Լրահոս
Օրվա լրահոսը

«Բռնարար ամուսինների կողմից սպանված կանանց մեծ մասը տարիներով ծեծվել են»

Դեկտեմբեր 10,2013 21:28

Հայաստանում մարդու իրավունքները խախտվում են տարբեր ոլորտներում` անկախ սեռից, սակայն կանանց դեպքում, խախտումները տեղի են ունենում  սկսած տարրական իրավունքներից, որոնք հետագայում ավարտվում են դժբախտ դեպքերով: Aravot.am-ի հետ զրույցում մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առիթով ասաց «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության ծրագրի համակարգող Անուշ Խաչատրյանը։

Կազմակերպությունը զբաղվում է կանանց իրավունքների պաշտպանությամբ եւ տարիների ընթացքում արձանագրած փորձից ելնելով, Անուշ Խաչատրյանը կարծիք հայտնեց, որ կանանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ եւ կանանց նկատմամբ բռնությունները կանխելու լավագույն միջոցը կլիներ «Ընտանեկան բռնության մասին» օրենքի ընդունումը, որին, սակայն արդարադատության նախարարությունն, այսպես ասած` ընթացք չտվեց:

Ա. Խաչատրյանի ներկայացմամբ` ՀՀ օրենսդրությունը չի նախատեսում ընտանեկան բռնության մասին օրենք, այլ` որոշ դրույթներ կան, որոնք նախատեսում են, երբ բռնություն, ծեծ, հանցակազմի առկայության դեպքեր են լինում ներառվում են քրեական օրենսգրքում. «Սա շատ կանանց նախ հիմք է տալիս չդիմելու դատարան, որովհետեւ երբ իրենց մեկ անգամ հարվածում են, կամ հոգեբանական բռնության են ենթարկում, ոստիկանը գալիս ասում է`դե ընտանիք եք, կվիճեք, ամուսին ա` մի հատ էլ կհարվածի եւ այլն, ու գործը հանցակազմի բացակայության պատճառով չի հասնում լուծման: Եթե հասնում էլ է քրեական մասով, բայց շատ կանայք չեն էլ ուզում, որ իրենց ամուսինը դատվի: Շատ կանանց, երբ ասում ենք ամուսինդ պիտի դատվի, իրենք չեն ցանկանում ընթացք տալ գործին,իրենք դատելու խնդիր չունեն, ուզում են այդ պահին բռնությունը դադարի, ոչ թե ամուսինը գնա նստի»:

Օրենքի ընդունման դեպքում, ըստ Հ/Կ անդամի, ոստիկանը մեխանիզմ կունենար ծանոթանալու իրավիճակին եւ դրանից ելնելով բռնարարին մի քանի օրով հեռացնել բնակարանից, մինչեւ դատարանի որոշումը` կամ կհաշտվեն, ամուսինը խելքի կգար`մտածելով, որ պատժող մարմին կա կնոջը հարվածելու դեպքում, կինն էլ` պաշտպանված կզգա:

Aravot.am-ի այն դիտակմանը, որ արդարադատության նախարարությունը հիմնավորել է, որ բռնարար ամուսնուն բնակարանից հեռացնելը հակասահմանադրական է եւ չի կարելի անձին զրկել սեփականությունից, Անուշ Խաչատրյանն այսպես արձագանքեց. «Ի սկզբանե նախատեսված էր տղամարդկանց համար կացարաններ ստեղծել, երբ բնակարանից հեռացված բռնարարը տեղ ունենար գնալու, սրան ի պատասխան նախարարությունն ասեց, որ ֆինանսական միջոցներ չկան, այս պարագայում շատ ավելի հեշտ է բռնարար տղամարդուն մի քանի օրով ընտանիքից հեռացնել տանից, այլ ոչ թե սեփականությունից զրկել: ՀՀ Սահմանադրությամբ`մարդու սեփականության իրավունքն անօտարելի է, բացի օրենքով սահմանված դեպքերի:

