Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ճիշտ դիտարկումներ՝ սխալ «ինտոնացիայով»

Հունվար 06,2014 12:54

Ինչո՞ւ է Հայաստանում շինարարական ոլորտը շարունակական հետընթաց ապրում: Որովհետեւ հինգ տարվա ընթացքում քչացել են այդ շինարարության շահառուները, սպառողները՝ տասնյակ հազարավոր մարդիկ, լքել են Հայաստանը: Որովհետեւ հիփոթեքային վարկերի պայմանները վատացել են, եւ նույն շահառուների համար ավելի դժվար է, ռիսկային է դարձել նման վարկեր վերցնելը: Վերջապես՝ որովհետեւ մարդկանց մոտ չկա վստահությունը վաղվա օրվա նկատմամբ, իսկ նման տրամադրությամբ մարդիկ գերադասում են տուն չառնել եւ չկառուցել: Չգիտեմ, կա՞ արդյոք Հայաստանում որեւէ բանական մարդ, որը կփորձի հերքել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այս բացատրությունը:

Իհարկե, կարելի է թվերով ինչ-որ «ֆոկուսներ» անել կամ «խոսքը կտուրը գցել»: Օրինակ, ես ձեզ հարցնեմ. դուք ունեիք 7 խնձոր, հիմա դուք ունեք 4-ը, ի՞նչ է պատահել: Դուք էլ ասեք. «Խնձորը միրգ է, որն աճում է ծառի վրա, այդ ծառերի մասին գրում էին դեռեւս հին Հունաստանում եւ Հռոմում: Եթե չլիներ 2008 թվականի ֆինանսատնտեսական ճգնաժամը, մենք էլ շատ խնձորներ կունենայինք»: Բայց որեւէ լրագրողի նման պատասխանը, բնականաբար, չի բավարարի. ես էլ անձամբ, ինչպես եւ երկրորդ նախագահը, չեմ հավատում, որ 2013 թվականի տնտեսական վիճակը կարելի է բացատրել 2008-ի իրադարձություններով:

Մի խոսքով, Տիգրան Սարգսյան – Ռոբերտ Քոչարյան հեռակա բանավեճում վերջինս իրավացի է բովանդակային առումով: Ինչ մնում է 2rd.am-ին տված պատասխանի ոճին, բառապաշարին, եթե կուզեք՝ «ինտոնացիային» ՝ «բանականության եւ բարոյական դեգրադացիա», «մոսկաներ» եւ այլն, ապա դրանք արտահայտում են երկրորդ նախագահի բնավորության առանձնահատկությունները:

Այդ գործիչը՝ իր անվիճելի արժանիքներով հանդերձ, չի կարող իր քաղաքական ընդդիմախոսների մասին խոսել առանց թույնի, չարության, քինախնդրության: Նրա խոսքում լսվում է այն «ինտոնացիան», որը կար «Հայլուրում» 1998-2008 թվականներին: Եվ ինչո՞ւ միայն «Հայլուրում»՝ բոլոր լրատվամիջոցներում, որոնք առավել մոտ էին կանգնած այն ժամանակվա նախագահին: Հիշեք, թե ինչեր էին նրանք ասում ընդդիմության եւ, մասնավորապես, Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին: (Հիմա, երբ առաջին եւ երկրորդ նախագահների թիմերի միջեւ հարաբերությունները որոշ չափով ջերմացել են՝ «ռեալպոլիտիկի» շրջանակներում, այդ ամենը փոքր-ինչ մոռացվել է): Վերջին 5 տարում իշխանամետ լրատվամիջոցներից այդ թունավոր, չարախինդ «ինտոնացիան» շատ ավելի հազվադեպ է հնչում: Եվ հակառակը՝ քոչարյանական լրատվամիջոցներում այն շարունակում է հնչել, հիմա արդեն՝ ներկայիս իշխանությունների հասցեին:

Երկրորդ նախագահի այդ մարտավարությունը բնորոշելու համար առավել հարմար է կիրառել այն ռուսերեն բառը, որը ժամանակին օգտագործել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «мочить»: Երբ պետք է՝ բառերով, քարոզչությամբ, երբ պետք է՝ «կազմակերպական գործողություններով»՝ («Ա1+»-ի փակում), երբ պետք է՝ զենքով («մարտի 1»): Պատերազմի ժամանակ հակառակորդի նկատմամբ միանգամայն կիրառելի այդ մոտեցումը Հայաստանի ներսում բերել է բազմաթիվ կորուստների:

