյալ «Առավոտի» հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը կարծիք հայտնեց, որ նախագծով միջին եւ ցածր աշխատավարձ ստացողների համար նորմալ պայման չենք ստեղծում` հավելելով, որ հարյուր հազար դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչը, հատկապես նրանք, ովքեր ծնվել են 1974-ից հետո, որոնց վրա տարածվում է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի անցնելու մասին օրենքը, աշխատավարձի փաստացի երկու հազար դրամի ավելացում են ունենալու, քանի որ անվանական աշխատավարձը տասը հազար դրամով է ավելանալու: «Կարծում եմ՝ սրանով մենք խնդիր չենք լուծում, ռեֆորմը դառնում է ինքնանպատակ՝ այն իմաստավ, որ ինքը կարծես թե սիրուն կաղապար է` գործակիցներով, ամբողջական մի փաստաթուղթ է դառնում, բայց, միեւնույն է, ներքեւի օղակներում այն սոցիալական խնդիր չի լուծում: Իսկ աշխատավարձերի գծով ռեֆորմը, կարծում եմ, պիտի ուղղված լիներ դրան»:

– Քաղաքական մեծամասնությունից ելույթ ունեցողները հիմնավորումներ բերեցին, որ եվրոպացի պատգամավորները, ասենք, յոթ հազար դոլար աշխատավարձ են ստանում, հավելյալ այլ վճարներ: Իսկապես, ինչո՞ւ մեր պատգամավորները չեն կարող այդքան բարձր աշխատավարձ ստանալ: Դուք չե՞ք ուզում բարձր աշխատավարձ ստանալ:

– Այդպիսի շռայլություն, ցավոք, մենք Հայաստանում չենք կարող մեզ թույլ տալ: Բայց խնդիրը, կարծում եմ, ոչ թե աշխատավարձի չափն է, այլ այն միասնական սանդղակը, որը սահմանվել է, ու որը կարծես թե միտում ունի իշխանական բուրգ կառուցելու: Իսկ այդ դեպքում մենք պետք է հավատարիմ մնանք Սահմանադրությանը եւ ԱԺ-ի դերին: Ես դեմ եմ, որ այդ սանդղակով պատգամավորի դերը համահավասարեցված է փոխնախարարի դերին: ԱԺ-ն ինչ-որ իմաստով վերադաս է կառավարությանը, եւ դա պետք է արտահայտված լինի: Այսինքն՝ եթե սարքում ենք բուրգ, պետք է սարքենք ըստ էության` անկախ նրանից, թե ինչ ենք դնում նրա տակ: Իսկ աշխատավարձերի չափը, բնականաբար, պետք է լինի այնքան, ինչքան կարող ենք: Սուտ կլինի ասել, որ դա նշանակություն չունի: Ցանկացած մարդու էլ փող պետք է, պատգամավորին եւս պետք է: Բայց պետք է նաեւ ուսուցչին, բժշկին ու ավելի խոցելի խավերին:

– Մեր պատգամավորներից շատերը, այդ թվում նաեւ Ձեր կուսակիցներից, այլ պաշտոնյաներ, թեպետ ոչ իրավական հարթությունում, բայց  տարբեր բիզնես հետաքրքրություններ ունեն. կարծում եք, որ նրանք ունե՞ն աշխատավարձի բարձրացման կարիք:

– Խոսելով այսպիսի սանդղակի մասին՝ ԱԺ պատգամավորի կամ այլ պաշտոնյայի վարձատրության մասին, մենք պետք է հաշվի առնենք ոչ թե այն, ինչ որ կա այսօր: Իհարկե, կան պատգամավորներ, որոնք վատ են աշխատում, կան պատգամավորներ, որոնք շատ են բացակայում: Մենք պետք է  այն կանխավարկածով շարժվենք, որ ԱԺ-ն աշխատող մարմին պետք է լինի: Այն, ինչ այսօրվա վիճակն է, ես համարում եմ քաղաքական կամքի, քաղաքական դրսեւորման արդյունք: Եթե ԱԺ-ն այսպիսին է, դա առաջացել է երկրում առաջացած քաղաքական իրավիճակից: Իսկ աշխատավարձերի մասին խոսելիս պետք է խոսել նորմալ ԱԺ-ի մասին: Այն, որ բիզնեսմեններ կան, կան մարդիկ, որոնց համար գուցե նշանակություն չունի` ինչքան է աշխատավարձը, դա բոլորովին չի նշանակում, որ ԱԺ պատգամավորի աշխատավարձը պետք է անտեսել, երկրորդ պլան մղել: Դա պոպուլիզմ չի: Մարդը, բնականաբար, պետք է աշխատավարձ ստանա: Շատ են այն պատգամավորները, ովքեր առավոտից երեկո աշխատում են: Եվ շատ են այն պատգամավորները, ովքեր ապրում են այդ աշխատավարձով՝ չունեն բիզնես կամ այս կամ այն եկամուտ տարբեր աղբյուրներից, հետեւաբար դա դառնում է կարեւոր` աշխատող պատգամավորների համար:

