Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Վարդանյան. «Եթե Վիլնյուսում փաստաթուղթ ստորագրվի, այն մի քանի գլուխ ցածր է լինելու Ասոցացման համաձայնագրից»

Նոյեմբեր 28,2013 14:04

«Վստահ չեմ, որ որևէ փաստաթուղթ կստորագրվի, և եթե այն ստորագրվի, այն մի քանի գլուխ ցածր է լինելու, ինչը կլիներ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու դեպքում, այն կլինի ֆորմալ առումով քաղաքական բնույթի»,-այսօր «Հայացք» մամուլի ակումբում անդրադառնալով Վիլնյուսի գագաթաժողովին՝ հայտարարեց ՌԱՀՀԿ քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանը:

Շարունակելով նա նշեց. «Գոյություն ունեցող տեղեկատվությունը մեզ հուշում է այն մասին, որ այն, ինչ կստորագրվի, ձեռք կբերվի մի քանի մակարդակ ավելի ցածր կարևորություն, քան եթե ՀՀ-ն ստորագրեր Ասոցացման համաձայնագիրը:

Հաճախ իշխանություններն ասում են, որ ամենակարևորը ոչ թե տնտեսական, այլ քաղաքական մասն էր, որ իրենք պատրաստ են քաղաքական ասպարեզում բարեփոխումներ իրականացնել: Այստեղ, նախ և առաջ պետք է նշել այն, որ ՀՀ-ն ԵԽ անդամ է, ԵԽ-ն հենց քաղաքական մարմին է ժողովրդավարության, մարդու իրավունքների հետ կապված: Իսկ փորձը ցույց է տվել, որ ՀՀ իշխանությունները այս դաշտում բարեփոխումներ իրականացնելու ցանկություն չունեն: Նրանք շահագրգռված չեն ՀՀ-ում ժողովրդավարության հաստատմամբ»:

Վերլուծելով ՀՀ իշխանությունների պահվածքը՝ պարոն Վարդանյանն ասաց. «ՀՀ-ն փորձում է ցույց տալ, որ ինքը որպես պետություն, ցանկություն չունի հակադրվելու արևմտյան քաղաքակրթական տարածքին և ինչ որ տեղ ուզում է ակնարկել, որ ստիպված է կայացնել որոշում՝ մտնել Մաքսային միություն, քանի որ ունի անվտանգության ապահովման խնդիր: ԵՄ-ն տհաճ անակնկալի եկավ, բայց նա ևս շահագրգռված չէ, որ ՀՀ-ն ինչ-որ կերպ մնա արևմտյան տարածքում և առնվազն չհակադրվի արևմտյան քաղաքական տարածքին»:

«Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն այս մասին ասաց. «Միևնույն է, թե այնտեղ ինչ թուղթ կստորագրեն, կամ չեն ստորագրի, կամ այդ թղթի վրա ինչ գրված կլինի: Դա որևէ ազդեցություն չի թողնի ընդհանուր պրոցեսի վրա: Այո, գուցե և դա լինի դեկլարատիվ բնույթի մի բան, որտեղ ֆիքսված կլինի, որ ստորագրող կողմերը կողմ կլինեն այն ամենին, ինչ լավ է և կեցցե լավը, կորչի վատը: Բայց պարտավորությունների մասով որևէ էական բան չի լինի»:

Aravot.am-ի դիտարկմանը, թե իշխանական դաշտում արդեն ցնծում են, թե շահեկան դիրքերում ենք հայտնվել, պարոն Վարդանյանը պատասխանեց. «Անկեղծ ասած որևէ վերլուծություն չեմ տեսել, որը ցույց տար, թե մենք այս ամենի արդյունքում շահեկան վիճակում ենք: Իմանալով, որ մտնելով Մաքսային միություն չեն կարող ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, ՀՀ իշխանությունները անհաջողության մեղքը բարդեցին ԵՄ-ի վրա, թե դուք եք պայմաններ դնում, մենք այսօր էլ պատրաստ ենք ստորագրել: Սա պաշտոնական Մոսկվայի թելադրանքն էր»:

Պարոն Մեհրաբյանն այս հարցի կապակցությամբ նման համեմատություն արեց. «Սա նման է այն տարիներին, երբ խանութները դատարկ էին, մարդիկ զզված ամեն ինչից, բայց հպարտ էին: Ինչ-որ ժառանգականության խնդրի հետ գործ ունենք: Այնինչ նման հպարտության տեղ ընդհանրապես չկա, եթե կա, ապա պիտի հետևություններ անել: Այդ հպարտությունը միայն ներքին օգտագործման համար է, պարզապես մի քիչ մտածող մարդու մոտ դա անմեղսունակության տպավորություն կարող է ստեղծել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930