Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանական գազը ռուսականից թա՞նկ է

Դեկտեմբեր 04,2013 19:55

Ազգային ժողովում կառավարության հետ այսօրվա հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցը կառավարության ներկայացուցիչներին վերաբերվում էր երեկ Իրանի Իսլամական հանրապետության դեսպանի արած մի քանի հայտարարություններին, մասնավորապես՝ հայ-իրանական երկաթգծի, իրանական գազի վերաբերյալ:

Դեսպանը ասել էր, որ Իրանը կարող է ապահովել Հայաստանի գազի ողջ սպառումը:  ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն ի պատասխան ասաց, որ Իրանը իր գազն առաջարկում է 400 դոլարով, այն դեպքում, երբ մենք այժմ ձեռք ենք բերում Ռուսաստանից՝ 189 դոլարով: Ինչ վերաբերվում է երկաթգծին, ապա իրանական կողմն ասել է, որ գումարը կա, եւ եթե Հայաստանը գտնի գումարներ՝ երկաթգծի շինարարությունն իր կողմից սկսելու համար, ապա իրենք էլ կսկսեն իրենց կողմից: Առայժմ մենք չենք կարող հայթայթել այդ գումարները:

Տիկին Փոստանջյանը, նրանից հետո նաեւ ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը բարձրացրեցին «Որոտան-Կասկադն» օտարելու մասին հարցը: Այս ընկերությունը ներառված չէ օրենքով նախատեսված օտարման ենթակա գույքի տարեկան ցանկում, հետեւաբար կառավարությունն իրավասու չէ այն վաճառել: Արմեն Մովսիսյանը պատասխանեց, որ «Որոտան-Կասկադի» վաճառքի մասին ոչինչ չկա՝ «երբ կլինի խնդիրը, նոր կլուծենք»:

Ի պատասխան Արծվիկ Մինասյանը մեջբերեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստի մի արձանագրություն, որում խոսվել է «Որոտանի» վաճառքի մասին:  Նախարարն ասաց, որ ընդամենը այդ հանձնաժողովից թույլտվություն են հարցրել՝ կարո՞ղ են բանակցել վաճառքի մասին, թե ոչ, եւ հիմա բանակցում են՝ «հենց կգանք հանգրվանին, որ գործարքը պիտի լինի, նոր կմտածենք օրենքը փոխելու մասին»:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031