Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրությանը հուզող խնդիրները կառավարության ուշադրության կենտրոնում են

Փետրվար 06,2014 15:42

Վերացվել են Վանաձորի խոշոր վթարի հետևանքները

Մաքսային միությանն անդամակցելու հետևանքով հնարավոր ինֆլացիոն ճնշումը չի գերազանցի 1.5 տոկոսը

Մատչելի բնակարաններ կկառուցվեն պետական ծառայողների համար

Եվ սերմացուն, և պարարտանյութը, և վառելիքը 2014թ. մատակարարվելու են նախորդ տարվա գներով

Վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է Վազաշեն-Պառավաքար ավտոճանապարհի շինարարությունը հնարավորինս արագացնելու անհրաժեշտությունը

Ուռուցքաբանության կենտրոնի բիզնես-ծրագիրն էական տնտեսումով է իրականացվում

             Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Բացելով նիստը, Տիգրան Սարգսյանն անդրադարձել է հանրությանը հուզող մի շարք հարցերի: Վանաձոր քաղաքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկություն է տվել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը. «Մի քանի օր առաջ Վանաձորում,  գազի հիմնական մայրուղու վրա, խոշոր վթար է տեղի ունեցել, և սպասարկող ընկերությունը բնակչության անվտանգությունն ապահովելու համար քաղաքի գազամատակարարումը դադարեցրել է: Որպես դրա հետևանք հատկապես ջեռուցման հետ կապված խնդիրներ են սկսել առաջանալ ոչ միայն բազմաբնակարան շենքերում, այլ նաև տարբեր ձեռնարկություններում և հիմնարկներում: Նույն օրը հայտնաբերվել է վթարի հիմնական տեղը. բավական բարդ վթար է եղել և իր էությամբ, և´ հետևանքներով: Երեքշաբթի օրվանից մասամբ սկսել է վերականգնվել գազամատակարարումը: Երեկ մի քանի անգամ ես առիթ եմ ունեցել նաև զրուցելու «Հայռուսգազարդ»-ի գլխավոր ինժեների հետ, և երեկոյան ժամը 23:30-ի կողմերը վթարն, ըստ էության, վերացվել է: Հաշվի առնելով տեխնոլոգիական սպասարկմանն անհրաժեշտ ռեժիմները՝ գիշերվանից գազն սկսել է բաշխվել արդեն ամբողջ համայնքում՝ Վանաձոր քաղաքում: Հուսով ենք, որ այսօր օրվա ընթացքում գազի բոլոր սպառողները, ովքեր դրա անհրաժեշտությունը կունենան, կկարողանան գազն ստանալ: Որպես հետևանք նաև բավական ցուրտ եղանակային պայմաններում բնակչության զգալի մասն սկսեց ավելի շատ էլեկտրաէներգիա սպառել՝ տաքացուցիչ սարքավորումներ օգտագործելով: Լարվածության և մեծ ճնշումների հետևանքով սկսեցին խափանումներ առաջանալ նաև էներգամատակարարման համակարգերում:

Դրանք էլ աստիճանաբար վերացվում են, առավոտյան մարզպետը տեղեկացրեց, որ հիմա աշխատանքներ են տարվում, որպեսզի համայնքային և պետական հիմնարկությունները առողջապահական և կրթական նորմալ աշխատանքային հուն  վերադառնան ջեռուցումը ապահովելով: Այս պահի դրությամբ ջեռուցման խնդիր կար  Վանաձորի ծննդատանը, այնտեղ հիմա  աշխատանքներ են կատարվում փոխարինելու ջեռուցման համակարգի որոշ հատվածներ: Հայջրմուղը այդ խնդրին տեղյակ է, մարզպետարանը, համայնքի ղեկավարը և համատիրությունները այդ ուղղությամբ նույնպես աշխատանքներ են տանում: Հուսով եմ, որ նմանատիպ խնդիր այլևս մենք չենք ունենա և առաջիկա 1-2 օրվա ընթացքում արդեն բոլոր հիմնարկները կվերադառնան բնականոն հուն»:

         Վարչապետը Արմեն Գևորգյանին հանձնարարել է հարցը պահել անձնական հսկողության տակ և իրականացնել օպերատիվ բոլոր միջոցառումները, որպեսզի բնակչության համար կարճ ժամկետում ստեղծվեն նորմալ պայմաններ: «Եթե խնդիրներ կլինեն, ինձ անձամբ զեկուցեք», – եզրափակել է Տիգրան Սարգսյանը:

