Լրահոս
Օրվա լրահոսը

Փոլ Մաքքարթնին եւ Ռինգո Սթարը միասին ելույթ կունենան

Հունվար 23,2014 13:24

Ամբողջ անցած շաբաթ երաժշտական լրատվամիջոցներում լուրեր էին շրջանառվում, թե լեգենդար The Beatles-ի ողջ մնացած անդամներ Փոլ Մաքքարթնին եւ Ռինգո Սթարը ելույթ կունենան միասին հունվարի 26-ին կայանալիք Grammy 56-րդ ամենամյա մրցանակաբաշխության ընթացքում: Պատճառն այն էր, որ Ամերիկայի ձայնագրման ակադեմիան հայտարարել էր, որ Փոլ Մաքքարթնին եւ Ռինգո Սթարը հանդես են գալու մրցանակաբաշխության ժամանակ, քանի որ այս տարի «լիվերպուլյան քառյակին» է հանձնվելու Lifetime Achievement մրցանակը` ձայնագրման ինդուստրիայում մեծ ավանդ ունենալու համար: Այնուամենայնիվ, օրերս, Access Hollywood-ի հետ զրույցի ժամանակ, Ռինգո Սթարը հայտարարել է, որ նախկին խմբակիցների համատեղ ելույթը կկայանա հունվարի 27-ին` The Beatles-ին նվիրված The Night That Changed America: A Grammys Salute to The Beatles միջոցառման ժամանակ: Ռինգո Սթարը, մասնավորապես, ասել է. «Նրանք այդ մեծ շոուն են կազմակերպում երկուշաբթի` նշելու 50 տարին, ինչ մենք վայրէջք կատարեցինք Նյու Յորքում 1964-ի փետրվարին, եւ մենք դա այդտեղ ենք անելու»: Միջոցառումը տեղի է ունենալու Լոս Անջելեսի Convention կենտրոնում եւ դրա շրջանակներում The Beatles-ի երգերի իրենց տարբերակներով ելույթ կունենան մի շարք հանրահայտ երաժիշտներ: Դրանց թվում են Ալիշա Քիզը, Maroon 5-ը, Ջոն Մեյերը, Քիթ Ուրբանը եւ Eurythmics-ը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Eurythmics-ի Էնի Լենոքսը եւ Դեւիդ Սթյուարթը, ովքեր միասին չէին նվագել 2005-ից ի վեր, իսկ վերջին համատեղ ձայնասկավառակը թողարկել էին 1999-ին, հատուկ վերամիավորվելու են այս համերգին մասնակցելու եւ «բիթլերին» հարգանքի տուրք մատուցելու համար: Համերգը կհեռարձակվի փետրվարի 9-ին CBS հեռուստաալիքով, The Ed Sullivan Show-ում The Beatles-ի պատմական ելույթից ճիշտ 50 տարի անց:

Բացի Lifetime Achievement մրցանակից, Փոլ Մաքքարթնին այս տարվա Grammy-ների հավակնորդների շարքում է նաեւ այլ անվանակարգերում, որոնց թվում են. «Լավագույն երաժշտական ֆիլմ»` Live Kisses համերգային տեսաֆիլմի համար եւ «Լավագույն ռոք երգ»` Nirvana-ի նախկին անդամներ Դեյվ Գրոլի, Քրիստ Նովոսելիչի հետ համագործակցության ընթացում ստեղծված Cut Me Some Slack երգի համար: Իր ողջ ստեղծագործական գործունեության ընթացքում Փոլ Մաքքարթնին, ընդհանուր առմամբ, ստացել է 17 Grammy: Դրանցից 10-ին նա արժանացել է որպես The Beatles-ի անդամ, 3-ին՝ Wings-ի կազմում եւ 4-ին՝ որպես սոլո երաժիշտ:

Այս պահին Փոլ Մաքքարթնին եւ Ռինգո Սթարը Grammy-ի մասնակից երաժիշտների ցանկում նշված են որպես առանձին կատարողներ, սակայն, ինչպես հայտնում է The Mirror-ը, մրցանակաբաշխության ներկայացուցիչները չեն բացառում, որ նրանք կարող են միասին ելույթ ունենալ: Մաքքարթնին եւ Սթարը վերջին անգամ միասին հանդես են եկել չորս տարի առաջ` 2010-ի հուլիսի 7-ին Նյու Յորքում` Ռինգո Սթարի 70-ամյակին նվիրված Ringo Starr & His All-Starr Band-ի համերգի ընթացքում: Այն ժամանակ Մաքքարթնին միացավ Սթարի խմբին` միասին կատարելու Birthday երգը:

Հայկական ռոք ասոցիացիա

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031