Լրահոս
Օրվա լրահոսը

«Չի կարելի մարմնամարզությամբ զբաղվել նախաճաշից հետո»

Փետրվար 11,2014 13:28

Խորհուրդ է տալիս էնդոկրինոլոգը

«Ամենօրյա մարմնամարզությամբ հարկավոր է զբաղվել 2 տարեկանից սկսած»,- «Առավոտի» հետ զրույցում այս կարծիքն է հայտնում ֆիզիոթերապեւտ Անահիտ Գրիգորյանը: Ըստ նրա՝ կանոնավոր մարմնամարզությունը նպաստում է մարդու ֆիզիկական համաչափ զարգացմանը, ամրացնում մկանները, ձեւավորում գեղեցիկ կեցվածք եւ այլն: Այն բարելավում է նաեւ սիրտ-անոթային եւ շնչառական համակարգերի աշխատանքը: «Ծնողների օգնությամբ 2 տարեկան երեխաներն ամեն առավոտ պետք է մոտ 3 վարժություններ անեն, որոնք կօգնեն ունենալ ճիշտ կեցվածք: Տարեցներին եւս խորհուրդ կտամ մարզանքներ անել, քանի որ ֆիզիկական վարժությունները կանխարգելում են վաղաժամ ծերացումը, օրինակ՝ օգնում են խուսափել հոդերի դժվարաշարժությունից, տեղաշարժման հետ կապված խնդիրներից եւ այլն»,- ասում է նա: Իսկ էնդոկրինոլոգ Տիգրան Պետրոսյանը հավելում է, որ մարմնամարզությամբ զբաղվելը օգտակար է նաեւ շաքարային դիաբետով հիվանդների համար: «Կա հորմոնների խումբ, որն անվանում են ցիրկադային ռիթմ: Այդ հորմոնները նպաստում են, որ արյան մեջ շաքարի տոկոսը բարձրանա, իսկ ինչպես գիտենք, շաքարը էներգիայի աղբյուր է: Առավոտյան ժամերին այդ հորմոնների մակարդակն ամենաբարձրն է լինում, իսկ մարմնամարզությամբ զբաղվելու դեպքում մարդիկ ծախսում են այդ «ավելորդ» էներգիան»,- ասում է նա:

Ուշ արթնանալու, աշխատանքի շտապելու, ալարկոտության եւ մի շարք այլ խնդիրների պատճառով շատերն անտեսում են առողջ ապրելակերպ վարելու գլխավոր պայմաններից մեկը՝ ամենօրյա մարմնամարզությունը: Ֆիզիոթերապեւտ Անահիտ Գրիգորյանը ցավով ընդունում է, որ այսօր մարմնամարզությամբ զբաղվում են գերազանցապես նիհարել ցանկացողները (մասնագետները ենթադրում են, որ առավոտյան մարզվելու պարագայում ախորժակի համար պատասխանատու հորմոնը քիչ է արտադրվում, հետեւաբար առավոտյան մարմնամարզությունը նպաստում է նիհարելուն): Մինչդեռ ֆիզիոթերապեւտը շեշտում է. «Ավելորդ քաշից ազատվելու համար պետք է հետեւել նաեւ սննդակարգին, սահմանափակ քանակությամբ օգտվել ածխաջրեր պարունակող մթերքներից, փոխարենը՝ շատ ուտել բանջարեղեն»: Ոմանք նախընտրում են մարմնամարզությամբ զբաղվել նախաճաշից հետո, մինչդեռ էնդոկրինոլոգ Տիգրան Պետրոսյանը խորհուրդ չի տալիս հետեւել այդ տենդենցին: «Նման կերպ թույլատրելի է վարվել միայն նրանց, ովքեր ավելորդ քաշի հետ կապված խնդիրներ ունեն, սակայն նախաճաշից հետո խորհուրդ է տրվում չկատարել ֆիզիկական ծանր վարժություններ, այլ պարզապես պետք է քայլել կամ մտավոր աշխատանք կատարել»,- ասում է նա:

Մասնագետները պնդում են, որ մարմնամարզությամբ պետք է զբաղվել օրվա կտրվածքով մոտ 30 րոպե, որից հետո 30-40 րոպե խորհուրդ չի տրվում սնունդ ընդունել:
20-ամյա Դիանան օրվա մեծ մասը անցկացնում է համակարգչի դիմաց, խոստովանում է, որ դրանով եւ տեսողությունն է վնասում, եւ նպաստում է ողնաշարի թեքությանը: «Կեցվածքս բավական փոխվել էր, այդ իսկ պատճառով սկսեցի նախ տնային պայմաններում վարժանքներ անել, ապա հաճախել ֆիտնես կենտրոն, որովհետեւ նախ՝ հաճելի ժամանց եմ անցկացնում, եւ հետո՝ մասնագետները կանոնակարգում են մեր հաճախականությունը, ես ստիպված եմ լինում գլուխ չպահել, ժամն էլ շատ հարմար է՝ ժամը 18:00-ին»,- անկեղծանում է նա:

Իսկ ֆիզիոթերապեւտ Անահիտ Գրիգորյանը խորհուրդ չի տալիս մարմնամարզությամբ զբաղվել երեկոյան ժամերին՝ ասելով, որ երեկոյան նյութափոխանակությունը դանդաղում է, բացի այդ, հոգնածության պատճառով մարդիկ ֆիզիկապես պատրաստ չեն լինում: Մեր այն դիտարկմանը, որ այսօր շատ ֆիտնես ակումբներ գործում են նաեւ երեկոյան ժամերին, արդյո՞ք սա անարդյունավետ չէ, պատասխանում է. «Էնպես չէ, որ արգելված է երեկոյան չմարզվել, պարզապես ցանկալի չէ, կարեւորը շատ ուշ չլինի»: «Բանն այն է, որ մեր հաճախորդները հիմնականում աշխատավոր խավն ու տնային տնտեսուհիներն են: Ժամային առումով մենք ավելի շատ փորձում ենք հարմարվել իրենց»,- բացատրում է երեւանյան ֆիտնես ակումբներից մեկի տնօրեն Լիդա Ստեփանյանը: Հարցին՝ ինչ տարբերություն կա ֆիտնես ակումբներում եւ տնային պայմաններում մարզվելու միջեւ, պատասխանում է. «Առանձնակի տարբերություններ չկան: Մենք եւս կատարում ենք աերոբիկայի վարժությունները, որոնք ներառում են հեծանվավազք, քայլք եւ այլն, պարզապես շատ մարդիկ նախընտրում են դիմել մասնագետի օգնությանը, ում խորհուրդների շնորհիվ նվազում է կտրուկ գործողություններ անելու եւ վնասվածքներ ստանալու հավանականությունը, բացի այդ, շատերը սիրում են «վերահսկողներ» ունենալ, որպեսզի ավելի պարտաճանաչ հաճախեն»:

Ֆիտնես ակումբի տնօրենը, էնդոկրինոլոգն ու ֆիզիոթերապեւտը պնդում են՝ նրանք, ովքեր որոշել են զբաղվել մարմնամարզությամբ, պետք է հիշեն, որ ֆիզիկական վարժությունները հարկավոր է կատարել կանոնակարգված ձեւով եւ պարբերաբար: Իսկ առհասարակ առողջ ապրելակերպ վարելու համար խորհուրդ են տալիս առաջին հերթին ընդունել էկոլոգիապես առողջ սնունդ, կանոնակարգել օրվա բոլոր գործերն ու զբաղվել սպորտով կամ կանոնավոր մարմնամարզությամբ:

ՆԱԶԵՆԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728