Լրահոս
Օրվա լրահոսը

69 ՀՀԿ-ՕԵԿ-ական եւ մեկ անկախ պատգամավոր հաստատեցին մյուս տարվա բյուջեն

Դեկտեմբեր 12,2013 15:20

40 ոչ իշխանական պատգամավորներ դեմ եւ 1-ը ձեռնպահ լինելով՝ ոչինչ չկարողացան անել. 70 կողմ ձայներով (իշխանական պատգամավորները եւ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը) Ազգային ժողովը ընդունեց 2014թ. պետական բյուջեն:

Մինչ բյուջեի հաստատումը՝ ՀՀ պառլամենտի՝ կառավարության կողմից հրավիրված արտահերթ նիստում բյուջեի վերաբերյալ ամփոփիչ ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա ասաց, որ բյուջեում տեղ են գտել մեր իրականության որոշ առանձնահատկություններ, մասնավորապես, Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու ցանկությունը: Արդյունքում՝ դրան պետք է համապատասխանեցնել մեր օրենքները:

Բացի այդ, ըստ կառավարության ղեկավարի, ՀՀ արդյունաբերական քաղաքականությունը զարգանում է, արտահանման երկնիշ աճ է գրանցվել, եւ ՄՄ-ին անդամակցումը խթան կհանդիսանա մեր արդյունաբերության զարգացման համար:

Սակայն Տ. Սարգսյանի ելույթն ավելի շատ առնչվեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը, որին, պարզվում է, կառավարությունը պատրաստվել է ավելի քան 10 տարի, եւ որի համար 2014թ. բյուջեով նախատեսված է հատկացնել 20 մլրդ դրամ .«Այս համակարգի վրա աշխատել են երկու նախագահ, երեք վարչապետ, չորս կոալիցիոն ուժեր, լավագույն մասնագետներ և փորձագետներ»:

Վարչապետն ասաց, որ մեզ սպասվում է ամենաբարդ բարեփոխումներից մեկը, եւ այսօր Հայաստանում բնակվող 510 հազար կենսաթոշակառուների համար տարեկան տրամադրվում է 240 մլրդ դրամ: Եկող տարվա բյուջեով նախատեսվում է կենսաթոշակների բարձրացում՝ միջինը 15 տոկոսով, ինչի արդյունքում կենսաթոշակը միջինում կդառնա 36 հազար դրամ՝ նախորդ 31 հազարի փոխարեն: Ճիշտ է, նա ընդգծեց, որ դա ամենեւին բավարար չէ, սակայն դա է մեր հնարավորությունը: Փոխարենը, անցնելով կուտակային կենսաթոշակներին, որոնք այլընտրանք չունեն այսօր, քանի որ ծերացող հասարակություն ենք, վաղը, մարդիկ, հասնելով կենսաթոշակային տարիքի, ավելի բարեկեցիկ եւ ապահով ծերություն կունենան, ընդ որում՝ ոչ միայն պետության, այլ հենց իրենց՝ քաղաքացիների ջանքերով, դա «արդար» համակարգ է՝ ըստ վարչապետի: Արդար է, քանի որ չեն բարձրանա հարկերը եւ 500 հազար եկամտահարկ մուծողների ուսերին չի նստի օրեցօր ավելացող թոշակառուների կեցության բեռը:

Հիշեցնենք, որ «սերունդների համերաշխության» սկզբունքով, որով մինչեւ հիմա առաջնորդվում էր մեր սոցիալական համակարգը՝ թոշակառուների ծախսերը փակվում են աշխատողների հարկերով, իսկ տարեցտարի աշխատողների եւ կենսաթոշակառուների թվաքանակի տարբերությունը բերում է նրան, որ այժմ 1:1 հարաբերակցությունը վաղը-մյուս օր կխաթարվի, եւ ամեն աշխատող ստիպված կլինի իր վճարած հարկերի հաշվին պահել ոչ թե մեկ, այլ 1,5-2 թոշակառու, հատկապես, որ արդեն գալիս է 2-րդ Համաշխարհայինից հետո «բեյբի-բումի» սերնդի կենսաթոշակային տարիքը:

«Մենք գիտակցում ենք, որ հասարակության մեջ մի մեծ հատված դժգոհում է, քանի որ համակարգը որոշակի դժվարություններ է ստեղծելու մեր քաղաքացիների համար»,-ասաց Տ. Սարգսյանը, բայց, հիշեցնելով ԱՊՊԱ-ի ներդրման ժամանակ ի հայտ եկած դժգոհությունները, նկատեց, որ ինչպես այն աշխատեց, այնպես էլ այս համակարգը կաշխատի.«Մենք մտածում ենք մեր ապագա սերունդների մասին, քանի որ միայն 23 տարի անց մարդիկ կկարողանան առաջին անգամ օգտվել այս համակարգից»:

Այդ դժգոհների մի մասի՝ ՏՏ ոլորտի երիտասարդների հետ երեկ վարչապետն անձամբ է հանդիպել եւ 2,54 ժամ զրուցել է: «Մենք հասկացանք, թե ինչ խնդիրներ են նրանց հուզում, տվեցինք պատասխանները»,-ասաց վարչապետը, նկատելով, որ շատ դրական է քաղհասարակության ուժեղացումը, որը զարգանալու միտում ունի:

Բյուջեի ընդունումից հետո ԱԺ նախագահը շնորհավորեց վարչապետին եւ ցանկացավ 2014-ին բեղուն աշխատանք:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031