Այո, Քոչարյանի ժամանակ մեր երկրի տնտեսական վիճակն ավելի բարվոք էր, եւ դա առաջին հերթին հենց իր՝ երկրորդ նախագահի եւ նրա թիմի արդյունավետ աշխատանքի արդյունքն է (այնպես չէ, որ նրանց բախտն էր բերել, իսկ հիմա հանգամանքները ներկայիս կառավարության դեմ են, ինչպես փորձում է ներկայացնել վարչապետ Տիգրան Սարգսյանը): Բայց 10 տարի առաջ տնտեսական վիճակն այնքան լավը չէր, որ այսօր դրա վերաբերյալ կարոտախտ առաջանա: Իսկ ինչ մնում է կոռուպցիային, թալանին, չինովնիկների միլիոնատեր եւ միլիարդատեր դառնալուն, ապա վիճակը վերջին 15 տարում չի փոխվել: Փոխարենն այսօր՝ քոչարյանական ժամանակաշրջանի հետ համեմատ, ավելի զարգացած է ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը (դժվար է, օրինակ, պատկերացնել, որ երկրորդ նախագահի իշխանության օրոք եթերում լինեին ընդդիմությանը եւ «այլընտրանքին» պատկանող հեռուստաընկերությունները), բանավեճի ինտոնացիան դարձել է ավելի մեղմ, հանդուրժող:

Իսկ ո՞րն է, կհարցնեք, ավելի գերադասելի: Եթե ես որեւէ մի թիմի քարոզիչը լինեի, ապա կասեի՝ այս մեկը կամ այն մեկը: Բայց քանի որ սա վերլուծություն է, ոչ թե քարոզչական պաստառ, ապա ասեմ՝ երկուսն էլ պատմական էտապներ են, որոնք ունեն իրենց թե՛ դրական եւ թե՛ բացասական կողմերը:

Արամ Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (10)

Պատասխանել

  1. Garry says:

    Հիացմունքի արժանի վերլուծություն!!!!!!!

    • Գալուստ Ենոքյան says:

      Հարգելի Արամ, թույլ տվեք հարցնել, (նախ իհարկե կներեք որ դիմում եմ Ձեզ ձեր անվամբ միայն, կարծում եմ տարիքիցս ելնելով կարող եմ ինձ թույլ տալ եթե դեմ չեք), «Այդ գործիչը՝ իր անվիճելի արժանիքներով հանդերձ» ,ես ճիշտն ասած այդ գործչի որեվե դրական արժանիքի մասին տեղյակ չեմ, հավանաբար որ հեռվից եմ հետեվել քաղաքական անց ու դարձին, այնուամենայնիվ ինձ հետաքրքիր կլիներ Ձեր կարծիքը…

      • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

        Հարգելի Գալուստ։ Նախ՝ ճիշտ եք անում, որ դիմում եք անունով, ինձ էլ թույլ տվեք նույնը անել։ Մնացածը՝ հաջորդիվ։

      • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

        Հարգելի Գալուստ, ես լրագրող եմ, եւ, ինչպես որ ես եմ պատկեացնում իմ աաքելությունը, պարտավոր եմ զերծ մնալ ավելորդ էմոցիաներից՝ այս կամ այն երեւույթը կամ մարդուն գնահատելիս: Ռոբերտ Քոչարյանն ունի կազմակերչական որոշակի ձիռք, վճռականություն եւ խիզախություն, որոնք նպաստել են պատերազմի ժամանակ Ղարաբաղի ինքնապաշտպանութան ճիշտ կազմաերպմանը: Նա ունի նաեւ տնտեսոության վերաբերյալ որոշակի գիտելիքներ, որոնք իր իշխանության ժամանակ բերել են տնտեսության մեջ դրական տեղաշարժերի: Դրանք օբյեկտիվ՝ թվային ցուցանիշենր են, որոնց հետ վիճելը դժվար է: Միաժամանակ՝ դրանք չեն նպաստել մեր բնակչության կյանքի էական բարելավմանը: Փոխարենը՝ վերջին հինգ տարում նկատվում է կյանքի էական վատթարացում: Քոչարյանն ունի նաեւ լուրջ թերություններ, որոնցից մի մասը ես նշել եմ հոդվածում: Արդյոք թերությունների եւ արժանիքների բալանսը դրական է, թե բացասական՝ պատմաբանների խնդիր է: Ինձ առայժմ թվում է, որ՝ բաղասական:

