Լրահոս
Օրվա լրահոսը

Սայաթ Նովայի բնակիչներին նույնպես սպառնացել են հազարավոր դոլարների տուգանքներով (Տեսանյութ)

Նոյեմբեր 22,2013 14:05

Sayat-Nova-2 Sayat-Nova-1 Sayat-Nova-3Կառուցապատողները բնակիչների դեմ պայքարելու միջոց են գտել` տույժ ու տուգանքի են ենթարկում 

Սայաթ Նովա 10, 12 հասցեներում իրականացվող շինարարության դեմ պայքարող բնակիչներին կառուցապատող «Լարկո գրուպ» ընկերությունը սպառնացել է Կոմիտաս 5 հասցեի բնակիչների պես տույժ ու տուգանքների ենթարկել, եթե չդադարեցնեն իրենց բողոքներն ու շարունակեն խոչընդոտել շինարարության ընթացքին: Ընկերությունը փաստաբանի միջոցով գրություն է ուղարկել բնակիչներին, որի բովանդակությունը այսօր «Նոյյան Տապան»-ի մամուլի սրահում ներկայացրեց Սայաթ Նովա 10, 12 հասցեների բնակիչների փաստաբան Ալբերտ Կանդալյանը:

Մոտ մեկ շաբաթ առաջ սկսված շինարարությունը, որն ամենայն հավանականությամբ հյուրանոցային համալիր է, բնակիչների եւ փաստաբանի ներկայացմամբ, կատարվում է քաղաքաշինական նորմերի կոպիտ խախտումներով, եւ, վեր խոյանալու դեպքում, կփակի բնակիչների արեւն ու բնական լույսը: Ինչպես Ալբերտ Կանդալյանն ասաց՝ դիմել է Երեւանի քաղաքապետարան՝ տրված շինթույլտվությունն ու ճարտարապետահատակագծային առաջադրանքը անվավեր ճանաչելու պահանջով, եւ եթե քաղաքապետարանը համապատասխան միջոցներ չձեռնարկի` դիմելու են դատարան: Բնակիչների ներկայացմամբ, թույլտվությունը միայն կաթսայատունը քանդելու համար է, բայց կառուցապատողը քանդում է կողքի ավտոտնակները նույնպես:
Ասուլիսին ներկա բնակիչները ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության ներկայացուցիչ Զավեն Խլղաթյանից հետաքրքրվեցին, թե չկա՞ն արդյոք սեյսմիկ անվտանգության նորմերի հետ կապված խախտումներ, երբ նորակառույց շենքը համարյա կպած է հարեւան շենքերին, իսկ կառուցվելու դեպքում ավտոմեքենաների ճանապարհը փակվում է, եւ արտակարգ իրավիճակի դեպքում պարզապես անհնար կլինի փրկարարների մուտքը բակ: Պարոն Խլղաթյանն ասաց, որ առանց քաղաքաշինական փաստաթղթերի լիարժեք տրամադրման, հնարավոր չէ ուսումնասիրել այդ գործը, սակայն, ըստ նրա, մի բան հստակ է` «Այդ կառույցը պետք է լինի համահունչ գլխավոր հատակագծի հետ, որը կառավարության հատուկ փաստաթուղթ է»: Սեյսմիկ նորմերով, ԱԻՆ մասնագետն ասաց, որ 16 հարկանի շենքերի պարագայում, երկու շենքն իրարից պետք է բաժանված լինեն կարով, իսկ կարի չափը կարող է սահմանվել նույնիսկ 30 սանտիմետր:

Ալբերտ Կանդալյանի խոսքերով, իրենց տեղեկություններ են հասել, որ
Նալբանդյան-Սայաթ Նովա շենքերի բակում առկա խաղահրապարակը նույնպես պետք է քանդեն եւ սարքեն ճանապարհ:
«Մենք կենդանի մարդիկ ենք եւ գոյություն ունենք այդ բակերում, հարկատուներ ենք, օրինապաշտներ ենք, բայց անտեսվում են մեր իրավունքները, եւ այն, որ սեփականատեր ենք»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930