Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր հակառակ թիմում չկա ոչ մի ուղեղով մարդ». Հայկ Հայկյանին սատարողը՝ ԲՀԿ-ի թեկնածուի մասին (Տեսանյութ)

Նոյեմբեր 08,2013 21:56

Այսօր՝ նոյեմբերի 8-ին,  Արարատ քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան կենտրոնական հրապարակում իր վերջին քարոզարշավն էր անցկացնում  Արարատ քաղաքի քաղաքապետի թեկնածու ՀՀԿ-ից առաջադրված Հայկ Հայկյանը: Քարոզարշավը մեկնարկեց  համերգ-ծրագրով: Որքան էլ երաժշտական կատարումներոը պարային էին, արարատցի երիտասարդներից քչերն էին պարում, իսկ քաղաքացիները խուսափում են լրատվամիջոցին հարցազրույց տալ: Մինչ թեկնածուն եւ թեկնածուի կողմնակիցները իրենց խոսքը կասեին, համերգ վարողը չմոռացավ հիշեցնել, որ համերգային ծրագիրը ֆինանասավորել էին Գրիգորյան եղբայրները:

Վերջին՝ նախընտրական քարոզարշավի օրը քաղաքապետի թեկնածու Հայկ Հայկյանին սատարելու էին եկել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը, նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանը:

Հայկ Հայկյանին սատարողները իրենց ելույթներում բազմիցս նշեցին՝ հակառակ թիմի կուսակցությունը՝ ԲՀԿ-ն, ամեն կերպ փորձում է արարատցիներին, քաղաքն իրենով անել, ճշնման գնով հաղթել ընտրություններում:

Ելույթ ունեցողներից Արարատ քաղաքի Հանրապետական կուսակցության շտաբի ղեկավար Արայիկ Սարդարյանը հակառակ թեւի մասին խոսելիս  մատնանշեց, որ Արարատի զարգացման մասին անընդհատ խոսացողները նույնիսկ քաղաքի տեղը չգիտեին, քարոզարշավի օրերին եկել, անցել էին քաղաքից, մոլորվել տարածքում: «Դուք ինքներդ էլ տեսաք՝ ի՞նչ էր կատարվում Արարատում: Եկել էին 26 պատգամավորներ, որոնցից ոչ մեկը Արարատի տարածաշրջանից չէր, ստեղծել էին մի դեբոշ, սարսափ տարածելու համար արարատցիների վրա, որ պիտի հայտնվեք իրենց կրունկի տակ:

Նայեք հանձնաժողովի սայթերը, նայեք անունները, նայեք հանձնաժողովի անդամների անունները, նրանց մեջ չկա ոչ մի արարատցի, բոլորն աբովյանցի են, այսինքն՝ մեր հակառակ թիմում չկա ոչ մի ուղեղով մարդ, չկա ոչ մի վստահելի մարդ:

Ինչի՞ համար եմ հիմա սա ձեզ ասում, հիմա ամփոփեմ խոսքս, ժողովուրդ, դե հիմա գնացեք Աբովյան ու փորձեք անել էն, ինչ իրանք 15 օր ա, փորձում են անել ստեղ: Հասկանու՞մ եք՝ ձեզ ի՞նչ կանեն էնտեղ, ձեզ դուրս կշպրտեն: Էսօր ամբողջ հանրապետությունը ծաղրում է մեզ, որ էկել են արարատցիների վրա ու արարատցիք նամուս, թասիբ  չունեն,- ասաց նա եւ հարց ուղղեց,- արարատցիք, չունե՞ք թասիբ»: Արարատցիներից մի քանիսն արձագանքեցին՝ ունե՜նք:

Նա կոչ արեց հակառակ թիմի օգտին ընտրողներին. «Կիրակի օրը, որ գնաք ընտրության, ընտրախցիկներում ցույց տվեք, որ դուք ինքներդ ձեր տունը, ընտանիքը, կանանց, ձեր երեխեքին ղեկավարել, կառավարել կարող եք»:

Արարատի քաղաքապետի խորհրդական Կարեն Մելքոնյանն էլ արարատցիներին վստահեցրեց՝ ԲՀԿ թեկնածուին ընտրելու դեպքում հաջորդ օրը ճանապարհներին եղած «Արարատ» քաղաքի ցուցապաստառներին գրված է լինելու՝ Աբովյան, իսկ Արարատը  համարվելու է  Աբովյանի Արարատյան զանգված. «Սա՞ եք ուզում»,- հարցրեց նա հավաքվածներից, «ոչ», լսվեց արձագանքը:

Քաղաքապետի թեկնածու  Հայկ Հայկյանն էլ  իր խոսքում նշեց, քաղաքապետ ընտրվելու դետքում փորձելու է ստեղծել  նպաստավոր պայմաններ բոլոր արարատցիների համար, նա թվարկեց բոլոր այն ծրագրերը, որոնք նախատեսել է իրականացնել: «Սա մեր վերջին հանրահավաքն է, ես խնդրում եմ Ձեզ ձեր ձայնը վստահել ինձ, իմ թիմին: Մենք թույլ չենք տալու, որ ոչ մի արարատցի ոտնահարվի: Արարատ քաղաքը մեր քաղաքն է, մենք են այն կառուցելու, մենք ենք այնտեղ ապրելու, ուրիշին չենք տալու»,- ասաց նա:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Հրեշավոր հոգեբանական անդունդ:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930