        • Գալուստ Ենոքյան says:

          Արամ, շնորհակալ էմ:

        • Գալուստ Ենոքյան says:

          Հարգելի Արամ, կարծում եմ լավ կլինի Ձեր լրագրի (եվ այլ լրագրերի) այս բանավեճերի բաժնում մեր հայրենակիցների հետ քննարկվեն թե հիմնականում ինչ քաղաքական եվ տնտեսական բացթողումները բերեցին մեր երկիրը այս վիճակի,քանի հնարավորությունը դեռ կա, քանզի անօրինական ընտրությունների պայմաններում, երբ մարդիկ զրկված են իրենց կամքն արտահայտելու երկրի քաղաքական են տնեսական կառուցմանը գործում,մարկանց որպես հասարակություն կազմակերպվելու միակ միջոցը մնում են լրագրերը…: Կարծում եմ որ այսօր անկախ լրագրերի օգնությամբ, նրանց շուրջ հասարակության կազմակերպվելը ավելի արդյունավետ կլինի քան այն ընդդիմադիր կուսակցությունների որոնց «քաղաքական» պայքարը հիմնականում Ազգային Ժողովում «ճառեր» ասելն է եվ դրա դիմաց համապատասխան …աշխատավարձ ստանալը…:
          Կարծում եմ անբռնազբոս ,բայց հարգալից քննարկումները մարդկանց մեջ կարթնացնեն քաղաքացիական գիտակցությունը, եվ կուղղորդեն իրավիճակը փոխելու անհրաժեշտության: Մարդիկ իրենց մտավոր կարողությունները արտերկիր տեղափոխվելու խրթին նրբությունները քննարկելու փոխարեն, կքննարկեն, թե մեր հասարակության ինչ բացթողումները հասցրեց մեր Նախագահների ՄԻԱՀԵԾԱՆ իշխելուն, երբ ազատ շուկայական հարաբերությունները ոչ մի իշխանական միջամտության կարիք չունեին, ճիշտ հակառակը իշխանության դերը պիտի լիներ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ապահովումը, որ «ՇՈՒԿԱՅԻ» որեվե մի մասնակից որեվե մի ԻՇԽԱՆԱՎՈՐԻՑ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ չունենար(սա այն հենց այն է ինչ որ կոչվում է ԿՈՌՈՒՊՑԻԱ)…: Ինչու Կոմունիստական իշխանավորության ձեվը ընդունվեց որպես էտալոն եվ այդ էտալոնի նախկին սպասավորներին նորից վստահվեց շարունակել…

  2. Մարգար Մախսուդյան says:

    Ճիշտ դիտարկումներ՝ սխալ «ինտոնացիայով»-ին հեղինակը, ցավոք, դրան հակադրել է ՛՛Կասկածելի եզրակացություններ ճիշտ «ինտոնացիայով»՛՛, իսկ թե ո՞րն է դրանցից նախընտրելի, դարձյալ ցավոք՝ ոչ մեկը…
    Ահա այն պնդումը, որն ըստ իս՝ թերարժեք է դարձնում, ընդհանուր առմամբ, լավ հոդվածը.
    == Փոխարենն այսօր՝ քոչարյանական ժամանակաշրջանի հետ համեմատ, ավելի զարգացած է ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը (դժվար է, օրինակ, պատկերացնել, որ երկրորդ նախագահի իշխանության օրոք եթերում լինեին ընդդիմությանը եւ «այլընտրանքին» պատկանող հեռուստաընկերությունները), բանավեճի ինտոնացիան դարձել է ավելի մեղմ, հանդուրժող: ==
    Հարգելի հեղինակ, ի՞նչ նկատի ունեք ժողովրդավարություն ասելով՝ ժողովրդին վարելը՞; թե ժողովրդին վարի տալը, եթե դրանցից որևէ մեկը՝ ապա առարկություններ չունեմ, իսկ եթե բառի հիմնական իմաստով՝ այն է՝ ժողովրդի կողմից վարվող իշխանություն կամ քաղաքականություն, այդ դեպքում՝ կներեք, դա նման է սև խոռոչին լուսատու անվանելուն, իսկ ինչ վերաբերում է խոսքի ազատությանը, հնարավոր է, որ նկատի եք ունեցել քաղաքականություն սողոսկած և վերին օրհնությամբ հարմար տեղավորված երեկվա քյառթուներին, նրանց անպատկառ ու անպարկեշտ արտահայտությունները, որոնք հենց նպատակ ունեն խեղդելու խոսքի ազատությունը, ապա դրանք ոչ միայն չեն զիջում երկրորդ նախագահի արտահատչամիջոցներին, այլև հաստատապես ավելի ՛՛գունեղ՛՛ են դրանցից, այնպես որ, Ձեր ջանքերը՝ գտնել գոնե մի դրական շող էս համատարած գորշության ու տիղմի մեջ, ավա՜ղ, զուր են…, չէ՞ որ ասում են, մի՛ փնտրիր սև կատու մութ սենյակում, որտեղ այն չկա…

