Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար Սամվել Բեգլարյանն ասում է, որ չգիտես ինչու, որոշ լրատվամիջոցներ գերագույն հաճույք են զգում Հայաստանի գրողների միությանը քարկոծելուց:
Անդրադառնալով Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի «Է» գրքին ՀՀ նախագահի մրցանակ շնորհելուց հետո մամուլում տեղ գտած հրապարակումներին՝ ասում է. « … Է՜.. մարդը կրակն ընկա՞վ, որ գրողների միության նախագահ է ընտրվել: Ի՞նչ է, իրավունք չունե՞ր իր գիրքը մրցանակաբաշխության ներկայացնելու: Ուներ եւ ներկայացրել է, եթե վատն է, արժանի չէր՝ թող չքվեարկեին: Էդիկն ո՞ւմ գլուխն է «փայտով ջարդել», թե՝ իմ օգտին քվեարկեք: Էդվարդ Միլիտոնյանին պաշտպանելու խնդիր չունեմ եւ ոչ էլ նա ունի դրա կարիքը, բայց ես կարիք ունեմ որոշ լրատվամիջոցների ասելու, պատվիցս վեր չեմ համարում նաեւ՝ խնդրելու, որ շատ չխառնվեն մեր գործերին: 45 տարի մամուլի հաստիքային աշխատող եմ եղել, այսօր էլ գրում եմ մեկ-մեկ, հասկանում եմ, թե ինչ ասել է մասնագիտական ազարտ, սակայն ամեն ինչ պետք է չափի մեջ լինի, ի վերջո 500 գրողներով կառույց ենք, աշխարհի 16 երկրների՝ Քուվեյթից մինչեւ Ամերիկա ներկայությամբ, մի բան էլ կիմանանք ու իմանում ենք, նաեւ այն, որ եթե Արքեմնիկ Նիկողոսյանը, թե մեր մնացած գրչընկերներն իրավունք ունեն արտահայտելու իրենց կարծիքը եւ ազատ են իրենց գործողություններում, ուստի միության եւ ոչ մի անդամ իրավունք չունի եւ նրանց էլ չի ասում, թե ինչ անեն կամ՝ չանեն:
Նաեւ ոչ ոք իրավունք չունի մրցանակի արժանացած կամ չարժանացած այս կամ այն գրքի մասին իր արդարացված կամ չարդարացված կարծիքը փաթաթել այլոց վիզը: Ով որ ուզում է՝ թող «Է» գրքից ավելի լավը գրի, ու թե որ սիրտն ուզում է՝ նոբելյան մրցանակ էլ ստանա.. Ո՞վ է խանգարում»:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ


















































