Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Գագիկ Եգանյանի՝ քաղաքացիները կարող են պարզել` իրենց մուտքն արգելվե՞լ է Ռուսաստան, թե՞ ոչ. «Հայոց աշխարհ»

Փետրվար 04,2014 12:20

2014թ. հունվարի 1-ից Ռուսաստանի Դաշնությունում ուժի մեջ են մտել «ՌԴ-ից ելքի եւ ՌԴ մուտքի մասին» եւ «ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» դաշնային օրենքներում կատարված փոփոխությունները, որոնց համաձայն Ռուսաստան առանց վիզա մուտքի իրավունք ունեցող պետությունների (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության) քաղաքացիներն իրավունք ունեն մնալ ՌԴ տարածքում ոչ ավել, քան 3 ամիս: 90 օրը լրանալուց հետո նրանք պետք է լքեն երկիրը: 90-օրյա ժամկետից ավելի Ռուսաստանում կարող են գտնվել այն անձինք, ովքեր իրենց գործատուի հետ կունենան աշխատանքային պայմանագիր: Օրենքով նախատեսված այս պայմանները խախտելու դեպքում 3-5 տարով կզրկվեն Ռուսաստան մուտք գործելու իրավունքից:
Օրենքներում կատարված փոփոխությունների մասին՝ հատված Միգրացիոն ծառայության պետ ԳԱԳԻԿ ԵԳԱՆՅԱՆԻ հետ հարցազրույցից:

  -Կա՞ վիճակագրություն, թե քանի հայ է իր մաշկի վրա զգացել օրենքի այս փոփոխությունը: 

-Նման վիճակագրություն չի կարող լինել, բայց դատելով Հայաստանից դեպի Ռուսաստան ուղղված միգրացիոն հոսքերի ծավալներից, նաեւ իմանալով, թե ինչպիսի կարգավիճակում էին շատերը գտնվում, կարող ենք ասել, որ ոչ քիչ մարդկանց վրա սա կազդի:
Ինչ է կատարվել: Համաշխարհային միգրացիոն պրակտիկայի տեսանկյունից արտառոց ոչինչ չկա: Հայաստանը ոչ վիզային ռեժիմի երկիր է համարվում Ռուսաստանի հետ: Նախկինում հայերը հնարավորություն ունեին գտնվել ՌԴ-ում 90 օր 365 օրվա ընթացքում: Այս ռեժիմը հնարավորություն էր տալիս, որ մարդիկ աշխատանքային գործունեություն ծավալեն առանց դրա թույլտվությունն ունենալու: Իսկ 90-րդ օրը հատում էին Ռուսաստանի սահմանը եւ անմիջապես վերադառնում: Ժամանակի նոր հաշվարկ էր սկսվում: Այսինքն՝ ոչ վիզային երկրի բնակիչը բնակվում էր Ռուսաստանում առանց դրա համապատասխան հիմքերն ունենալու, առանց ձեւակերպումների: Նոր փոփոխությունների համաձայն, ՌԴ առանց վիզա մուտքի իրավունք ունեցող պետությունների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիները Ռուսաստանում 90 օր գտնվելուց հետո այլեւս չեն կարող հատել Ռուսաստանի սահմանը եւ անմիջապես վերադառնալ, ինչպես դա անում էին նախկինում:

Քանի որ մեր քաղաքացիների մեծ մասը Ռուսաստանում աշխատանքային գործունեություն է ծավալում, այդ պատճառով պետք է հորդորենք, որ մինչեւ 90 օրը լրանալը նրանք դիմեն ու ձեռք բերեն աշխատանքի թույլտվություն, աշխատանքային պայմանագիր: Դա ձեռք բերելու համար պետք է դիմեն տարածքային դաշնային միգրացիոն ծառայության ստորաբաժանում, ներկայացնեն մի քանի տեսակի փաստաթղթեր, ինչպես նաեւ վճարեն 2000 ռուբլի պետտուրք եւ ստանան աշխատանքային թույլտվություն:
Գագիկ Եգանյանը օրենքի փոփոխությամբ մտահոգված քաղաքացիներին խորհուրդ տվեց այցելել Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության պաշտոնական կայքէջ (fms.gov.ru) պարզելու` իրենց անունները, անհատական տվյալները արգելված անձանց ցանկում ընդգրկվա՞ծ են, թե՞ ոչ: Այդ կերպ քաղաքացիները կարող են պարզել` իրենց մուտքն արգելվե՞լ է Ռուսաստան, թե՞ ոչ:

Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728