         Կառավարության ղեկավարի շոշափած երկրորդ հարցը Մաքսային միությանն էր առնչվում: «ԶԼՄ-ները փորձում են այնպիսի տեղեկություն տարածել, որն, իմ կարծիքով, չի համապատասխանում իրականությանը», – նշել է վարչապետը: – Իբր Մաքսային միությանն անդամակցելը հանգեցնելու է  աննախադեպ գնաճի»: Այդ առթիվ պարզաբանում է տվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը. «Մենք ունենք որոշ ԶԼՄ-ների կողմից ներկայացված նման գնահատականներ, որոնք որևէ ձևով իրականությանը չեն համապատասխանում, ներկայացված ամբողջ տեղեկությունը հանգում է նրան, որ իբր Մաքսային միությանն անդամակցելու դեպքում Հայաստանի Հանրապետությունում հսկայական ինֆլացիա է լինելու: Ընդհանրապես այդպես չի կարող լինել, մեր գնահատականները շատ հստակ են, դրանք արվել են  շատ վաղուց`  շուրջ 6-7 ամիս առաջ, առավելագույն ինֆլացիոն ճնշումը կարող է հասնել 1.5 տոկոսի, և դրանից ավելի բարձր ինֆլացիա մենք չենք կարող ունենալ: Մենք ունենք ապրանքախմբեր, որոնց հարցով ՀՀ-ն դիմելու է Մաքսային միությանը, որպեսզի մեզ բացառություն արվի, մենք փորձում ենք առավելագույնս լուսաբանել այդ հարցը, կարծում ենք, որ ճիշտ է, որպեսզի հասարակության բոլոր խավերը ծանոթ լինեն դրան, հատկապես գործարարները: Այս իրարանցումն առաջացել է հենց դրանից, որ մենք անընդհատ շատ ավելի բաց ինֆորմացիա ենք ներկայացնում, գործարարների հետ մանրամասն քննարկում ենք բոլոր ապրանքախմբերը: Այդ տեղեկությունն օգտագործվում է, փաստորեն, որպեսզի ուղղակի սրվի իրավիճակը: Դա ավելի շատ, կարծում եմ, մամուլի ուղղակի սենսացիա ներկայացնելու խնդիր է: Կարծում եմ, ճիշտ է, որ մենք շարունակենք մեր աշխատանքը և հասարակությանը հրապարակային ներկայացնենք ամբողջ ցանկը: Հույս ունեմ, որ մենք արդեն վաղը այդ բացառությունների ցանկը կավարտենք և կուղարկենք Մաքսային միություն, որպեսզի սկսենք  բանակցությունները»:

         Անհրաժեշտ համարելով, որ նախարարը մեկ անգամ ևս նիստից հետո ԶԼՄ-ներին պարզաբանում տա, Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին հանձնարարել է կազմել ժամանակացույց, որպեսզի Մաքսային միության խնդիրներով զբաղվող 22 աշխատանքային խմբերը հրապարակային հաշվետվություն տան իրենց կատարած աշխատանքի մասին, խմբերի ղեկավարները հանդիպեն ԶԼՄ-ների հետ և պատասխանեն նրանց հարցերին, տան պարզաբանումներ: «Մենք պետք է լինենք առավելագույնս բաց ու թափանցիկ: Եթե նույնիսկ այսպիսի թյուրիմացություններ են լինում, ապա դրանց հաղթահարման ձևը ճշգրիտ տեղեկության տրամադրումն է առաջին աղբյուրներին, որպեսզի այդ տեղեկությունը չխեղաթյուրվի», – հավելել է վարչապետը:

         Իբրև երրորդ հարց կառավարության ղեկավարը հայտարարել է նոր ծրագրի մեկնարկը: «Հիշում եք, մենք միասին բավական երկար աշխատեցինք պետական ծառայողներին բնակարանով ապահովելու խնդրի շուրջ, – ասել է Տիգրան Սարգսյանը: -Այդ նախապատրաստական աշխատանքները մենք հասցրել ենք ավարտին և այսօր հայտարարում ենք այդ ծրագրի մեկնարկը: Այս պահի դրությամբ 3500 պետական ծառայող ցանկություն է հայտնել մասնակցել ծրագրին և մեր օրակարգում, պարոն Գաբրիելյան, առաջարկում եմ ներառել  այդ հարցը և այդ ծրագիրը մանրամասն ներկայացնել, որպեսզի Երևան քաղաքում կարողանանք կարճ ժամանակում կառուցել շուրջ 1000 բնակարան ունեցող շենքեր և մեր աշխատողներին ապահովել բնակարանով, նաև դրան կցելով հիփոթեքային ապահովվածությունը: Կարծում եմ, որ սա կարևոր ազդակ կլինի պետական ծառայողներին»:

Նիստում կառավարությունը հավանություն է տվել պետական ծառայողների համար բնակարանային ապահովման ծրագրին, որին մասնակցել ցանկացողները մինչև ս.թ. մարտի 10-ը էլեկտրոնային կամ փաստաթղթային տարբերակով առաջարկ պետք է ներկայացնեն Կառավարական տուն 1 հասցեով: Հարցի  քննարկումն ամփոփել է կառավարության ղեկավարը` նշելով, որ եթե վճարունակ պահանջարկն ավելանա, ապա կարվի ծրագրի երկրորդ փուլը: «Մեկ քառակուսի մետրի առավելագույն գինը կլինի 300 հազար դրամ, առավելագույն ժամկետը` 30 ամիս, գումարած հիպոթեքից օգտվելու հնարավորություն պետական ծառայողների համար, – մանրամասնել է վարչապետը: – Հանձնաժողովի նախագահը կլինի Վաչե Գաբրիելյանը, ում պետական ծառայողները կարող են դիմել բոլոր հարցերով: Սկսում ենք 1000 բնակարանով ծրագրից, եթե տեսնենք, որ հետաքրքրությունը մեծ է, կանենք երկրորդ քայլը»:

Հիմք ընդունելով «Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության նպատակով միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզի) իրականացմանն ուղղված գործողությունների ժամանակացույցի» 167-րդ, 193-րդ և 199-րդ կետերը` ՀՀ կառավարությունը որոշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համագործակցող պետական լիազոր մարմիններ ճանաչել`պետական (համայնքային) գնումների կարգավորման և վերահսկման ոլորտում` ՀՀ ֆինանսների նախարարությունը, բնական մենաշնորհների կարգավորման ոլորտում` ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, մրցակցային քաղաքականության կարգավորման  և վերահսկման ոլորտում` ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը:

Ղեկավարվելով նշված ժամանակացույցի 208.1 կետով` ՀՀ կառավարությունը որոշել է Մաքսային միության անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային գրանցամատյանի վարման հարցերի` Մաքսային միության անդամ պետությունների լիազոր մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ փոխգործակցության լիազոր մարմին ճանաչել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն:

 

Գյուղատնտեսությունն աջակցություն կստանա երեք ծրագրով

ՀՀ կառավարությունը հաստատել է 2014թ. գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման, հողօգտագործողներին 2014թ. գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի, դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրերը, որոնց համաձայն այս տարի արտերկրից ձեռք են բերվելու ավելի քան 2 հազար 350 տոննա սերմացու, ավելի քան 38 հազար տոննա պարարտանյութ և մոտ 18 մլն լիտր  դիզելային վառելանյութ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հատկապես ընդգծել է, որ հողօգտագործողի համար այս տարի այս ծրագրերից և ոչ մեկով գների բարձրացում չի լինելու: «Եվ սերմացուն, և պարարտանյութը, և վառելիքը 2014թ. մատակարարվելու են նույն գներով, ինչպես որ մատակարարվել են 2013թ., – ասել է վարչապետը: – Այսինքն, գների բարձրացման խոսակցությունը իրականությանը չի համապատասխանում: Մեր գնահատականներով ինչպես այս, այնպես էլ գյուղատնտեսության նախարարի հրապարակած ցուցանիշները վկայում են, որ դրանցով առնվազն 10 տոկոս աճի պոտենցիալ է ներկայացված, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ այս ծրագրերի շնորհիվ գյուղատնտեսության արտադրողականությունը էապես բարձրացել է, կրճատվել չմշակվող հողերի ծավալը: Սա բավական լավ նորություն է ոլորտում զբաղվածների համար»:

 

