Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Մշակվելու է Հայաստանի ազգային բրենդը

Փետրվար 20,2014 15:15

Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2014թ. միջոցառումների ծրագրին, որի իրականացմամբ պետք է զգալիորեն բարձրանա երկրի ընդհանուր մրցունակությունը: Ձեռնարկվելիք միջոցները նպաստելու են բիզնես սկսելու և զարգացնելու համար պահանջվող վարչարարական ընթացակարգերի պարզեցմանը, փոքր և միջին ձեռնարկությունների արագ աճի խթանմանը, հարկային և մաքսային հավասարակշռված քաղաքականության իրականացմանը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանն անհրաժեշտ է համարել առաջիկա 4 ամսվա ընթացքում համալիր ծրագիր կազմել և այդ փաստաթղթում ընդգրկել նշված հարցի քննարկմանը նվիրված վերջին խորհրդակցության ժամանակ արված առաջարկությունները:

Հայաստանի ազգային բրենդը մշակելու և համաշխարհային հանրությանը ներկայացնելու նպատակով կառավարությունը լրացում է կատարել իր նախկին որոշումներից մեկում և ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հատկացրել 62 մլն դրամ: Նախարարին հանձնարարվել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի  հետ կնքել դրամաշնորհային պայմանագիր` ծրագրի իրականացման համար պահանջվող գումարի մնացած մասը`225 հազար ԱՄՆ դոլարը, այլ աղբյուրներից ապահովելու պայմանով:

ՀՀ կենտրոնական բանկի գործառույթների անհրաժեշտությունից ելնելով, ինչպես նաև ԿԲ կողմից վարվող տեղեկատվական համակարգեր ներառված տեղեկության հավաստիությունն ապահովելու նպատակով կառավարությունը հաստատել է ԿԲ-ին բնակչության պետռեգիստրի տեղեկատվական համակարգից տվյալներ տրամադրելու կարգը: ՀՀ կենտրոնական բանկը վարում է ֆինանսական համակարգի համար կարևոր նշանակություն ունեցող այնպիսի շտեմարաններ, ինչպիսիք ԱՊՊԱ տեղեկատվական համակարգը, վարկային ռեգիստրը, որոնցում հաճախ են ծագում անձի նույնականացման հետ կապված խնդիրներ: Որոշման համաձայն նշված տեղեկությունը ԿԲ-ին կտրամադրի պետռեգիստրը, ինչի շնորհիվ կլուծվեն առկա խնդիրները, կապահովվի շտեմարանների բնականոն և արդյունավետ աշխատանքը:

Նիստում հաստատվել է փոստային կապի ոլորտում մոնիթորինգի իրականացման կարգը: Մոնիթորինգի ընթացքում պետք է հայտնաբերել, վերլուծել և գնահատել քաղաքացիներին և կազմակերպություններին մատուցվող ծառայությունների նշանակությունը, այդ թվում` ծառայությունների վերջնական արդյունքի վրա ծախսված ժամանակը և ֆինանսական ծախսերը: Մոնիթորինգի իրականացման ժամանակ փոստային կապի ծառայությունների որակական գնահատման ցուցանիշներն են վիճակագրական և սոցիալական հարցման տվյալները:

Հաշվի առնելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությանը հանձնված ՊՈԱԿ-ների գործունեության ոլորտային առանձնահատկությունները` մանկատուն, երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն, ծերերի և հաշմանդամների տուն-ինտերնատ և այլն, կառավարությունը նախարարին պարտավորեցրել է հաստատել հաստիքացուցակի օրինակելի ձև, պաշտոնների անվանացանկեր և պաշտոնների նկարագրերի օրինակելի ձևեր, աշխատավարձերի միասնական համակարգի ձևավորման մոտեցումներ և մեխանիզմներ: Որոշումը միտված է ՊՈԱԿ-ների աշխատողների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակին:

Վերաբաշխում կատարելով ՀՀ 2014թ. պետբյուջեում, փոփոխություններ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, գործադիրը դրանով իսկ ապահովել է մինչև 2014թ. հունվարի 1-ը Հայաստանում ծնված երեխաներին ծննդյան միանվագ նպաստի հատկացման բնականոն գործընթացը:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728