Լրահոս
Օրվա լրահոսը

Պարսիկ գյուտարարների ներդրումը Հայաստանում

Փետրվար 07,2014 16:32

«Բույսերն էլ մարդկանց նման կարիք ունեն սննդի: Եթե մաքուր սնունդ ենք տալիս բույսին, նա լավ է աճում, և նրա պտուղներն էլ մաքուր սնունդ են դառնում մարդու համար»,- ասում է «Արմեն Բիոթեք» ՍՊԸ-ի տնօրեն Սիամաք Ալիզադեհը, որն այսօր լրագրողներին ներկայացրեց պարսիկ գյուտարարների ներդրումը Հայաստանում: Նոր գյուտ, որն, ըստ նրա, կնպաստի գյուղատնտեսության զարգացմանը: Խոսքը, մասնավորապես, «Ֆոսֆազոտ» և «Ալքազոթ փլաս» օրգանական պարարտանյութերի ստեղծման մասին է:

«Նախորդ տարվանից «Արմեն Բիոթեք» ընկերությունը գրանցել ենք Հայաստանում, որպեսզի հենց այստեղ էլ կարողանանք մեր գործունեությունը ծավալել: Արդեն կազմակերպել ենք որոշակի քանակությամբ արտադրություն, և Հայաստանի որոշ տարածքներում գյուղացիներն օգտվել են նմուշներից, հիմա արդյունքներին ենք սպասում»,- նշեց ընկերության տնօրենը և տեղեկացրեց, որ արտադրության համար Աբովյան քաղաքում են տարածք վարձել, որտեղ արդեն ակտիվորեն ընթանում են աշխատանքները:

Նա նաև նշեց, որ բանակցություններ են տանում ինչպես մեր հարևան, այնպես էլ եվրոպական մի քանի երկրների հետ, որպեսզի կարողանան հայկական արտադրանքի անվան տակ այդ պարարտանյութերն արտահանել այդ երկրներ. «Հույս ունենք, որ արտահանումը ֆինանսական որոշակի օգուտներ կբերի Հայաստանի տնտեսությանը»,- ասաց Սիամաք Ալիզադեհը:

Կարևորելով այս պարարտանյութերի ստեղծումը՝ նա նկատեց, որ այսօր ամբողջ աշխարհում են ձգտում հատկապես օրգանական պարարտանյութերից օգտվել. «Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո պահանջ կար գյուղատնտեսական ապրանքների ծավալների մեծացման, և ըստ այդմ էլ՝ քիմիական պարարտանյութերի կիրառումը լայն տարածում գտավ, ինչը մեծ վնասներ է պատճառում բնությանը և, բնականաբար, տվյալ բերքից օգտվողներին: Պատահական չէ, որ քաղցկեղը տարածված է հատկապես այն երկրներում, որոնցում լայնորեն կիրառվում են քիմիական պարարտանյութեր»,- ասաց Ս. Ալիզադեհը:

Գործերի կառավարիչ Վարդան Գրիգորյանն էլ, անդրադառնալով «Ֆոսֆազոտ» և «Ալքազոթ փլաս» նոր պարարտանյութերի առավելություններին, ասաց. «Քիմիական պարարտացման ժամանակ մենք արհեստական պարարտանյութ ենք տալիս բույսին և բոլորս էլ գիտենք, որ տրված պարարտանյութը ամբողջովին չի կլանվում բույսի կողմից, մնում է հողում՝ թողնելով իր դրական և բացասական ազդեցությունները: Իսկ այս պարարտանյութերի դեպքում դրանցում եղած մանրէներն օգնում են բույսին ստանալու անհրաժեշտ նյութերը հենց բնական միջավայրից՝ ֆոսֆատը հողից, ազոտը օդից և այլն: Բացի այդ, բույսն իրեն անհրաժեշտ նյութերը վերցնում է այնքան, որքան իրեն պետք է՝ ոչ ավել, ոչ էլ պակաս: Անշուշտ, կարևորագույն առավելություն է և այն, որ այս պարարտանյութերն անվնաս են շրջակա միջավայրի համար»:

Վ. Գրիգորյանը տեղեկացրեց նաև, որ մոտ օրերս կսահմանվի դրանց գինը, որը, նրա խոսքով, անհամեմատ ավելի էժան կլինի քիմիական պարարտանյութի գնից: «Մենք ակնկալում ենք նույնիսկ մինչև 40-50% ցածր գին շուկայում»,- հավելեց գործերի կառավարիչը:

 Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728