– ՀՅԴ-ն պատրաստվում է կողմ քվեարկել նախագծին, ինչի համար էլ արժանացավ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինանի դաժան քննադատությանը…

– Չեմ կարող մեկնաբանել Նիկոլի ասածները: Այնտեղ կային նաեւ անձնական բաներ, ես նման բաների մեջ չեմ մտնում: Կարծում եմ՝ դա իրենք կպարզեն իրար հետ:

– Ինչպե՞ս եք վերաբերվում ՀՅԴ-ի դիրքորոշմանը:

– Գիտեք, անկեղծ ասած, նորմալ եմ վերաբերվում: Ես կարծում եմ, որ սա կարեւոր է, որովհետեւ ես օրինակ բերեցի, որ հարյուր հազար ստացողների համար շատ հարց չի լուծում, բայց, այնուամենայնիվ, որոշ մարդկանց համար ահագին հարց է լուծում: Ուրիշ բան, եթե այս տեսքով մնաց` ես էլ եմ դեմ: Բայց, հուսով եմ, առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ մենք կկարողանանք աշխատել եւ ինչ-որ բաներ փոխել: Այս դեպքում կլինեմ կողմ: Աշխատավարձերի բարձրացումը` նույնիսկ սանդղակ սահմանելով, դա էլ է մոտեցում: Կարող էր այլ ձեւ էլ լինել` առանձին-առանձին ամեն ոլորտում: Ի վերջո, մենք ունեինք իրավիճակ, որ կային տարբեր գերատեսչություններ, որտեղ աշխատողները հանրապետության նախագահից էլ բարձր էին ստանում. սա չէր խոսում իշխանական բուրգի մասին, որովհետեւ առանձին էր գնացել: Եթե դնում ենք ցուցակը` մեկ որոշումով, մեկ օրենքով ընդունում մի բուրգ ենք սարքում, այստեղ նշանակություն ունի, թե որ տողի վրա ով է գրված: Եթե մեզ հաջողվի մի քիչ փոխել, տրամաբանական տեսքի բերել սա, իհարկե, արժե ընդունել:

– Դուք պատահականությո՞ւն, զուգադիպությո՞ւն, թե՞ միտում եք համարում այն, որ այս նախագիծը խորհրդարան բերվեց գործազրկության նպաստը վերացնելու մասին օրինագծից անմիջապես հետո:

– Դժվարանում եմ ասել: Բայց նպաստներից զրկելը չեմ ընդունում: Կարծում եմ` ճիշտ չէր: Այն ձեւակերպումը, որ այդ փողերը հանում ենք, հետո մարդկանց տանում ենք ինչ-որ կուրսերի եւ այլն… երկրում աշխատանքները թափված չեն, որոնք ունեն մասնագետի պակաս: Ես չեմ հավատում, որ հնարավոր է մարդկանց վերապատրաստման ուղարկելուց հետո աշխատանք առաջարկել: Չկան այդպիսի աշխատանքներ: Անկեղծ լինենք: Դա սուտ է: Պարզապես մենք մարդկանց զրկեցինք մի քանի ամսվա նպաստներից, որը ես համարում եմ կոպիտ սխալ: Կային մի շարք օրենքներ, որոնք կբերեին տնտեսական աշխուժության: ԲՀԿ-ն առաջարկել է այդպիսի օրենքներ: Ընդունեինք դրանք, գուցե կառաջանային այդպիսի մասնագիտություններ, որոնց համար մասնագետ չկա, պետք է վերապատրաստել: Այժմ ես չեմ տեսնում այդ ոլորտը, որտեղ աշխատանքը կա, մասնագետը` ոչ:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031