Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական առաջին պլանշետը պաշտոնապես ներկայացվեց հանրությանը

Փետրվար 04,2014 18:27

Փետրվարի 4-ին կայացավ հայկական առաջին պլանշետի` ԱրմԹաբի պաշտոնական ներկայացումը և ցուցադրությունը: Բացման խոսքով հանդես եկան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը,«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր Վահան Չակարյանը և Minno Tablet ընկերության նախագահ Էրիկ Ռայենը:

«ԱրմԹաբ գաղափարը առաջին անգամ ներկայացվեց ԴիջիԹեք Էքսպո 2013 տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսին, իսկ GITI-2013 տարածաշրջանային միջոցառմանը գրավեց «Լավագույն մուլտիմեդիա նախագիծ» և «Տարվա ծրագրային ապահովում» մրցանակները՝ միանգամից գրավելով բոլորի ուշադրությունը: Ավելին, ՀՀ կառավարության շարունակական աջակցության շնորհիվ 2013թ. դեկտեմբերին հնարավորություն ստեղծվեց «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը դարձնել «Այլանս» ազատ տնտեսական գոտում գրանցված առաջին արտադրական ընկերություն: Պլանշետների արտադրության գործի առաջին հիմնաքարը դնելով՝ մենք այսօր, ՀՀ Կառավարության առաջարկությամբ, ավելի հավակնոտ, համապարփակ և ռազմավարական գործընկերության հիմք ենք դնում՝ նպատակ դնելով 2015 թվականից ներկայացնել ԱրմԹաբ պլանշետները ՀՀ դպրոցական համակարգում: Մեր գործընկերներն արդեն իսկ մշակել են ԱրմԹաբ պլանշետում ներկառուցվող հայկական օպերացիոն համակարգ, կրթական հավելվածներ, որոնց թիվը, համոզված ենք, օրեցօր կավելանա: Այդպիսով, ՀՀ Գիտության և Կրթության նախարարությունը ձեռք կբերի հայկական կրթական բովանդակության լուրջ միջավայր ստեղծելու մի նոր և արդյունավետ գործիք, որը նաև համագործակցության լայն հնարավորություններ կստեղծի հայկական ընկերությունների համար: Մենք կգործադրենք բոլոր ջանքերը, որ 2014 թվականի արդեն երկրորդ եռամսյակում զարկ տանք արտադրության բուն գործընթացին՝ նպատակ դնելով մոտ ապագայում Հայաստանում սկսել պլանշետների հիմքը հանդիսացող PCB պլատաների նախագծումը և մշակումը»,- նշեց «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր Վահան Չակարյանը:

Minno Tablet ընկերության նախագահ Էրիկ Ռայենը խոստովանեց, որ այս ներդրումային ծրագիրը լավագույններից է, թե ՀՀ Կառավարության կողմից ցուցադրվող աջակցության և ծավալի, թե ներգրավված աշխատակազմի և գործընկերների առումով: Այդ իսկ  պատճառով, Minno Tablet ընկերությունը կապահովի նախագծի արդյունավետ մեկնարկի և զարգացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները, տեխնոլոգիաների փոխանցումը և այլ հնարավոր աջակցություն: «Ես խոնարհվում եմ հայ տեխնոլոգիական մտքի և ներուժի առջև և համոզված եմ, որ շատ շուտով նաև մեր աջակցությամբ, Հայաստանն իր լայն ճանաչումը կստանա ամբողջ աշխարհում` որպես բարձր տեխնոլոգիական երկիր»,-նշեց Minno Tablet ընկերության նախագահ Էրիկ Ռայենը:

ՀՀ Կրթության և Գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն իրենց ելույթներում նշեցին այն հնարավորությունները, որ ստեղծվում են Հայաստանի կրթության ոլորտի նորարար ծրագրերի և տնտեսության զարգացման համար՝ ԱրմԹաբի մուտքով:

ՀՀ Կրթության և Գիտության նախարարության և «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության միջև կնքվեց Փոխըմբռնման հուշագիր, որով նախատեսվում է 2015 թվականից ԱրմԹաբ պլանշետները ներդնել նաև ՀՀ կրթական համակարգում:

Ներկայումս ԱրմԹաբ ընկերությունն ակտիվորեն համագործակցում է  տեղական կազմակերպությունների հետ: Մասնավորապես` ԱրմԹաբ պլանշետներում ներդրվելու է «Ինստիգեյթ Դիզայն» ընկերության «Արաքս» առաջին օպերացիոն համակարգը,«Ոստան» օգտագործողի միջավայրը, «Լոկատոր», «Բիթլիս-Մեն» ընկերությունների և Mlab ECA Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի կրթական հավելվածները:

Տեղեկացնենք նաև, որ Հայաստանում արդեն իսկ կարելի է ձեռք բերել Minno 8 պլանշետները «Օրանժ Արմենիա» ընկերության սպասարկման կենտրոններում: Minno-ի Android ինտերֆեյսն ամբողջությամբ մշակվել է հայաստանցի ծրագրավորողների կողմից:

«ԱրմԹաբ Թեքնոլոջիս»

«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728