Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունները ձգտում են ձերբազատվել անկախ պետություն ղեկավարելու պատասխանատվությունից

Փետրվար 07,2014 14:58

Ըստ ՀՀ ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ Մարթա Այվազյանի՝ իշխանությունները
ստիպողաբար, թե կամովին աշխատում են օր առաջ ոչնչացնել ՀՀ անկախությունը:

– Ընդհանուր առմամբ 2013 թվականը Հայաստանի համար արտաքին քաղաքականության տեսանկյունից ինչպե՞ս կգնահատեք:

– Եվ արտաքին, եւ ներքին քաղաքականության տեսանկյունից 2013թ.-ը միանշանակ կարելի է անվանել կորսված հեռանկարների եւ հնարավորությունների եւ ՀՀ ինքնիշխանությունից հրաժարվելու գործընթացի մեկնարկի տարի: Ստեղծված իրավիճակը գնահատելու համար պետք է այն նաեւ դիտարկել ինչպես ՀՀ-ԵՄ, ՀՀ-ՌԴ հարաբերությունների, այնպես էլ տարածաշրջանային զարգացումների հարթություններում: Մի կողմից՝ Իրանում կայացած հերթական ընտրությունների արդյունքները եւ դրանց հետեւած Իրան-ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների ջերմացումը ազդակ էին լուրջ աշխարհաքաղաքական փոփոխությունների: Հայաստանը, հաշվի առնելով Իրանի հետ իր հարաբերությունների որակը, անկասկած կարող էր օգտվել այս իրավիճակից՝ նվազագույնն իր էներգետիկ անվտանգության դիվերսիֆիկացման եւ ՌԴ-ից իր էներգետիկ, ինչպես նաեւ տնտեսական կախվածության նվազեցման առումով: Մյուս կողմից՝ ԵՄ-ի հարեւանության քաղաքականության ընթացքը, Ասոցացման համաձայնագրերի հնարավոր նախաստորագրումը Վրաստանի եւ, մասնավորապես, ՀՀ կողմից, ինչը, բացելով մեզ համար զարգացման եւ համակարգային փոփոխությունների լրջագույն հեռանկար, միեւնույն ժամանակ ճանապարհ կհարթեր տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանը եւ, հետեւաբար, կսահմանափակեր ՀՀ-ի վրա ՌԴ ազդեցությունը եւ կթուլացներ ՌԴ դիրքերը մեր տարածաշրջանում: Նման զարգացումների պայմաններում Հարավային Կովկասը ժամանակի ընթացքում կարող էր ամբողջությամբ դուրս գալ ՌԴ ազդեցության տիրույթից, ինչը միանշանակորեն կազդեր նաեւ Հյուսիսային Կովկասի վրա, եւ արդյունքում Կովկասի հյուսիսային սահմանագծով ՌԴ տրոհման վտանգը կարող էր դառնալ առարկայական: Այս հեռանկարները չէին կարող չմտահոգել ՌԴ-ին, եւ Ռուսաստանը՝ օգտագործելով իր զինանոցում եղած բոլոր լծակները, ներառյալ բազմատեսակ պատճառներով իրեն հավատարիմ որոշ ՀՀ ընդդիմադիր քաղաքական ուժերին՝ արեց հնարավորինս իր քաղաքական եւ տնտեսական շահերը պաշտպանելու, իր սահմաններից հնարավոր վտանգները հեռացնելու եւ իր տարածքային ամբողջականության հնարավոր սպառնալիքները չեզոքացնելու համար: Եվ արվեց դա հիմնականում ՀՀ շահերի, ինքնիշխանության եւ մեր ժողովրդի ապագայի հաշվին՝ անվտանգության խնդիրների շահարկման, շանտաժի եւ մեր ներկայիս իշխանությունների անձնական հետաքրքրությունները օգտագործելու միջոցով՝ վիժեցնելով ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման գործընթացը, պարտադրելով ՀՀ-ին ՄՄ անդամակցությունը: Այդ ամենը, զուգորդված ՀԱՊԿ եւ ՀՀ-ՌԴ ռազմական համագործակցության շրջանակներում ընթացող գործընթացների հետ, հնարավորինս սահմանափակեցին ՀՀ ինքնիշխանությունը եւ անկախ համալիր արտաքին քաղաքականություն վարելու հնարավորությունը եւ, ըստ էության, վերածեցին Հայաստանն իրավազուրկ եւ Հարավային Կովկասում կայունության եւ անվտանգության սպառնալիք հանդիսացող ՌԴ ռազմականացված պլացդարմի:

– Չեխիայում Հայաստանի եւ Չեխիայի նախագահների հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ եթե որոշել ենք միանալ Մաքսային միությանը, ապա պետք է անենք դա հնարավորինս արագ՝ «ինչո՞ւ դանդաղեցնենք. եթե մեր որոշման հիմքում ընկած է մեր ազգային շահը, ապա այդ որոշումը պետք է օր առաջ իրականություն դարձնել»: Ո՞րն է Հայաստանի շահը ՄՄ-ին անդամակցելու դեպքում, եթե դիտարկենք թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական գործոնը:

– ՄՄ-ին անդամակցելու որոշման արդեն տեսանելի եւ շոշափելի հետեւանքներից են բոլոր տեսակի սպառողական ապրանքների գների բարձրացումը, անկախ արտաքին տնտեսական հարաբերություններ ունենալու հնարավորության հակասահմանադրական սահմանափակումը, ՄՄ-ին անդամակցելու վերաբերյալ անցյալ տարվա սեպտեմբերի 3-ին հայտարարված ՀՀ իշխանությունների անակնկալ որոշման արդյունքում Հայաստանի միջազգային՝ առանց այն էլ ոչ բարձր վարկանիշի կտրուկ անկումը եւ դրա հետեւանքով տարբեր ոլորտներում միջազգային համագործակցության հնարավորությունների նվազումը եւ հնարավոր ինվեստիցիոն ծրագրերի ծավալների նվազեցումը, ինչպես դա տեղի ունեցավ Ուկրաինա-Չինաստան հարաբերությունների դեպքում: Հազիվ թե որեւէ մեկը կարողանա ներկայացնել այս ամենը որպես ՀՀ ազգային շահ: Ինչ վերաբերում է Ս. Սարգսյանի հայտարարությանը եւ ընդհանրապես մեր իշխանությունների վերջին 5-6 ամիսների պահվածքին, ապա կարելի է ենթադրել, որ իրենք ինչ-ինչ պատճառներով՝ ստիպողաբար, թե կամովին, աշխատում են օր առաջ ոչնչացնել Հայաստանի անկախությունը, վերջնականապես՝ եւ ձեւով, եւ բովանդակությամբ վերածել մեր երկիրը Ռուսաստանի ձայնազուրկ կցորդի եւ ձերբազատվել անկախ պետություն ղեկավարելու պատասխանատվությունից:

– Ձեր կարծիքով՝ ի՞նչ է տեղի ունենում Ուկրաինայում՝ Եվրամայդանի պայքա՞ր, թե՞ Ռուսաստան-Ուկրաինա առճակատում, որքանո՞վ է շարժումը մոտենում այն նպատակներին, որոնք ի սկզբանե հռչակել էր:

– Ուկրաինական զարգացումների հիմքում ընկած գործոնները շատ են, այդ իրապես համաժողովրդական դարձած ընդվզման ալիքի պատճառները բազմազան են՝ սկսած դարավոր պատմական իրողություններից մինչեւ պաշտպանություն արեւմտյան արժեքների, եվրաինտեգրման գործընթացի ու դրանով պայմանավորված՝ զարգացման հեռանկարների, եւ պայքար ներկայիս կոռումպացված իշխանությունների դեմ: Պայքարի թեժացմանն ու որոշակի բովանդակային փոփոխությանը նպաստեցին ինչպես ուկրաինական իշխանությունները՝ իրենց ոստիկանական գործողություններով, այնպես էլ ՌԴ իշխանությունները՝ Եվրամայդանին տրվող իրենց գնահատականներով ու ուկրաինական ժողովրդի դեմ Յանուկովիչի իշխանության գործողություններին ցուցաբերվող օժանդակությամբ: Այդ բոլոր գործոնները միավորվելով՝ հանգեցրել են նրան, որ այն, ինչ կատարվում է Ուկրաինայում այսօր, կարելի է նաեւ անվանել պայքար ՌԴ իշխանությունների նեոկայսերական ամբիցիաների եւ գերիշխանության ձգտման դեմ եւ հանուն ինքնիշխանության, անկախության եւ զարգացման հեռանկարի: Եվ այսօր այդ շարժումն ակնհայտորեն հասել է որոշակի հաջողությունների՝ Ազարովի կառավարությունն արձակվել է, հունվարի 16-ի օրենքները չեղյալ են արվել, Յանուկովիչը ընդունել է արտահերթ համապետական ընտրություններ անցկացնելու հնարավորությունը:
– Ի՞նչ ազդեցություն կունենա ուկրաինական օրինակը հետխորհրդային այն երկրների համար, որոնք ձգտում են դուրս գալ ռուսական ազդեցությունից, եւ մասնավորապես՝ Հայաստանում կարո՞ղ է նման օրակարգ ձեւավորվել, թե՞ Մաքսային միության անդամակցությամբ արդեն իսկ այդ հարցը կարելի է օրակարգից դուրս համարել:
– Եվրամայդանի, իսկ ավելի ճիշտ՝ ուկրաինական ժողովրդի հաղթանակը կունենա իր որոշակի ազդեցությունը եւ հետեւանքները ողջ հետխորհրդային տարածքում՝ ներառյալ նույն Ռուսաստանը, եւ այդ ազդեցությունը ժամանակի ընթացքում նկատելի կլինի եւ միջազգային, միջպետական եւ ներպետական մակարդակներում: Մի կողմից՝ կթուլանան Մոսկվայի դիրքերը միջազգային հարթակում, ինչը կհանգեցնի արեւմտյան եւ ոչ միայն արեւմտյան պետությունների ակտիվացմանը հետխորհրդային երկրներում, մյուս կողմից՝ այդ հաղթանակը կարող է խթան հանդիսանալ ինչպես ՌԴ ազդեցությունից կամ ՌԴ կողմից սատարվող ոչ ժողովրդավարական ռեժիմներից ձերբազատվելու, այնպես էլ ռուսական շահին ծառայող ՌԴ ծրագրերից՝ ներառյալ նույն ՄՄ-ն, խուսափելու ձգտում ունեցող ժողովրդների եւ երկրների համապատասխան գործողությունների համար: Նման զարգացումները կարող են նաեւ հանգեցնել հերթական ընդվզման ՌԴ իշխանությունների դեմ եւ կենտրոնախույս տրամադրությունների հենց նույն Ռուսաստանում: Հայաստանի պարագայում նման ընթացքը եւ արդյունքները կախված են լինելու նախ եւ առաջ համապատասխան քաղաքական ուժերի, հանրային եւ միջազգային վստահություն վայելող, անկախության գաղափարով ու Հայաստանի ազգային շահով միավորված եւ դրանով ուժեղ ընդդիմության ձեւավորումից, առանց որի՝ կապել մեր հույսերը եւ պայմանավորել մեր ապագան, մեր գործողությունները Մայդանի հաղթանակով կամ պարտությամբ կամ ցանկացած այլ արտաքին գործընթացով, գտնում եմ անիմաստ եւ նույնիսկ որոշ չափով վնասարար մեր երկրի կայացման համար:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728