  3. կայծակ փալանճեան says:

    Նախկին ձեր խմբգր.դուք շատ լաւ եք տրամաբանել-սիրում եմ կարճ գրել-իսֆ Վահէն էլ նմանապէս: Ներողամիտ եղէք եթէ ինչ որ չափով իմ մասին ձեզ եւ կայք-էջի վրայ մասնակցողներին յայտնեմ յետեւեալը:- Ընտրւել եմ Առաջին Համահայկական Համագումարին ,Փարիզ շուրջ չըրս հարիւր մասնակցողներից-երբ 28Զէկուցաբերներ էինք եւ Եռօրեայ Վեց երկար Սէցիա ներից յետոյ դա ձայների մէծամասնութեամբ ստացւեց:Մասնակցում էինշկրեթէ բոլոր Հայ-գաղութ երկրնեից-յիշեալք-եւ իւրաքանչիւր պարտաւոր էր ՔՍԱՆ անձերից Լիազօրագիր ներկայացնել:
    Եղել եմ նաեւ մասնակից Ֆրանսիա-Groupement Interprofecionel Armeniene-ի սկզբնաւորման….
    Ցանկութիւնս է տեսնել Հայրենիքում աւելի իրար-ձանդուժող Ժողոխուրդ եւ նոյնից …ՄԻՄԻԱՅՆ ԻՒՐԵԱՆՑ (ՁԻՐՔԵՐԻ) ՀԻՄԱՆ ՎՐԱՅ ընտրւած առաջնորդութեան:Իսկ Նոր Տարվաե մի այլ suggestion-ըս է..իմիջի այլոց այդ բառի թարգմանութիւն չունենք-մի տեսակ մէջ դնել է ,կստացւի թէ ոչ,այլ հարց..շարունակեմ ՀԱՐԿ Է ՄԻ ԿԵՐՊ ՀԱՄԱՅԱՅՆՈՒԹԵԱՆ ԳԱԼ ՊԱՔՒԻ ՀԵՏ,ԱՐՑԱԽԸ ՅԱՅՏԱՐԱՐԵԼ ԻԲՐ ‘PRINCIPALITY OF NMAGORNYI KARABA-եւ ԱՌԵՒՏՐԻ Ա Զ Ա Տ Գ Ո Տ Ի -Շահաւէտ երկուստեք: Անդոռռան Ե Ր Կ Ո Ւ Դ Ա Ր ԿՌՒԱԽՆՁՈՐ էր Ֆրանսիո եւ Իսպանիո միջեւ..ի վերջոյ այդ յայտարարւեց եւ Ազատ Գոտի..հիմայ լաւ Տուրիզմ ունեն եւ աշխարհի շատ երկրներից ներկրւում է ապրանք գրեթէ առանց ՄԱՔՍԱՅԻՆ ՏՈՒՐՔԻ..
    Պիտի խնդրէի այս առթիւ աւելի մեր Ժողովրդին ծանոթացում ձեր կողմից…քանզի ժամանակը գործում է -ցաւօք- իրենց օգտին:մենք թէպէտեւ նմանապէս սպառազինւում ենք եւ հաւանական չէ որ պատերազմ սկսւի,(ԷՆՐԿԻԱՅԻ ի հոսքը կարեւոր է շատերին)սակայն ՀԱՐԿ Է լուրջ մտածել..ի վերջոյ մինչեւ երբ ոչ պատերազմ ոչ խաղաղութիւն:
    Առաւել,Անդոռռան կառավարւում է Երկուստեք(Ֆրղեւ իսպան)սակայեն աւելի Վերջինն է Դերակատար-իր կից Կատալունիա նահանգից-մէկ խօսքով վերջինն է իրականը…
    Յոյսով լինի բերքառատ յաջող տարի եւ Հայաստանում Կառավարութիւն բառ աւելի Կործածւի քան Իշխանուլիւն-Մենք այլեւս Բդէշխների-իշխանների Ժողովորդ չենք կարող սէպւէլ-Շատ բարեւ Հասկցողներին…

