Լրահոս
Օրվա լրահոսը

Հինգ մեքենաներ բախվել են, իսկ քննիչը որոշել է՝ մեղավոր չկա

Փետրվար 18,2014 13:58

Վարորդը քննիչի որոշման պատճառով համ գործն է կորցրել,
համ էլ պարտքի տակ ընկել

Մեր երկրում ԱՊՊԱ համակարգը ներդնելով՝ նախատեսվում էր ավտովթարների դեպքում մեղավոր վարորդներին պատասխանատվության ենթարկել եւ փոխհատուցում գանձել, սակայն ԱՊՊԱ-ն նաեւ հնարավորություն է տալիս պատասխանատվությունից խուսափել: Օրինակ՝ քննիչի «թեթեւ» ձեռքով կարելի է նույնիսկ խոշոր ավտովթարի դեպքում մեղավոր չգտնել, հանցակազմի բացակայություն ձեւակերպել, ըստ այդմ էլ՝ ջարդուխուրդ եղած մեքենաների փոխհատուցումը «ջրել»:

Աբովյան քաղաքի բնակիչ Ժիրայր Մադաթյանն արդեն 9 ամիս է՝ չի կարողանում իր մեքենայի համար փոխհատուցում ստանալ՝ քննիչի «հանցակազմի բացակայություն» որոշման պատճառով, մինչդեռ քաղաքացին պնդում է, որ իր մեքենան չէր կարող 80%-ով վնասվել առանց մեղավորի:

Անցյալ տարի մայիս ամսին խոշոր ավտովթար է գրանցվել Կոտայքի մարզում՝ «ՎԱԶ 21099» մակնիշի մեքենան բախվելով «Ֆորդ տրանզիտ» մեքենային՝ շղթայական վթար է տեղի ունեցել, ինչի արդյունքում 4 մեքենաներ են վնասվել: Ժիրայր Մադաթյանի մեքենան կայանած է եղել սահմանված գոտում, սակայն ամենաշատն է վնասվել: Արդյունքում, ինչպես «Առավոտի» հետ զրույցում պատմեց վարորդը, քննիչ Լեւոն Գրիգորյանը դեպքը քննելուց հետո որոշել է՝ մեղավոր չկա, իսկ եթե մեղավոր չկա, ուրեմն փոխհատուցում էլ չկա:

Իրականում, ըստ Ժիրայրի, «ՎԱԶ 21099»-ի վարորդ Ստեփան Շահումյանը մեղավոր է, չնայած քննիչի որոշման մեջ նշված է՝ իբր թե Ստեփանը մանեւրել է, որպեսզի խուսափի փողոցով անցնող երեխային հարվածելուց, ու խփել է այլ մեքենաների: «Գիշերվա ժամը 24:40-ն էր, այդ ժամին կազինոյի մոտ հնարավոր չէր երեխա անցներ, մենք ոչ մի երեխա էլ չենք տեսել: Իսկ եթե նույնիսկ երեխա էլ կար, ապա այդ վարորդը եթե արագությունը չգերազանցեր, կհասցներ արգելակել ու մանեւրելուց էլ խուսափել, մեքենաներն էլ՝ ջարդելուց: Ոստիկանությունը որոշում է կայացրել, որ ոչ մեղավոր կա, ոչ էլ հանցանք, բա ուրեմն իզո՞ւր ենք ԱՊՊԱ-ի համար վճարումներ կատարում»:

Վթարի ենթարկված վարորդները կասկած ունեն, որ իրենց մեքենաներին հարվածող «ՎԱԶ 21099»-ի վարորդ Ստեփան Շահումյանը ոգելից խմիչքի ազդեցության տակ է եղել, ինչը վստահեցրել են նաեւ դատախազություն գրած դիմումում: Ժիրայր Մադաթյանի պատմելով՝ «Վթարի ենթարկված վարորդներն իրենց բացատրությունում էլ գրել էին, որ հարբած է եղել, թե հետո ինչո՞ւ հանգամանքները փոխվեցին, չեմ հասկանում: Ամեն դեպքում, հո օդից ջարդուփշուր չեղա՞վ իմ մեքենան»,- պատմեց Ժիրայր Մադաթյանը:
Արդեն 9 ամիս է՝ ավտովթարի մեղավոր չեն գտնում: Ժիրայր Մադաթյանը հնարավոր բոլոր ատյաններին դիմել է՝ վթարի հանգամանքները պարզելու եւ փոխհատուցում ստանալու համար, սակայն անարդյունք. «800 հազար դրամի գործ կա մեքենայի վրա անելու, իսկ դա տաքսի-ծառայության մեքենա է, էդ գումարը հիմա «վզիս ա», ես էլ փող չունեմ սարքեմ, մեքենան էլ կանգնած է, գործ չեմ անում, հետն էլ մեծ ընտանիք ունեմ: Սերվիսի տերն էլ ասում է՝ ոնց ուզում ես, ավտոն սարքի, տուր ինձ: «21099»-ի վարորդի ու քննիչի պատճառով համ պարտքի տակ ընկա, համ էլ գործս կորցրի: ԱՊՊԱ-ն էլ փուչիկ դուրս եկավ. բա համ ԱՊՊԱ մուծե՞նք, համ էլ տուժե՞նք դրանից: 9 ամիս է՝ էդ ջարդված ավտոյի համար օրական վարձ եմ տալիս տաքսի-սերվիսին»:

Ժիրայր Մադաթյանը ավտովթարի մեղավոր գտնելու համար դիմել է նախկին եւ ներկա դատախազներին, ԱՊՊԱ բյուրոյին: Բյուրոյից վստահեցրել են, որ եթե չկա մեղավոր, փոխհատուցում էլ չկա:

Նման դեպքերում կարծես թե ԱՊՊԱ բյուրոն պետք է որ օգնության հասնի այն վարորդներին, ովքեր ապահովագրական վճարումները պարտաճանաչ կատարում են, կարգապահ են եւ փոխհատուցման հույս են կապում ԱՊՊԱ-ի հետ, բայց Ժիրայր Մադաթյանի դեպքում բյուրոն անզոր է:

Մեզ հետ զրույցում ավտոապահովագրողների բյուրոյի իրավաբանական անձանց իրավաբանական ծառայության պետ Սամվել Աղախանյանն ասաց, որ ոստիկանության կազմված գործերը բյուրոն իրավասու չէ քննելու՝ ճիշտ ու սխալը պարզելու: «Եթե միմյանց են բախվել ավտոմեքենաներ, եւ որպեսզի առաջանա պատասխանատվություն, ինչ-որ մեկը պարտավոր լինի հատուցել, անհրաժեշտ են պայմաններ՝ ինչ-որ անձ մեղավոր լինի: Եթե վարորդը կարծում է, որ ինքը տուժող է, իսկ մյուսը մեղավոր է, կարող է բողոքարկել, փորձաքննություն կնշանակվի փորձաքննությունների ազգային բյուրո ՊՈԱԿ-ում, կամ կարող է դիմել ֆինանսական հաշտարարի գրասենյակ»: Ոստիկանության ՔԳԿ քննչական բաժանմունքի քննիչ Լեւոն Գրիգորյանը որոշել է վթարի ենթարկված վարորդների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ վերջիններիս արարքում հանցակազմի բացակայության հիմքով, իսկ «ՎԱԶ 21099»-ի վարորդը, որն իբր թե մանեւրել է երեխային չխփելու համար, ու 4 մեքենաների է վթարել, ընդամենը ԱՊՊԱ չունենալու համար է տուգանվել: Ժիրայր Մադաթյանի խոսքերով՝ իր բողոքարկման արդյունքում նոր փորձաքննություն է նշանակվել, բայց արդեն 6-րդ ամիսն է՝ եզրակացություն այդ գործով չկա: «Քննիչին հարցնում եմ՝ ի՞նչ եղավ էդ փորձաքննությունը, ասում ա՝ ես շա՞տ գիտեմ, դու ինքդ գնա փորձագիտական կենտրոն ու ստիպի թող արագացնեն: Ուրիշ ժամանակ քննիչներն են արագացնում գործը, իսկ էս դեպքում չի ուզում գործը բացահայտվի: Ես վստահ եմ, որ «ՎԱԶ 21099»-ի վարորդը մեղավոր է»:

Հիմա Ժիրայր Մադաթյանի հետագա աշխատանքն ու մեքենայի վերանորոգման համար փոխհատուցումը կախված են փորձաքննությունից: Եթե ԱՊՊԱ չունեցող «ՎԱԶ 21099»-ի վարորդին մեղավոր ճանաչեն, ապա, ինչպես պարոն Աղախանյանը վստահեցրեց, ԱՊՊԱ բյուրոն է փոխհատուցելու տուժող վարորդին. «Իսկ եթե նորից մեղավոր չլինի, դա արդեն խնդիր է»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728