Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ական պատգամավորը չի վստահում նախագահի խոսքին, քանի դեռ ՎՊ-ն եւ ՄԻՊ-ը չեն վստահում կառավարությանը

Փետրվար 17,2014 16:31

«Մենք պետք է ունենանք այդ փողը, որպեսզի մեր տնտեսությունը զարգանա և զարգացման պտուղներն էլ ուղղենք կենսաթոշակների բարձրացմանը: Անպայման անելու ենք, Կարե՛ն ջան, և որևէ մեծ խնդիր, նորից եմ ասում, ես այստեղ չեմ տեսնում, թեև գիտեմ, որ այսօր հանրապետության բնակչության 80 տոկոսը դժգոհ է այդ որոշումից: Մենք, ներողություն բառիս համար, երկրապահական լեզվով ասեմ, հո ախմախ չե՞նք, որ այդ վատ բանի վրա ռեսուրս ծախսենք: Մենք քաղաքական ռեսուրս ենք չէ՞ ծախսում: Մարդիկ մեզնից դժգոհ են, մենք այդտեղ քաղաքական որևէ շահ չունենք, որևէ ռեսուրս ձեռք չենք բերում: Ռեսուրս ենք մաշում՝ 20 տարվա հետոյի համար, մեր երեխաների համար»,- շաբաթ օրը՝ ԵԿՄ համագումարում անդրադառնալով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը, մասնավորաբար, ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Mkrtich_Minasyan_17-10

ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը՝ Aravot.am-ի հարցին, արդյոք նախագահի խոսքը չհնչեց իբրեւ վճիռ, արդյոք դա Սահմանադրական դատարանին ուղղորդելու քայլ չէր՝ իր վերջնական որոշման մեջ, հարցով պատասխանեց. «Նախագահին հարց էին տվել: Ի՞նչ աներ: Ասեր՝ չե՞մ պատասխանում»:

Ապա, արդեն ըստ էության հավելեց. «Բայց ասվեց, որ որոշ մեկնաբանություններ, դրույթներ գուցե խմբագրելու կարիք ունեն: Ինչ թերություն նախագահը տեսնում էր՝ ասեց: Բայց գաղափարն, ասաց, որ ընդունում է եւ պիտի այն անպայման իրականացնել»:

Պատգամավորի կարծիքով, նախագահն այլ կերպ չէր էլ կարող արտահայտվել, քանի որ կստացվեր, որ ինքն անտեղյակ է, ծանոթ չէ կամ առանց իր համաձայնության իր կուսակցությունը, իր կուսակցության պատգամավորներն այն ընդունելու որոշում են ընդունել. «Այնպես որ, դա մեկնաբանության հարց է: Ինքս գտնում եմ, որ հարցի հանրային քննարկման կարիք կա, հանրությունն անհանգստացած է, նախագահն իր տեսակետն անպայման պիտի ասեր»:

Հարցին՝ կարծում եք նախագահի ելույթից հետո կրքերը կհանդարտվե՞ն, թե՞ ավելի կբորբոքվեն, Մկրտիչ Մինասյանն ասաց. «Մի մասը, ովքեր էմոցիաներով են ղեկավարվում, կսկսեն նաեւ մտածել, իսկ այն մասը, ովքեր պատվեր են կատարում՝ կշարունակեն իրենց պատվերը կատարել: կարծում եմ՝ կմեղմանա»:

Մկրտիչ Մինասյանը «պատվեր կատարողների» եւ այն տվողների անունները չգիտի. «Ես քաղաքական գնահատական եմ տալիս, քննչական գործունեությամբ զբաղված չեմ: Քաղաքական տեխնոլոգիաներն առանձին դեպքերում քաղաքական պատվերներով են իրականացվում»:

Lyova_Xachatryan

Այլընտրանքային ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանն, ի տարբերություն իշխանական պատգամավորի, նման ոգեւորություն չունի նախագահի ելույթից: ԲՀԿ-ն, ի դեպ, դեմ է համակարգի պարտադիր կիրառմանը: Վերհիշելով Վերահսկիչ պալատի նախագահի՝ ոչ վաղ անցյալում արած հայտարարությունները, Մարդու իրավունքների պաշտպանի որոշ դիտարկումները, մեր իրականության այլ դրվագներ, պատգամավորը հարց է հնչեցնում. «Ես այդ կառավարությանը փողը տամ, ումի՞ց ստանամ: Չեմ վստահում: Ո՞նց կարող ես մի կառավարության տալ փող, որին չես վստահում: Չես վստահում, որովհետեւ չի հավատում ու վստահում ՎՊ-ն, Մարդու իրավունքների պաշտպանը: Ո՞նց տաս»:

ՀՀԿ-ական պատգամավորի համոզմունքին, որ նախագահի խոսքից հետո բողոքի ալիքը կմեղմվի, ԲՀԿ-ական պատգամավորը հակադարձում է. «Ես մինչեւ չհասկանամ, թե ո՞ւր է գնացել բյուջեն, դատարանները ե՞րբ կդառնան դատարան, ե՞րբ ՄԻՊ-ը, ՎՊ-ն իր կարծիքը կփոխի…այդ ժամանակ կարող եմ հավատալ կամ չհավատալ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728