Այսինքն` օրենքով կարելի է սահմանել այն դեպքերը որոնցով, կարելի է մի քանի օրով հեռացնել, սահմանափակել իրավունքը տան վրա»:

Հ/Կ-ի տվյալներով, միայն իրենց կենտրոնի զբաղված դեպքերով, 14 բռնության դեպքից` 6-ը կնոջ սպանությամբ է ավարտվել. իսկ երբ հետաքննել են գործը, պարզվել է սպանված, կամ ծեծված կինը տարիներ շարունակ բռնության է ենթարկվել, այդ մասին տեղյակ են եղել հարեւանները ու իրավապահներին չեն ասել. «Մինչդեռ, եթե ընտանեկան բռնության մասին օրենքը կիրառվի, բազմաթիվ կանայք տարիներով ծեծ չեն ուտի, չեն սպանվի, սկզբից էլ կկանխվի դա»:

Ներկայումս, օրենքի բացակայության հետեւանքով, ըստ Անուշ Խաչատրյանի, բռնության դեպքով, երբ կինը դիմում է ոստիկանություն, հաճախ, նույնիսկ գրեթե բոլոր դեպքերում, ոստիկանը փորձում է հաշտեցնել. «Ոստիկանն ասում է` միեւնույն է, ես իրեն տուգանք էլ գրեմ, դուք պիտի մուծեք, ամուսինդ չի աշխատում, էրեխեքիդ բերանից է կտրելու, կնոջը համոզել է դիմումը հետ է վերցրել: Դրան հաջորդած մի քանի դեպքից հետո բանը հասել է սպանության: Այսինքն, երբ ոստիկանությունը հրաժարվում է գործ հարուցել, փորձում է հաշտարարի դեր խաղալ, իրավիճակը բարդացնում է, որովհետեւ փորձը ցույց է տալիս, որ իրավիճակը միայն ծեծով չի ավարտվում, ու բանը հասնում է նրան, որ կինը կիսամեռ վիճակում է լինում, ու ոստիկանին այս դեպքում կնոջ դիմումն էլ հարկավոր չէ գործ հարուցելու համար»:

Արդարադատության նախարարությունը օրենքի ընդունման առնչությամբ, վստահեցրել է, որ այն մինչեւ 2017 թվականը առկախվում է, մինչեւ օրենսդրական բարեփոխումները, որով այլ օրենքներում կնախատեսվեն այն դրույթները, որը Հ/Կ-ներն են առաջարկել: Սակայն, այս պատասխանը չի բավարարում օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկած կազմակերպություններին: Անուշ Խաչատրյանի խոսքերով`«Նախարարությունը պատճառաբանում է, որ օրենքը չի մերժել, այլ առկախված է թողել, եթե օրենքում ոչ մի հակասություն չգտնեն` կընդունեն: Մենք լուրջ մտավախություն ունենք, որ սա այդ դեպքը չէ, եթե այդպես էր, իրենք կարող էին իրենց աշխատանքային խմբով ու մասնագետներով մեզ հետ աշխատեին ու համապատասխանեցնեին, բայց չեն անում, թողնում են մեզ վրա, որ հետո իրենք վերջնական տարբերակը նայեն, բայց չկա երաշխիք, որ հարմարեցնենք օրենսդրությանն ու Սահմանադրությանը, կընդունեն ու չեն ասի` էլի չի համապատասխանում»:

Մեկ կազմակերպության արձանագրած 6 կնոջ գենդերային հիմքով սպանությունը, դա այն թիվը չէ, որն իրական պատկերն է, իրականում, ինչպես Ա. Խաչատրյանն ասաց` դեպքերը գնալով ավելանում են, այդ 6 կնոջ մասին բարձրաձայնվել է եւ իրենք իմացել են, իսկ թաքնված ու չհայտարարված դեպքերը հազարավոր են:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031