Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուղերձը հանդուրժողականության միջազգային օրվա կապակցությամբ

Նոյեմբեր 15,2013 16:58

Մենք այսօր ապրում ենք գլոբալ փոփոխությունների շրջանում: Ի հայտ են գալիս ուժի և տնտեսական շարժի նոր կենտրոններ: Տեխնոլոգիաները ավելի քան երբևէ մոտեցնում են մեզ, և միջմշակութային փոխանակումներն օրեցօր խորանում են: Բայց դա չի նշանակում, որ ըմբռնողականությունը ևս աճել է: Հասարակությունները դարձել են ավելի բազմազան, բայց անհանդուրժողականությունը շատ տեղերում աճում է:

Ամբողջ աշխարհում ժողովուրդներն ու համայնքները բախվում են խորը և տևական տնտեսական, սոցիալական և բնապահպանական խնդիրների հետ: Աղքատությունը, քաղցը և հիվանդությունները շարունակում են մնալ անընդունելի մակարդակի վրա: Յուրաքանչյուր տարածաշրջան իր վրա կրում է կլիմայական փոփոխությունների աճող ազդեցությունը: Բնական աղետները շարունակ հիշեցնում են մարդկային խոցելիության մասին: Հակամարտություններն ու միջհամայնքային լարվածությունները շարունակվում են ամբողջ աշխարհում: Միլիոնավոր մարդկանց սպառնում է բռնության ու տեղահանման ամենօրյա վտանգը:

Այս բազմակողմ ու փոխկապակցված մարտահրավերների համար չկան անհատական լուծումներ: Մենք կարող ենք առաջ շարժվել միայն որպես ազգերի ու մշակույթների համայնք` ձգտելով մարդկային համերաշխության և գիտակցելով, որ բոլորս կիսում ենք մեկ ընդհանուր ճակատագիր: Ահա թե ինչու՝ հանդուրժողականությունն այսքան կարևոր է:

Հանդուրժողականությունը պասիվ չի լինում: Այն պահանջում է ակտիվ ընտրություն` փոխադարձ ըմբռնման ու հարգանքի հիման վրա առաջ ընթանալու համար, հատկապես, երբ կա անհամաձայնություն: Հանդուրժողականությունն այն է, երբ մենք գիտակցում ենք, որ մեր բազմազանությունը մեր ուժն է, այն բոլոր հասարակություններում ստեղծագործ ուժի և վերականգնման աղբյուր է:

Հանդուրժողականություն կարելի է և պետք է սովորել: Մենք պետք է աղջիկներին ու տղաներին ոչ միայն սովորեցնենք, թե ինչպես միասին ապրել, այլ նաև, թե ինչպես գործել միասին` որպես այս աշխարհի քաղաքացիներ: Հարկավոր է խթանել հանդուրժողականությունը` առաջ մղելով մշակութային ըմբռնումն ու հարգանքը, սկսած խորհրդարաններից մինչև խաղահրապարակներ: Մենք կարիք ունենք պայքարելու աճող անհավասարությունների դեմ և մերժելու սոցիալական բացասումը` հիմնված սեռի, հաշմանդամության, սեռական կողմնորոշման, և էթնիկ կամ կրոնական պատկանելության վրա:

Հանդուրժողականությունը խաղաղության ու հաշտության ամենազորեղ հիմքն է: Ներկայիս արագընթաց ու հաճախ շփոթեցնող փոփոխությունների շրջանում այն, ավելի քան երբևէ, կարևոր է: Այս միջազգային օրվա կապակցությամբ կոչ եմ անում ազգային ու համայնքային առաջնորդներին ու բոլոր նրանց, ովքեր ազդեցություն ունեն ավանդական և սոցիալական լրատվամիջոցների և իրենց հասակակիցների վրա, հանդուրժողականությունն ընդունել որպես մի միջոց, որը կմիավորի մեզ դեպի խաղաղ, կայուն ապագա տանող մեր ընդհանուր ճանապարհին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930