Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը ակտիվ քաղաքականություն վերադառնալու հայտ էր»

Հունվար 17,2014 14:25

«Առավոտի» հարցերին պատասխանում է ԱԺ պատգամավոր Լեւոն Դոխոլյանը

– Պարոն Դոխոլյան, Դուք պատգամավորի կարգավիճակով արդեն մասնակցել եք ԱԺ քառօրյային: Կարողացե՞լ եք լիարժեք մտնել աշխատանքի մեջ, արդարացե՞լ են Ձեր պատկերացումները խորհրդարանի մասին:

– Գիտեք, քաղաքականությամբ միշտ եմ ապրել եւ չեմ կարող ինձ այդ դաշտում պասիվ գնահատել: Դա հավանաբար եկել է մեր հասարակությանն ու պետությանը հուզող բազմաշերտ խնդիրների եւ դրանց լուծման ուղիների նկատմամբ ունեցած իմ հետաքրքրությունից, ոչ անտարբեր վերաբերմունքից եւ գուցե անհանգիստ բնավորությունից: Այո, ես իսկապես ունեցա իմ առաջին քառօրյան, եւ ինչպես նիստերի դահլիճ մուտք գործելու պահին, հիմա առավելապես տոգորված եմ մեծ վճռականությամբ, ակտիվ աշխատանքի տրամադրվածությամբ, իմ եւ «Օրինաց երկրի» տեսակետներն անկաշկանդ արտահայտելու, ժողովրդի մատից փուշ հանելու մտադրությամբ:

Այս համատեքստում պետք է ընդգծեմ, որ «Օրինաց երկիր» խմբակցությունը մշտապես եղել է ԱԺ ամենաակտիվ խմբակցություններից մեկը, ինչը նաեւ արձանագրում են խորհրդարանի աշխատանքները ուսումնասիրող տարբեր կառույցներ: «Օրինաց երկիր» խմբակցությունում ակտիվ եւ արդյունավետ աշխատանքի ավանդույթները դրվել են խմբակցության ստեղծման առաջին օրվանից, երբ այն ղեկավարում էր կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Հետեւաբար լինելով «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր՝ պարզապես չես կարող չաշխատել: Իսկ այդ աշխատանքներին ինտեգրվելու համար նաեւ անհրաժեշտ է լինել նախաձեռնող, ունենալ աշխատասիրություն եւ պատասխանատվության զգացում:

Սա անշուշտ պահանջում է մեծածավալ աշխատանքի իրականացում, հետեւողական պայքար` հուսախաբ չանելու համար բազմահազար այն մարդկանց, ովքեր հավատի եւ վստահության ուժով քվեարկել են մեր գաղափարների, մեր ծրագրերի օգտին: Իհարկե, ես որպես ՕԵԿ ներկայացուցիչ՝ նաեւ քաղաքական պատասխանատվություն եմ կրում ոչ միայն մեր թիմակիցների ու համախոհների, այլեւ մեր ժողովրդի ու պետության առջեւ:

– Ձեր պատասխանից կարելի՞ է ենթադրել, որ չեք պատրաստվում լինել ԱԺ-ում հերթական «կոճակ սեղմող» պատգամավորներից մեկը:

– Այո, ես նման գործելաոճով առաջնորդվելու մտադրություն չունեմ: Ասեմ ավելին՝ այսօր ինձ տրված է հնարավորություն իմ աշխատանքով ինչ-որ բան փոխել դեպի լավը: Այս փիլիսոփայությունը պարզապես պարտավորեցնում է պատասխանատվություն եւ ակտիվ աշխատանք ինչպես խորհրդարանում, այնպես էլ նրա պատերից դուրս, ինչի ականատեսը դուք վստահաբար առաջիկայում կլինեք:

– Պատգամավորի աշխատանքի կարեւոր բաղադրիչներից մեկն էլ Ձեր նշած աշխատանքն է խորհրդարանից դուրս: Դուք ապրում եք Շենգավիթ վարչական շրջանում, շենգավիթցին ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ Ձեր գործունեությունից:

– Ծնվել եւ մեծացել եմ Շենգավիթում: Ինչ խոսք, քաջածանոթ եմ Շենգավիթի խնդիրներին, որոնք տասնամյակներ շարունակ լուծումներ չեն ստանում: Դրանք բազմազան են՝ սկսած բնակարանային նվազագույն լուծումներ պահանջող խնդիրներից, բարաքներում ապրող բազմաթիվ մանկահասակների ու ծերերի տարրական կենցաղային պայմաններից, գազիֆիկացման, ջրամատակարարման, ջրահեռացման պրոբլեմներից մինչեւ կրթության, առողջապահության եւ այլ հիմնահարցեր:

