Լրահոս
Օրվա լրահոսը

Անի Գեւորգյան. «Ոստիկանությունը ժամանակավոր զինադադար է սկսել»

Մարտ 05,2014 18:56

«Ես դեռեւս այն պահին, երբ հայտնի դարձավ տարբեր ուղղությամբ քննություններ սկսելու մասին, ես ասացի, որ չեմ կարծում դրանք օբյեկտիվ լինեն: Բոլորս ապրում ենք Հայաստանում ու գիտենք, թե ինչպես են քննություններն ընթանում, երբ ոչ քննիչից, ոչ քննչական բաժնից երբեւէ կախված չի լինում քննության  ելքը: Քննության ելքը միշտ կախված է լինում իշխանությունների ցանկությունից»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում «ՉԻ» լրագրող Անի Գեւորգյանն այսպես մեկնաբանեց ոստիկանության ներքին անվտանգության վարչության որոշումը՝ կասեցնելու Անի Գեւորգյանի նկատմամբ ոստիկանության ծառայողների կողմից գործած ապօրինությունների վերաբերյալ նշանակված ծառայողական քննությունը:

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Մաշտոցի պողոտայում մի խումբ երիտհհկականներ խոչընդոտել էին ՀԱԿ ակտիվիստների կողմից առաջիկա հանրահավաքի մասին իրազեկում իրականացնել, ինչից հետո դեպքի վայր ժամանած ոստիկանները սկսել էին ակտիվիստներին բերման ենթարկել, իսկ ծավալվող իրադարձությունները տեսանկարահանող լրագրողներից խլել տեսախցիկները։ Ոստիկանները բերման էին ենթարկել ակտիվիստներին, «ՉԻ» լրագրող Անի Գեւորգյանին եւ «ilur» կայքի օպերատոր Սարգիս Գեւորգյանին, իսկ արդեն բաժնում ոստիկանության Կենտրոնի բաժնի պետ Արտակ Պողոսյանը ձեռքով հարվածել էր Գեւորգյանի դեմքին։ Նշվածի վերաբերյալ ոստիկանությունը հայտարարել էր, որ նշանակվել է ծառայողական քննություն՝ պարզելու համար ոստիկանների գործողությունների օրինականությունը։

Անի Գեւորգյանի խոսքերով՝ «Փետրվարի 12-ին տեղի ունեցածի հետ կապված ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրահանգով նշանակվեց ծառայողական քննություն, հիմա այդ գործը կասեցվեց: Այդ օրվա դեպքերի հետ կապված խուլիգանության հոդվածով գործ հարուցվեց, իսկ այդ քրգործով դեռեւս ոչ մի տեղաշարժ չկա: Հետո ՀՔԾ-ն իմ դիմումի հիման վրա քրգործ հարուցեց, բայց մինչ օրս ես այդ քրեական գործով որպես տուժող չեմ անցնում: Այս թվարկվածը ինձ հիմք է տալիս շատ լուրջ կասկածներ ունենալ, որ փետրվարի 12-ին տեղի ունեցածի հետ կապված քննությունը օբյեկտիվ կլիներ: Հարցը նրանում է,  որ ոչ թե  գործը կարճվել է, այլ՝ կասեցվել է: Այսպես ասած՝ ժամանակավոր զինադադար են սկսել: Ես դեռեւս  փաստաբանների հետ չեմ խորհրդակցել եւ չգիտեմ, թե նման դեպքերում ես ինչ կարող եմ անել: Ոստիկանությունից ասում են՝ կասեցվել է, քանի որ ՀՔԾ-ում արդեն քրգործ կա հարուցված: Ես չեմ խորհրդակցել փաստաբանի հետ եւ չգիտեմ, թե նշված պատճառաբանությունն ինչքանով է ճշգրիտ եւ հիմնավոր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31