Լրահոս
Օրվա լրահոսը

Ի սե՜ր բոլոր աստվածների, մի՛ սրճարանապատեք մեր հուշարձանները. «Հայոց աշխարհ»

Դեկտեմբեր 12,2013 13:00 Share

Իբր շատ մի համաձայն ենք, որ Գառնու տաճարի մոտակայքում կաֆե տնկվի, դեռ մի բան էլ սրճարանապատման ընդարձակ ծրագիր-դավադրություն է կազմվել, բանից պարզվում է: Այդպես էլ ուզում ես բացականչել՝ ի սե՜ր բոլոր աստվածների, մի՛ սրճարանապատեք մեր հուշարձանները: Բայց քանի որ սրանց խիղճը կոմայի մեջ է, բացականչություններով գործին չես օգնի:
Փաստորեն «Փակ շուկայի» հերն անիծելուց հետո եւ այդ հարցն արդեն լուծված ու մարսված համարելով, հիմա եկել է Գառնու տաճարի, Զվարթնոցի, Լոռի բերդի ու այլ տեսարժան վայրերի հերթը: Իսկ, կներեք, զուտ հետաքրքրասիրությունից դրդված, մի հարց՝ կարո՞ղ է Նորատուսի դամբարանադաշտի՝ միջնադարյան խաչքարերի կողքին էլ քյաբաբանոց դնեք։
Ի դեպ, նկատենք, որ «պիլոտային» ասվածը նույն փորձնականն է: Ձեզ մի կոտորեք՝ օտար լեզուներով, հայերեն արտահայտվեք, ասեք, որ «փորձնական ծրագիր», իսկ այս դեպքում՝ փորձանքածրագիր եք ցանկանում իրականացնել:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վ.Պողոսյանը բացատրել է, թե ինչու են որոշել, որ Գառնու տաճար արգելոց-թանգարանի տարածքում սրճարան կառուցվի. «2008 թվականից արգելոցի տարածքում գիշերային գեղարվեստական լուսավորություն կա: Սակայն երեկոյան ժամերին շատ քիչ մարդիկ են այցելում Գառնի: Իսկ երբ լինի նստելու, հանգստանալու հարմարավետ տարբերակ, մարդիկ ավելի շատ կայցելեն: Երեկոյան ժամերին նախատեսում ենք տարածքում իրականացնել միջոցառումներ: Աշխատելու ենք զբոսաշրջային կազմակերպությունների հետ, որպեսզի զբոսաշրջիկներ բերեն նաեւ երեկոյան ժամերին»:
Բայց սա էլ ամենը չէ, պարզվում է, որ մարդիկ բոլոր «մանրուքների» մասին մանրակրկտագույնս մտածել, ծանրութեթեւ են արել. սրճարանում Գառնի համայնքի բնակիչների արտադրանք է մատուցվելու՝ մուրաբա, թխվածք, գաթա, միրգ, սեզոնային սրճարանն աշխատելու է մայիսից-հոկտեմբեր ներառյալ:
Հա, ու այդ ամենը, ըստ Վ. Պողոսյանի, իրականացվելու է պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ, ներդրողներն էլ ինչ-որ խորհրդավոր անձինք են, ըստ որում՝ Հայաստանից չեն: Ի դեպ, հետաքրքիր է, թե պլաստմասսայե մի 4-5 կամ 9-10 սեղան-աթոռի ու մետաղյա մի 50 ձողի համար այդ ի՜նչ ներդրումներ են պահանջվելու:
Դե, հասկանալի է. «Ամեն ինչ կատարվում է օրենքների եւ կառավարության որոշումների համաձայն: Օրենքի որեւէ դրույթ չի խախտվում»,- վստահեցրեց Վ.Պողոսյանը:
Վստահեցնելը լավ բան է: Բայց ո’չ այս դեպքում: Նշված ծառայությունը, հիշեցնենք, անգամ հասարակական հստակ աջակցության պայմաններում, ի վիճակի չեղավ միջամտել Փակ շուկայի որպես պատմաճարտարապետական հուշարձանի խեղաթյուրումը կանխելու հարցում: Եվ դրանից հետո քանդված երեւանյան հին շենքի քանի՞ կորած ու փշրված քարի կտոր արժեն նման վստահեցումները:
Երկրորդ. շատ հետաքրքիր է, որ ինչ-որ «խորհուրդներում» երկար-բարակ քննվել-քննարկվել է Գառնու տաճարի հուշարձանային տարածքում սրճարան բացելու հարցը, սակայն հանրությունը նոր-նոր է տեղեկանում:
Իսկ հանրային լսումներ եղե՞լ են: Եվ ոչ միայն Գառնու տաճարի մոտ կաֆե տնկելու հարցով, այլեւ ընդհանրապես, նշված մի շարք պատմական հուշարձանները սրճարանապատելու այդ «փորձնական ծրագիրը» քննարկվե՞լ է հասարակության ու շահագրգիռ խմբերի հետ:
Կարծում ենք, բոլորին հասկանալի է, թե ո՛րն է մեր վրդովմունքի ու անվստահության պատճառը: Ժամանակին մի ճարտարապետական պաշտոնյա հավատացնում էր, թե օպերայի մերձակայքում ու երեւանյան մյուս պուրակներում «թափանցիկ բետոնից» են սրճարաններ կառուցվելու: Հաջորդող տասնամյակում սրճարանային հիմնավոր շենք-շինությունները Երեւանի կենտրոնում «կերան» գրեթե բոլոր կանաչ տարածքները»:
Աչքը տեսածից է վախենում, եւ կարելի է դույզն-ինչ չկասկածել, որ եթե մշակույթի նախարարությանը հաջողվի Գառնու տաճարի մոտ կաֆե տնկել, հաջորդ քայլը լինելու է այդ կաֆեի վերածումը խորտկարանի (դե, հասկանում եք, զբոսաշրջիկները խորոված-մորոված էլ են ուզում), հետո դա սահուն կդառնա ռեստորան, ապա ռեստորանահյուրանոցային համալիր, որի մոտ «ինչ-որ մեկը, ով գիտե, թե յեսիմ որ թվին, մի տաճար ա շինե…»:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031