Այսինքն՝ իսկապես կան լրջագույն խնդիրներ, որոնք արդեն իմ ուշադրության կենտրոնում են, եւ որոնց մասին Ազգային ժողովում կբարձրաձայնեմ` փորձելով աջակցել դրանց լուծմանը: Ուզում եմ նաեւ ձեր թերթի միջոցով հայտարարել, որ Շենգավիթի ՕԵԿ գրասենյակում, սկսած փետրվար ամսից, ազգաբնակչության հետ կազմակերպելու եմ պարբերական հանդիպումներ, քննարկումներ, որպեսզի անձամբ քաղաքացիներից տեղեկանամ այն խնդիրների մասին, որոնք առհասարակ մնում են ուշադրությունից դուրս:

– Ի՞նչ գնահատական կտաք երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու վարչապետ Տիգրան Սարգսյանի հրապարակային բանավեճին, եւ տնտեսագիտորեն որքանո՞վ են հիմնավոր նրանց ներկայացրած փաստարկները:

– Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, իմ համոզմամբ, քաղաքական շեշտադրումներ պարունակող քայլ է եւ ակտիվ քաղաքականություն վերադառնալու հայտ, ինչը եւս մեկ անգամ ամրապնդվեց երկրորդ նախագահի գրասենյակի կողմից տարածված հայտարարությամբ: Այն խնդիրները, որի մասին այժմ բարձրաձայնում է Ռոբերտ Քոչարյանը, ընդհանուր առմամբ ունեն հին արմատներ: Փաստարկների հիմնավորվածության մասին կարելի է խոսել միայն քաղաքական ենթատեքստը հանելուց հետո: Սակայն այս ամենը ունի ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական շարժառիթ: Ռոբերտ Քոչարյանի կողմից հնչեցվել են հարցադրումներ, որոնց, իմ կարծիքով, կառավարությունը պետք է տա սպառիչ եւ ամբողջական պատասխաններ բոլոր ուղղություններով: Ես կողմնակից եմ նման հրապարակային արձագանքմանը, ինչը քաղաքակիրթ մոտեցման դրսեւորում է:

Սակայն հրապարակավ մեղադրանքներ հնչեցնելով, սոսկ վերլուծություններ հրապարակելով` ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը չի բարելավվի: Հասարակության մեծ մասին սա չէ, որ հետաքրքրում է: Մարդիկ ուզում են դրական փոփոխությունները զգալ իրենց սեփական մաշկի վրա: Ես վստահ եմ, որ անցյալում եղել եւ այսօր էլ կան բազմաթիվ բացթողումներ եւ սխալներ, որոնց հետ ոչ թե պետք է կռիվ տալ, այլ գնալ դրանց լուծման ճանապարհով: Կարծում եմ, որ գերակա շահը ժողովրդի բարօրությունն է եւ հանրային լսումների ու քննարկումների, քաղաքակիրթ դեբատների միջոցով է հնարավոր երկրի սոցիալ-տնտեսական եւ բարոյա-հոգեբանական իրավիճակին լինել ադեկվատ եւ ձեռնամուխ լինել առկա հիմնախնդիրների լուծմանը: Կարծում եմ՝ սա է ճիշտ եւ արդյունավետ աշխատելաոճը:

ՕԵԿ-ը, որպես կոալիցիոն կուսակցություն, հանդես է գալիս հենց այս դիրքերից, որի առհավատչյան են մեր ներկայացրած բազմաթիվ օրենսդրական նախաձեռնությունները, որոնք կոնկրետ եւ առարկայական խնդիրներ են լուծում մեր հասարակության բազմաթիվ շերտերի համար:

Այդուհանդերձ, ժամանակ առ ժամանակ նոր հրապարակումների ականատեսն ենք լինում, եւ կարծում եմ՝ ավելի խորը գնահատականներ հնչեցնելու համար պետք է սպասել հետագա զարգացումներին:

– Պատրաստվո՞ւմ եք առաջիկայում հանդես գալ օրենսդրական նախաձեռնություններով:

– Մեր հասարակությունում կուտակված բազմաթիվ խնդիրներ պահանջում են նորովի եւ համարձակ լուծումներ: Հենց այս տրամաբանության շուրջ կկառուցվեն իմ առաջիկա օրենսդրական նախաձեռնությունները, որոնցով իմ նպաստը կբերեմ նաեւ ՕԵԿ ծրագրերի իրականացմանը: Իսկ այդպիսիք, վստահեցնում եմ, իրենց երկար սպասեցնել չեն տա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Կարինե says:

    ուրախ եմ, որ ՀՀ քաղաքական դաշտը համալրվեց ևս մեկ գրագետ, խելացի երատասարդով,

  2. Արմեն says:

    Ուսանողական տարիներից եմ ճանաչում Լ.Դոխոլյանին: Իսապես շատ ուրախացա որ ԱԺ-ում ես ներկա դրությամբ: Համոզված եմ գիտելիքներդ կօգտագործես ի բարօրություն մեր երկրի զարգացման, առաջընթացի և վերելքների համար:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031