«Մենք երկու հիմքով ենք ներկայացրել հայցադիմումը՝ թե՛ զրպարտության, թե՛ վիրավորանքի համատեքստում։ Ես տեղյակ եմ, որ այլ դեպքեր էլ են եղել, ու Անի Գեորգյանը չի դիմել դատարան՝ հաշվի առնելով որոշակի հանգամանքներ, առանձնահատկություններ՝ կապված հենց պատասխանողի ստեղծված իրավիճակի՝ որդու հետ կապված։
Բայց քանի որ շարունակական բնույթ է կրում Գեղամ Նազարյանի վերաբերմունքը Անի Գեորգյանի նկատմամբ, ապա կարծում եմ՝ ճիշտ որոշում էր դատարան դիմելը»,- այսօր լրագրողներին ասաց Newday.am կայքի լրագրող, խմբագիր Անի Գեորգյանի ներկայացուցիչ, փաստաբան Զարուհի Նախշքարյանը։
Հիշեցնենք, որ Անի Գեորգյանը զրպարտության, պատիվն ու բարի համբավն արատավորելու համար հայց է ներկայացրել ԱԺ նախկին պատգամավոր Գեղամ Նազարյանի դեմ։ Այսօր այս գործով դատական նիստ էր նշանակված, որը հետաձգվեց, քանի որ Նազարյանին ժամանակ էր պետք պաշտպան ներգրավելու համար:
Հարցին, թե Անի Գեորգյանի արտահայտությունները՝ ուղղված Նազարյանին, օրինակ՝ «որդու շիրիմն ուրացել է», կարող էին վիրավորանք դիտարկվել, և արդյոք քաղաքական գործչի ու լրագրողի պաշտպանությունը կարող է նույն հարթության վրա լինել, ի պատասխան փաստաբանն ասաց.
Կարդացեք նաև
Նրա խոսքով՝ միջադեպի ժամանակ Գեղամ Նազարյանը պատգամավոր է եղել. «Հաստատապես ունենք ՄԻԵԴ-ի որոշումները, որ քաղաքական գործիչը ավելի տոլերանտ պետք է լիներ ցանկացած քննադատության։ Եթե ևս մեկ անգամ նայենք տեսագրությունը, կնկատենք՝ եթե Անի Գեորգյանի արտահայտությունները զուտ քաղաքական բնույթի էին, ապա Նազարյանի արտահայտությունները անբարոյականության դրսևորում կարող էին դիտարկվել հասարակությունում։ Այդ մասով կա Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշում, որը վկայակոչել ենք հայցադիմումում»։
Փաստաբանը նկատեց, որ պատահական չէր, որ մինչև այդ վերջին միջադեպն էլ Անի Գեորգյանի նկատմամբ որոշակի դրսևորումներ կային կոնկրետ Նազարյանի կողմից։
«Այստեղ կարող ենք նկատել շարունակականություն կոնկրետ Գևորգյանի անձի հանդեպ՝ նրա մասնագիտական գործունեությունն իրականացնելիս։ Նազարյանը բոլոր դեպքերում հանդիսանում էր պատգամավոր, իր խոսքը լսելի էր ցանկացած պարագայում, ու իր մասնակցությամբ նման միջադեպերը չեն կարող անհետևանք մնալ»,- ասաց փաստաբանը։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

















































