Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում առաջին անգամ կբեմադրվի Մոցարտի «Կախարդական սրինգը»

Փետրվար 04,2014 13:15

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը իր 80 տարիներին բնականաբար անդրադարձել է արեւմտաեվրոպական կոմպոզիտորների գլուխգործոցներին, սակայն, չգիտես ինչու, ուշադրության չի արժանացել համաշխարհային օպերային գրականության ընտիր նմուշներից մեկը՝ Մոցարտի «Կախարդական սրինգը»: Թե ինչու հիշյալ օպերան չի բեմադրվել, պատասխան չուներ նաեւ դիրիժոր, օպերային արվեստի երախտավոր Յուրի Դավթյանը: Միայն 2008թ. առաջին անգամ մեր թատրոնում կայացավ հիշյալ օպերայի համերգային կատարումը՝ Շվեյցարիայից հրավիրված դիրիժոր Ֆակունդո Ագուտինի ղեկավարությամբ: Օրերս, դարձյալ համերգային կատարմամբ, ներկայացվեց «Կախարդական սրինգը», Շվեյցարիայից հրավիրված, այս անգամ՝ դիրիժոր Միքայել Վենդեբերգի մատուցմամբ: Մենակատարներն էին ՀՀ վաստակավոր արտիստ Առնոլդ Քոչարյանը, մեներգիչներ Հասմիկ Թորոսյանը, Պերճ Քարազյանը, Լիլիթ Սողոմոնյանը, Մագդա Մկրտչյանը, Արեւիկ Գյուլբուդաղյանը եւ այլն, թատրոնի երգչախումբը (խմբավար՝ Զոյա Կարապետյան), Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի սաները (գեղարվեստական ղեկավար՝ Դավիթ Զալյան):

Միքայել Վենդեբերգը ծանոթ անուն է հայ հանդիսականին: Հիշեցնենք, նա 2013թ. հրավիրված էր օպերային թատրոն՝ «Համերգ ճեմասրահում» նախագծի շրջանակներում: Արվեստագետը 20-րդ դարի ավստրիացի կոմպոզիտոր Մալերի օրինակով զբաղվում է նաեւ լեռնագնացությամբ: Հիշեցնենք, որ անցյալ տարի ամռանը նա օպերային թատրոնի երաժիշտներ, ֆագոտահարներ Շմավոն Գրիգորյանի եւ Վիգեն Հարությունյանի ընկերակցությամբ հաղթահարեց քառագագաթ Արագածի ամենացածր՝ հարավային գագաթը՝ 3879 մետր:

Լյուցերնի օպերայի եւ բալետի թատրոնի երաժշտական ղեկավարի տեղակալ Միքայել Վենդեբերգն այս անգամ էլ հիացմունքն արտահայտեց թատրոնի նվագախմբի, երգչախմբի եւ, իհարկե՝ մեներգիչների, իր խոսքերով՝ «մի թատրոնում այսքան հզոր օպերային ձայներ, այն էլ՝ նույն ազգից, զարմանալի է…»:

Մեր զրուցակիցը հիացած էր հատկապես օպերային թատրոնի՝ իր հանդեպ ունեցած վստահությամբ: «Այս տարի Երեւանի օպերային թատրոնում կբեմադրվի Մոցարտի «Կախարդական սրինգը» (չնշելով ժամկետը), որի երաժշտական մասը ինձ են վստահել իբրեւ բեմադրող դիրիժոր, իսկ բեմադրությունը կիրականացնի գերմանացի ճանաչված ռեժիսոր Բենիամին Շադը, ով Արեւմուտքում հայտնի է ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից հեղինակների գործերի բարձրարվեստ ներկայացնող: Ռեժիսորի մասին հաճախ արեւմտյան մամուլը փաստում է, որ նա կայծակնային արագությամբ է աշխատում, օրինակ, միայն Գերմանիայում Շադը տարվա ընթացքում 3 ներկայացում է բեմադրում…»,- հայտնեց Միքայել Վենդեբերգը: Հետաքրքրությանը՝ իր թատրոնում նախապատվությունը տրվում է դասակա՞ն, թե՞ ժամանակակից օպերաներին ու բալետներին, դիրիժորը պատասխանեց. «Դասականը անհրաժեշտ է, ժամանակակիցը՝ պահանջ: Դասականը նվագելով ուրվագծվում է անցյալը, իսկ ժամանակակիցը դասականի արտացոլանքն է»:

Չի՞ պատրաստվում, անցյալ տարվա օրինակով, այս անգամ հաղթահարել Արագածի մյուս գագաթները նույնպես հարցին՝ դիրիժորը պատասխանեց. «Տարբեր առիթներով նշել ու համեմատել եմ՝ Արագածից ստացած բավականությունս նույնն է, ինչ լեռնագնացությունը Ալպեր: Քանի որ հաջորդ այցս հեռու չէ (նկատի ունի «Կախարդական սրինգի» երեւանյան բեմադրությունը), այդժամ անպայման կիրականացնեմ»:

Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728