Վազաշեն-Պառավաքար ավտոճանապարհը կկառուցվի մինչև ամառ

              ՀՀ կառավարությունը 2014թ. պետբյուջեում կատարել է վերաբաշխում, փոփոխություններ և լրացում` իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ, ինչը պայմանավորված է ռազմավարական նշանակություն ունեցող Վազաշեն-Պառավաքար 3.2կմ այլընտրանքային ավտոճանապարհի շինարարությամբ: Շինարարական, նախագծային և հեղինակային հսկողության աշխատանքների և տեխնիկական հսկողության համար հատկացվել է ավելի քան 535 մլն դրամ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարից տեղեկանալով, որ ճանապարհը կարող է շահագործման հանձնվել մինչև ամառ, Տիգրան Սարգսյանը կարևորել է աշխատանքն հնարավորինս արագացնելու անհրաժեշտությունը` օգտվելով բարենպաստ եղանակից:

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Երևանի գրասենյակի կողմից իրականացվող «Կայուն օրգանական ախտորոշիչների ոչնչացման ծրագրով» նախատեսվում է Երևան-Սևան մայրուղու 46-րդ կիլոմետրի աջակողմյան հատվածում գտնվող 5 հազար 760 քառ. մետր մակերեսով հողատարածքի պահեստային շինությունը նորոգել և վերազինել որպես թունաքիմիկատների ֆիլտրացիոն պահեստ: Այդ նպատակով նշված հողատարածքը կառավարության որոշմամբ հատկացվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը: Երկրում առկա թունաքիմիկատները, մինչև դրանց ոչնչացումը, կպահպանվեն ֆիլտրացիոն պահեստում:

Գործադիրը թույլատրել է Երևան քաղաքի Րաֆֆու փողոցում գտնվող ավելի քան 700 քառ. մետր մակերեսով հասարակական նշանակության տարածքը և դրա բաժնային մաս համարվող հողամասն օտարել մրցույթով: Օտարման ենթակա գույքի նվազագույն գինն է ավելի քան 64 մլն դրամ:

Կառավարության որոշմամբ Երևան քաղաքի Շիրակի 2ա հասցեի թիվ 7 և Աբովյան քաղաքի ճարտարագիտական քոլեջի հանրակացարաններում բնակվող` 1988-1992թթ. Ադրբեջանից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած 13 անձանց  են սեփականաշնորհվել նրանց զբաղեցրած բնակելի տարածքները: Մեկ այլ որոշմամբ մինչև 2014թ. դեկտեմբերի 31-ը երկարացվել է 1988-1992թթ.  Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած անձանց և 1992թ. ՀՀ Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված անձանց աշխատանքային ստաժ սահմանող հանձնաժողովի գործունեության ժամկետը, քանի որ փախստականներից ստացվող դիմումների հոսքը շարունակվում է:

 

 

Ուռուցքաբանության կենտրոնը իրականություն կդառնա

 

Կառավարության որոշմամբ Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի մաս կազմող  «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ի կողմից շենքի ներքին և արտաքին ինժեներական համակարգերի, ներքին հարդարման աշխատանքի և դրա տեխնիկական վերահսկողության իրականացման նպատակով ընկերությանը տրամադրվել է 792 մլն 386 հազար 600 դրամ բյուջետային վարկ 15 տարի մարման ժամկետով: Կառավարության ղեկավարն արձանագրել է, որ Ուռուցքաբանության կենտրոնի բիզնես-ծրագիրը էական  տնտեսումով է իրականացվում: Ծրագրով նախատեսված էր 3.5 մլն ԱՄՆ դոլարի վարկ տրամադրել, սակայն հատկացվում է շատ ավելի քիչ: Բելգիայի կառավարությունից ստացված վարկը նույնպես էական տնտեսում է ապահովել: Արագացուցիչն արդեն Հայաստանում է, իսկ դա նշանակում է, որ շինարարությունը տարվա ընթացքում լուրջ առաջընթաց կարձանագրի:

ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք բխում են «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքի  պահանջներից: Մասնավորապես, նշված որոշման դրույթները համապատասխանեցվել են ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերի դրույթներին` ապահովելով եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի բնականոն գործունեությունը:

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել 2014թ. պետբյուջեում և իր նախկին որոշումներից մեկում` ի կատարումն «ՀՀ 2014թ. պետբյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» որոշման 4-րդ կետի ե) ենթակետի: Փաստաթղթով պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողներն ապահովվում են սոցիալական փաթեթով:

Կառավարության նախկին որոշումներից մեկում կատարած  փոփոխությունները միտված են առանձին ապրանքատեսակներ արտադրող-իրացնողների և ներմուծող-իրացնողների նկատմամբ հարկային հսկողության արդյունավետության բարձրացմանը, հարկային մարմնում անհրաժեշտ վերլուծության իրականացման և ռիսկի բացահայտման մեխանիզմների կատարելագործմանը:

Կբարելավվի մարզերի սոցիալ-տնտեսական վիճակը

ՀՀ կառավարությունը հաստատել է Սյունիքի, Շիրակի և Լոռու մարզերի 2014-2017թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը, որոնք ուղղված են մարզերի համայնքների համաչափ զարգացմանն ու բնակչության կենսապայմանների բարելավմանը:

Գործադիրն իր երկու որոշմամբ լրացրել և փոփոխել է Արագածոտնի և Վայոց ձորի մարզերի աշխարհագրական օբյեկտների անվանումների ցանկերը` թարմացնելով ՀՀ աշխարհագրական անվանումների պետական քարտադարանը:

Կառավարությունն իր որոշմամբ փոխել է Լոռու մարզի  Ջիլիզայի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող  հողի մի մասի նշանակությունը, ինչի շնորհիվ համայնքի բնակչությունը հնարավորություն կունենա գործարկել 50-100 տոննա մրգի պահպանման և 2 տոննա մրգաչրի արտադրության սառնարանային տնտեսություն:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել`

-բնապահպանական խնդիրների ռազմավարական պլանավորման հայեցակարգին, որի ներդրումը հնարավորություն կտա երկրում իրականացնել բնապահպանական ավելի արդյունավետ քաղաքականություն,

-ՀՀ առողջապահության ոլորտի մարդկային ներուժի զարգացման ռազմավարությանը և դրա միջոցառումների ծրագրին, որոնցով կապահովվի կադրային ներուժի զարգացումը` երկրի առողջապահական կարիքներին, օրենսդրությամբ սահմանված պահանջներին և աշխատանքի շուկայի իրավիճակին համապատասխան:

Այլ հարցեր

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որի ընդունման դեպքում հնարավորինս կնվազեն և հետագայում իսպառ կվերանան ինքնակամ շինարարական աշխատանք կատարելու վերաբերյալ իրավախախտման դեպքերը: Օրինագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով:

Իր հինգ որոշումներով կառավարությունը զենքի արտադրության և առևտրի, պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների արտադրության, մասնավոր պահնորդական գործունեության, ինկասացիոն ծառայության մատուցման արտոնագրման կարգերը համապատասխանեցրել է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներին: Ճանապարհներին տեղադրվող սարքավորումների վերաբերյալ վարչապետի հարցին ի պատասխան ՀՀ ոստիկանապետը տեղեկացրել է, որ այդ աշխատանքը Երևանում ավարտվել է, այժմ կատարվում է մարզերում: Գործում են մասնագիտական հանձնաժողովներ, որոնց առաջարկով փոխվել է մոտ 100 ճանապարհային նշան: Հնարավոր է, որ ծանրաբեռնված փողոցներում արագությունը սահմանող նշանները ժամը 17:00-ից կամ 18:00-ից հետո փոխարինվեն ավելի մեծ արագություն թույլատրող նշաններով: Վարչապետը շեշտել է այդ աշխատանքում հասարակական կազմակերպությունների ներգրավման կարևորությունը:

ՀՀ կառավարությունն ընդունել է գնման գործընթացի կազմակերպման և թույլտվության որոշում, որը թելադրված է 2013-2014թթ. ձմռան ընթացքում ՀՀ զինված ուժերում թոքաբորբով հիվանդ զինծառայողների թվաքանակի կտրուկ աճով: Անհրաժեշտ «բրենդային» դեղորայքի շուտափույթ ձեռքբերումն իրականացվելու է բանակցային ընթացակարգով, առանց գնման հայտարարությունը նախապես հրապարակելու: Այդ նպատակին հատկացվել է մոտ 37.5 մլն դրամ: ՀՀ պաշտպանության նախարարության համար նախատեսված իմունիզացման գումարը կառավարության որոշմամբ տեղափոխվել է ՀՀ առողջապահության նախարարության «Իմունոկանխարգելման ազգային ծրագիր», որով էլ կիրականացվեն նախատեսված պատվաստումները:

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսումնական գործընթացը բնականոն կազմակերպելու նպատակով գործադիրը հատկացրել է մոտ 71 մլն դրամ:

Կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի կառավարությունների միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Կառավարության որոշմամբ Երևանի «Պրոմ-տեստ» ՍՊԸ-ին 5 տարի ժամկետով տրվել է ՀՀ ռադիոակտիվ նյութերի ներմուծման արտոնագիր:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728