Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրամայդանը «ջարդելու» փորձն արված է

Փետրվար 20,2014 14:20

Ուկրաինացի հասարակությանը բռնի ուժով հնարավոր չէ ծնկի բերել
Փետրվարի 18-19-ին Կիեւում լարումը հասավ գագաթնակետին, ինչի արդյունքում արձանագրվեց ամենաարյունալի բախումը տեւական ժամանակ բողոքավոր Եվրամայդանի եւ «Բերկուտի» միջեւ…

Երկու տասնյակից ավելի զոհեր, որոնց թվում` նաեւ ոստիկաններ, մի քանի հարյուր վիրավորներ, պատերազմական գործողություններ քաղաքում, զրահատեխնիկա, ջրցան մեքենաներ, այրվող շենքեր, արյունոտված փողոցներ, ավերված վրանային ավան… Ահասարսուռ տեսարանների պակաս վերջին երկու օրերին չի զգացվում: Միջազգային լրատվամիջոցները հետեւում են ուկրաինական ողբերգական իրադարձություններին, տարածում տեղեկություններ, լուսանկարներ ու տեսանյութեր Կիեւում ողբերգական իրադարձությունների մասին:

Այսօր` փետրվարի 20-ին, Ուկրաինայում սգո օր է հայտարարված:
Դեռ երեկ բախումները Կիեւի կենտրոնական Անկախության հրապարակում՝ Եվրամայդանում, շարունակվում էին: Դնեպրոպետրովսկում գտնվող դեսանտային բրիգադը պաշտպանության նախարարի հրամանով տեղափոխվել էր Կիեւ` ըստ պաշտոնական պարզաբանման` զինապահեստների պաշտպանության նպատակով:
Վիկտոր Յանուկովիչը հանդես եկավ հեռուստաուղերձով, որում դիմելով ընդդիմության առաջնորդներին՝ նշեց. «Տարանջատեք ձեզ այն արմատական ուժերից, որոնց նպատակը արյունահեղությունն ու իրավապահների հետ բախումներ հրահրելն է: Եթե դա չի արվում, դուք պետք է հստակորեն ընդունեք, որ աջակցում եք ծայրահեղականներին: Այդ դեպքում ձեզ հետ մենք ստիպված կլինենք միանգամայն այլ կերպ խոսել»,- հայտարարեց Յանուկովիչը: Ուկրաինական ընդդիմությունը, սակայն, Յանուկովիչի կոչերը գնահատեց որպես ադեկվատության կորուստ:

Երեկ ուկրաինական լրատվամիջոցները, հղում անելով Լուցկի ոստիկանապետ Վասիլի Մարչիշակին, հայտնում էին, որ Ուկրաինայի Լուցկ քաղաքի ոստիկանները պաշտոնապես հայտարարել են ցուցարարներին միանալու մասին: «Ոստիկանությունը չի ցանկանում հակամարտություն եւ անցնում է ժողովրդի կողմը»,- ասել էր Մարչիշակը:
Թե ինչ զարգացումներ են սպասվում Եվրամայդանին` փորձագետները դժվարանում են միանշանակ կանխատեսումներ անել: Բայց նաեւ ակնհայտ է, որ բռնությամբ Եվրամայդանը «ջարդելը», եթե ինչ-որ պահի անգամ հնարավոր դառնա, ապա անկանխատեսելի են դառնալու դրա հնարավոր հետեւանքները` քաղաքացիական անհնազանդությո՞ւն, քաղաքացիական պատերա՞զմ, Ուկրաինայի տրոհո՞ւմ, քաո՞ս, բռնապետության հաստատո՞ւմ… Մեկ փաստ, սակայն, կարծես, որեւէ մեկը հավանական չի համարում, որ` ուկրաինական հասարակությանը բռնի ուժով հնարավոր է ծնկի բերել:
Միջազգային հանրությունը թեեւ երկու օր է, ինչ անդրադառնում է ուկրաինական արյունալի իրադարձություններին, այնուամենայնիվ, այդ արձագանքները որակվում են հերթապահ ու մակերեսային, Ուկրաինայի իշխանությունների նկատմամբ դրսեւորած ավելի մեղմ վերաբերմունք:

