Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցի ծերունիները՝ նախագահի հրաժարական տալ-չտալու մասին

Նոյեմբեր 01,2013 19:04

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Գյումրու Անի թաղամասի Հակոբ Մծբնեցի եկեղեցու բակում մշտապես հավաքվող ծերունիները կարծիք հայտնեցին, որ թեև Լևոն Տեր-Պետրոսյանն էլ իրենց խերի մեջ չի լցրել, նրա օրոք Գյումրին լավ էլ թալանվել է, սակայն վերջինս շատ ճիշտ խորհուրդ է տվել Սերժ Սարգսյանին: «Որ խորհուրդ է տվել, լսողն ո՞վ է, եթե մարդ է, նամուս ունի, պետք է հրաժարվի, բայց նա հրաժարվողներից չէ, երկիրը բռնի կերպով զավթել է, և ոչ միայն ինքը, այլ ամբողջ Հանրապետական կուսակցությունը` իրենց թիկնապահներով: Լևոն Տեր-Պետրոսյանն էլ էնպիսի խորհուրդ է տալիս, իբր չգիտի, թե հաշվի առնողն ո՞վ է:Նրանք իշխանություն հեշտ հանձնողներից չեն, գիտեն, որ էնքան հանցագործություններ են արել, որ նրանց դատ կհասնի: Հենց միայն էն, որ դու քո փողն ավելացնում ես, աղքատինը` կտրում, էլ ո՞ւմ ես պետք, հրաժարական պիտի տաս: Ասա` դու որպես ի՞նչ ես դու քո փողը ավելացնում, գործիդ անունն ի՞նչ է, ի՞նչ օգուտ ես տվել մեզ»,-վրդովեց ծերունիներից մեկը:

Մյուսն էլ դժգոհեց, որ արդեն 86 տարեկան է, սակայն իրեն հասանելիք ավանդը չեն տալիս, և երբ գնացել է սոցիալական ծառայություն, խորհուրդ են տվել` մի քիչ էլ սպասել: «Ես շաքարի գործարանում մրի ու կեղտի մեջ աշխատել եմ, ետ եմ գցել, բայց հիմա սոված նստած եմ, սոցապում ոնց, որ ինձ ծաղրեին, ասում են` 24 թիվը պիտի լինես, էս ամսին պիտի ծնված լինես, որ ավանդդ տանք, ասի դե մեռածների եք տալիս, էլի: Բա էլի ինչի՞ չպիտի ուզեմ նախագահի հրաժարականը, էս տարիքիս օրերս սոված-ծարավ եմ քաշ տալիս»:

Նրա ընկերներից մեկն էլ կատակեց, թե իրենք հերթի են կանգնել մեռնելու, էլ նախագահն իրենց ինչի՞ն է պետք: Մեր 83-ամյա զրուցակիցը, դարձյալ միջամտելով խոսակցությանը, մի անեկդոտ պատմեց . «Ես երկու բառ եմ ասելու, էս հարուստներն էլ տեղ չունեն, երկու մեռել իրար կողքի պառկած են լինում, մեկը շատ անհանգիստ է լինում, մյուսը հարցնում է`ինչո՞ւ ես անհանգիստ, պատասխանում է` այ մարդ, կերածս թողել եմ էնտեղ, էլ ո՞նց հանգիստ պառկեմ: Սա էլ իր հերթին հարցնում է` բա դու ինչի՞ ես էսպես հանգիստ պառկել, նա պատասխանում է` ես կերել, նոր եմ եկել: Ես մի բան կասեմ, էսքան թալանել են, ետ են գցել, պիտի էնտեղ էլ անհանգիստ լինեն»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930