Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով լրացուցիչ փորձաքննություն կիրականացվի

Մարտ 03,2014 13:44

2014 թ. փետրվարի 28-ին ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով դատաքննությունը:

Դատական նիստին տուժողի իրավահաջորդը և նրա ներկայացուցիչը չէին ներկայացել, ինչը կողմերը գնահատեցին որպես անհարգալից վերաբերմունք դատարանի հանդեպ:
Հարկ է նշել, որ տուժողի իրավահաջորդն ու նրա ներկայացուցիչը նախորդ դատական նիստերից մեկում հայտարարել էին, որ այլևս չեն մասնակցելու դատական նիստերին, քանի որ համաձայն չեն դատաքննության ընթացքի հետ:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը հետաձգվել էր տուժողի իրավահաջորդի կողմից իր կրած բարոյական և գույքային վնասների փոխհատուցման պահանջով դատարան ներկայացված քաղաքացիական հայցին կողմերի ծանոթանալու և դրա վերաբերյալ դիրքորոշում հայտնելու պատճառով:
2014 թ. փետրվարի 28-ի դատաքննության ընթացքում կողմերը ներկայացրեցին իրենց դիրքորոշումը, մասնավորապես, գործով մեղադրողը և ամբաստանյալներ Միքայել Միքայելյանի և Մինաս Մկրտչյանի պաշտպաններն անհիմն համարեցին ներկայացված հայցը, գտնելով, որ թե՛ նախաքննության, թե՛ դատաքննության ընթացքում հիմնավորվել է արարքի և հետևանքի միջև պատճառահետևանքային կապի բացակայությունը, հետևաբար չի կարող այդ արարքով որևէ անձի պատճառվել վնաս:

Հայցադիմումի գույքային պահանջի վերաբերյալ կողմերը հայտնեցին, որ չեն ներկայացվել այդ ծախսերի կատարման փաստը հաստատող անհրաժեշտ ապացույցներ, ինչպես նաև փոխհատուցման ենթակա են մինչև հուղարկավորությունը կատարված ծախսերը:
Բարոյական պահանջի վերաբերյալ դատաքննությանը ներկա գտնվող կողմերը հայտնեցին, որ հայցադիմումում վկայակոչված ՀՀ սահմանադրական դատարանի 05.11.2013 թ. ՍԴՈ-1121 որոշումը ընդհանուր բնույթ է կրում և նախատեսում է փոփոխություններ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում: Սակայն բարոյական վնաս հասկացությունը դեռևս օրենսդրական ամրագրում չի ստացել և հարց է՝ արդյոք ֆիզիկական կորուստը կարելի դիտել որպես բարոյական վնաս:

Պետք է նշել նաև, որ կողմերը դատաքննության ընթացքում համոզմունք հայտնեցին այն մասին, որ հայցադիմումը Մ. Խաչատրյանի կողմից ներկայացվել է դատաքննությունն անհարկի ձգձգելու նպատակով:

Գործով ամբաստանյալներ Միքայել Միքայելյանի և Մինաս Մկրտչյանի պաշտպանները դատարանին հայտնեցին, որ վերանայել են համաներում կիրառելու վերաբերյալ իրենց դիրքորոշումը և հրաժարվում են դատարան ներկայացրած դիմումից, գտնելով, որ իրենց պաշտպանյալները որևէ հանցավոր արարք չեն կատարել: Նրանք խնդրեցին դատարանից վերսկսել դատաքննությունը:

Դատարանն անհրաժեշտ համարեց հանձնաժողովային լրացուցիչ քննության իրականացումը՝ փորձաքննությանը փորձառու վիրաբույժների ներգրավմամբ:
Մեղադրողը չառարկեց լրացուցիչ փորձաքննություն նշանակելուն, Միքայել Միքայելյանի պաշտպանը հայտնեց, որ դեմ է լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն նշանակելուն, քանի որ 24 ժամը վերաբերում է վիրաբույժներին, իսկ երկրորդ փորձաքննությունն էլ տվել է բոլոր հարցերի պատասխանները:

Մինաս Մկրտչյանի պաշտպանը չառարկեց փորձաքննություն անցկացնելուն, նշելով, որ եթե դատարանն ունի չփարատված կասկածներ, ուրեմն կա փորձաքննություն կատարելու անհրաժեշտություն, չնայած պաշտպանական կողմը չունի այդպիսի կասկածներ:
Դատաքննությանը ներկա կողմերին, ինչպես նաև տուժող կողմին իրենց հարցադրումները և հանձնաժողովի կազմի վերաբերյալ դիրքորոշումն ու առաջարկները ներկայացնելու համար դատական նիստը հետաձգվեց մինչև սույն թվականի մարտի 14-ը՝ ժամը 15:00-ն:

Լուսանկարը՝ Իրավաբան.net

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31