  4. Maxim says:

    Նախ մեկ անգամ ևս իմ խորհին շնորհակալությունը Արամ Աբրահամյանին՝ նաև այս թեմայի համար։
    Երկրորդ նախագահ կոչեցյալը, որի անունը տալը ինձ համար պարզապես զզվելի է, իրոք ունի շատ ուժեղ կամային հատկություններ, որից մի քանիսը նշեց հեղինակը, բայց իմ խորը համոզմամբ նրա այս բոլոր հատկությունները իրոք օգտակար են եղել պատերազմական վիճակում, և նույնչափ աղետալի՝ նրա կառավարման տարիներին։ Նրա հաջողությունները տնտեսության զարգացման բնագավառում՝ դա տնտեսական մի ճյուղի հզոր թափով աճն էր ի վնաս մնացած ճյուղերին։ ,,Այս մասին իրավացի է գործող վարչապետի քննադատությունը, որը իր հերթին մինչ օրս բացի ստից ու դեմագոգիայից դեռ ոչինչ չի արել, և համոզված եմ որ չի էլ անի,,։
    Երկրորդ նախագահը հիմք դրեց կլանային կամ ոհմակային քրեական օլիգարխիան, որը նրան հենարան հանդիսացավ՝ գողության, թալանի, որպես անառակաբարո համակարգ ,,հիշենք նաև այն ցուցակները, որը քննչական պրոցեսում հայտնվել էր յուրաքանչյուր օլիգարխի կողմից աջակցություն
    նրան՝ ընդեմ սեփական ժողովրդին մարտի 1–ին։
    Կարծում եմ եթե իր այդ կամային հատկությունները օգտագործեր ի շահ ժողովրդի՝ ազգը հաջողությունների կհասներ ,,ինչը որ չէի ասի այս գործողի մասին, որը մեկ խոսքով՝ խայտառակություն է,,։ Ցանկացած մարդ որքան էլ փորձի թաքցնել իր էությունը, միևնույնն է, նրա արարքները նրան բնութագրում են ,,Տեսեք նրա գոհունակությունը՝ Տանզանիայում առույծ կամ անտիլոպ որսած պահին, մի՞ թե նորմալ մարդը իրեն նման բան թույլ կտա, իսկ թալանի մասին խոսելը՝ մի առանձին շատ ծանր ու ցավալի թեմա է, որը հիմք դրեց այսօրվա աղետալի վիճակին,,։
    Այս երկու հանցագործ ընկերները, ովքեր երբեմն իբր միմյանց հակառակորդներ են հանդիսանում,
    սակայն դա միմիայն ձևացնում են շատ հասկանալի պարզ պատճառով,՝ հիմնահատակ ավիրեցին
    Հայաստանը թե՝ տնտեսապես և թե՝ բարոյապես։ Այս մասին՝, լսել եմ որ իր գրքում գրել է Ալեքսանդր Վարպետյանը։ Հենց այս երկուսը, ՝ երկրորդ և երրորդ նախագահ կոչեցիալները Հայաստանը վաճառեցին՝ Պուտինին, այլ ոչ Ռուսաստանին։ Վերջինիս մասին համացանցում շատ
    մանրամասն ներկայացված է Ալեքսանդր Լիտվինենկոյին վերաբերվող տեսաֆիլմերում, որտեղ
    նրա տասնյակ բացահայտված հանցագործություններից և ոչ մեկում պատիժ չկրեց, ընդհուպ մինչև
    թմրանյութերի մեծ առևտուր Հարավային Ամերիկայից, այդ թվում և Բոլիվիայից։ „Իսկ այս երկու հանցագործ տարրերը Հայաստանից տարած թալանը ամենայն հավանականությամբ, ապահովագրել են վերջինիս մոտ,,։ Եվ վերջապես՝ –ասա ով է ընկերդ, ասեմ ով ես դու։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031