Լրահոս
Օրվա լրահոսը

Նիդեռլանդների դեսպանը`Տեր-Պետրոսյանի ելույթի եւ միջուկային անվտանգության խնդիրների մասին

Մարտ 03,2014 16:54

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումն այլևս անշրջելի է, իսկ եվրաինտեգրումը` տեսանելի ապագայում անհնարին։ Այս թեզը մարտիմեկյան հանրահավաքում առաջ քաշեց Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Զարգացնելով իր միտքը, նա ասաց, որ Հայաստանը պետք է գնա Մաքսային միություն`միայն առանց գործող նախագահ Սերժ Սարգսյանի: Այսօր, Aravot.am-ի խնդրանքով անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի այս դիտարկումներին, Վրաստանում եւ Հայաստանում Նիդեռլանդների թագավորության դեսպան Հանս Հորբախն ասաց, որ Հայաստանի որոշելիքն է` հետագա զարգացման ո՞ր ուղղությունն ընտրել: «Բայց դրանից մեր հարաբերությունները չեն փչանա»,- հավելեց դեսպանը:

Պարոն դեսպանն, ում նստավայրը Թբիլիսին է, Երեւանում է գտնվում, մասնակցելու՝ «2014 թվականի Միջուկային անվտանգության գագաթաժողովի ներկայացում /Հաագա/. առանցքային գաղափարներ և նոր լուծումներ» խորագրով գիտաժողովին, որի կազմակերպիչը Երեւանում Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնն (ԳՏՀՎԿ)  է:

Միջուկային զենքի չտարածման, միջուկային անվտանգության խնդիրներով աշխարհը սկսեց զբաղվել դեռ 2009 թվականից`ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախաձեռնությամբ: Մինչ այժմ այս հարցով երկու համաշխարհային կոնֆերանս է կազմակերպվել` Վաշինգտոնում, ապա Սեուլում: Երրորդը  նախատեսվում է մարտին՝ Հաագայում: Հետխորհրդային երկրներից նման զենք կար Ղազախստանում եւ Ուկրաինայում, որը, հետագայում, համապատասխան փաստաթղթերի հիմա վրա, տեղափոխվեց ՌԴ:

Հաագայում կայանալիք հավաքի նպատակն է`կանխել միջուկային տեռորիզմն աշխարհում` ընդգրկելով միջազգային բոլոր կառույցները եւ պետությունները: Պարոն դեսպանն ասաց, որ համաժողովում, մասնավորաբար, կքննարկվեն միջուկային նյութի քանակության նվազեցման հարցերը, առկա միջուկային նյութի որակի բարելավման եւ դրա օգտագործման կարգավորման անվտանգության հարցերը: «Որպես տրանսպորտային հանգույց, մեր երկիրը ստիպված է հաղթահարել միջուկային նյութի տարանցման բազում ռիսկեր: Այս առումով, մենք մեր լուման կարող են բերել այս գործին»,- ասաց մեր զրուցակիցը:

Հաագայում կայանալիք միջոցառմանը ներկա կգտնվեն մոտ հիսուն երկրների լիդերներ, այդ թվում նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Համաժողովին ներկա կլինի նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Դեսպան Հանս Հորբախը Հայաստանում է`հասկանալու եւ հստակեցնելու համար, թե ի՞նչ ներդրում կարող է ունենալ Հայաստանն այս գործում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31