Ամենաառաջին արձագանքները հնչեցին ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի կողմից, ով Յանուկովիչի հետ հեռախոսազրույցի ընթացքում պահանջել էր Կիեւից դուրս բերել ոստիկանության հատուկ ջոկատայիններին: ԵՄ ներկայացուցիչները չէին բացառում, որ պաշտոնական Կիեւի դեմ կարող են պատժամիջոցներ կիրառվել: ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հանդարտության կոչ էին արել, Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին կոչ էր արել քաղաքական փոխզիջումների գնալ:

Փետրվարի 19-ի կեսգիշերին տեղի էր ունեցել նաեւ Յանուկովիչ-Պուտին հեռախոսազրույցը, որի մանրամասները հայտնի չեն, սակայն Պուտինի մամուլի խոսնակը տեղեկացրել էր, թե Ռուսաստանի նախագահի համոզմամբ` «Ուկրաինայում առկա ներքաղաքական ճգնաժամի հաղթահարումը այդ երկրի լեգիտիմ իշխանությունների բացառիկ իրավունքն է»:

Երեկ Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտը Կիեւում զոհերի համար մեղադրեց Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին: «Զոհերի եւ բռնության հետեւում նախագահ Յանուկովիչն է: Նրա ձեռքերն արյունոտ են»,- գրել էր նա Twitter-ում: Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարեց, թե պահանջելու է, որ Եվրամիությունը պատժամիջոցներ կիրառի Ուկրաինայի կառավարության դեմ: Freedom House ամերիկյան իրավապաշտպան կազմակերպության նախագահ Դեւիդ Քրամերը հայտարարեց, թե Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը կորցրել է օրինականությունը եւ պետք է հրաժարական տա: Քրամերը նկատել է, թե կենսականորեն կարեւոր է, որպեսզի ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը այցագրային եւ ֆինանսական պատժամիջոցներ սահմանեն մեղավորների դեմ՝ ուժեղացնելու համար գոյություն ունեցող քաղաքական փոփոխություններն Ուկրաինայում:

Հայաստանի հասարակության մոտ փետրվարի 18-19-ի Կիեւի արյունալի իրադարձությունները թարմացրեցին 2008թ. Մարտի 1-ի ողբերգության ծանր հիշողությունները, զուգահեռներ տարվեցին այդ օրերի զարգացումների հետ` սկսած իրավապահների գործողություններից մինչեւ Արեւմուտքի անտարբեր կեցվածքը փողոց դուրս եկած հասարակության պահանջներին ընդառաջ:

«Մայդանում նաեւ մենք ենք» կարգախոսով երեկ Երեւանում երթ կայացավ «Հաղթանակ» զբոսայգուց մինչեւ Հայաստանում Ուկրաինայի դեսպանատուն: «Պուտին, Կիեւից գնա տուն», «Ուկրաինայում Մարտի 1 է» բովանդակությամբ պաստառներ պարզած՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն իրենց աջակցությունը հայտնեցին Ուկրաինայում ազատության, մարդկային արժանապատվության համար պայքարի դուրս եկած քաղաքացիներին՝ խստորեն դատապարտելով Ուկրաինայի իշխանությունների կողմից կատարված բռնությունները:

Իսկ պաշտոնական Երեւանը երեկ անդրադարձել է ուկրաինական դեպքերին ՀՀ ԱԳ նախարարի մամլո խոսնակի մակարդակով. «Խորապես ցավում ենք Կիեւում բախումների հետեւանքով տասնյակ զոհերի կապակցությամբ։ Ուկրաինան Հայաստանի բարեկամ երկիր է։ Հույս ենք հայտնում, որ կողմերը բանակցություններ կվերսկսեն վիճելի հարցերին խաղաղ հանգուցալուծում տալու համար»։

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728