Լրահոս
Օրվա լրահոսը

Տիբեթյան լաման կգա, Մայր աթոռում էլ տեղյակ են (Տեսանյութ)

Մարտ 13,2014 13:17

«Հայելի» ակումբում այսօր կայացած ասուլիսը նվիրված էր «Տիբեթ» կենտրոնի նախաձեռնությամբ Հայաստան այցելող տիբեթյան վանական-լամա Ադեն Պունցոյին:

«Նոր Հայաստան» կազմակերպության եւ «Տիբեթ» կենտրոնի ղեկավար Էլեոնորա Մանանդյանը, Միջմշակութային ուսումնասիրությունների, ուսուցման և երկխոսության միջազգային կենտրոնի հ/կ-ի նախագահ Արեգ Թադևոսյանը եւ հեռուստահաղորդավար  Սոնիա Թաշչյանը պատմեցին, որ մարտի 19- 31 նախ Հայաստան է ժամանելու տիբեթյան վանական-լամա Ադեն Պունցոյի օգնական լամա ՅեշեՆյիման: Հյուրերն ասում են, որ նրանք Տիբեթյան Լամաների Լույսն ու էներգետիկ ուժն են փոխանցելու մեր Հայրենիքին:

Տիկին Մանանդյանը նշեց, որ նախատեսված են դասախոսություններ, այցելություններ նաեւ մարզեր: «Գառնի-Գեղարդ, խորոված չի լինելու»,-ժպտաց նա:

Ապա հավելեց. «Մենք կարող ենք ինչ-որ բաներ շտկել, ցավոք հասարակությունը հիվանդ է, սրանից ձերբազատվելն է ամենակարեւորը: Իրականությունն այն է , որ լինելով հնագույն ազգերից մեկը, շեղվել ենք մեր հիմքից, ամենուր համատարած տգիտություն է, վախ, դրանից բխող ագրեսիա: Ու ոչ մի ոլորտում ոչինչ արդյունք չի տա, եթե չփոխվենք»:

Էլեոնորա Մանանդյանի խոսքով, պատահական չէր, որ ժամանակին Սովետական НКВД -ն եւ հիտլերյան ռեժիմը փորձում էին շատ հարցերի պատասխաններ փնտրել Տիբեթում, որտեղ կարեւորը հոգեւոր զարգացումն է: Բանախոսների հավաստմամբ, կրոնական գաղափարների մասին խոսք չի գնում, իրենք քրիստոնյա են, հայ առաքելական եկեղեցու հետեւորդ:

Տիկին Մանանդյանը պատասխանելով հարցին՝ հավաստեց, որ իր ամուսնական արարողությունը հայ առաքելական եկեղեցու ծեսով չի եղել. «Եթե սկսում ենք դիտարկել ծիսակարգերը, դրանք կարող են դառնալ ձեւական: Ինչ վերաբերում է լամայի գալուն, իրենք բարձր էներգիաների են տիրապետում, երբ լույսը գալիս է մթության վայր, այն սկսում է տարածվել: Ցավոք, հայ ազգը հազարամյակներ շարունակ կարողանում էր արարել անկախ ամենն ինչից, իսկ հիմա մի տեսակ փակվել է, շեղվել բնական հիմքից: Արտաքին ազդեցության շնորհիվ պետք է վերադառնանք մեր բնական կերպին, որովհետեւ հայերը իրապես լույսի կրող են: Հույս ունենք, որ կազդենք նաեւ բնակլիմայական պայմանների վրա» :

Արեգ Թադեւոսյանն էլ պատմեց. «Երբ ես առաջին անգամ այցելեցի Տիբեթ՝ տեսա, որ մարդիկ անընդհատ աղոթքի մեջ են ու աղոթքի անիվներն են պտտում: Եղել եմ ասիական եւ եվրոպական բոլոր երկրներում, ու հասկացել՝ Տիբեթն այն տեղն է, որը մոլորակի վրա ուրույն տեղ ունի: Այնտեղից ինչ-որ բան բերել այստեղ, իրականում մեծ նվեր է»:

Էլեոնորա Մանանդյանի ձեւակերպմամբ, Հայ առաքելական եկեղեցին իր առաքելություններում չի թերացել, ուղղակի յուրաքանչյուր հոգեւորական նույնքան հայ է, որքան մենք, եւ նույնքան շեղված է, որքան մեզանից յուրաքանչյուրը:

Նա հերքեց, թե Տիբեթում կողմ են միասեռականությանը. «Մի անգամ մի եվրոպացի հարցրեց արդյոք միասեռականություն կա՞ Տիբեթում, հարցրի վանականներից մեկին: Սկզբում չէր կարողանում ինձ հասկանալ, մտածում էր՝ գուցե լավ չեմ բացատրում տիբեթերեն, հետո զարմացած ասաց՝ 32 տարեկան ես եւ չգիտե՞ս, որ դա տղամարդը կնոջ հետ է անում: Ամաչեցի, որ մեր կեղտը բերում ենք Տիբեթ»:

Արեգ Թադեւոսյանը, խոսելով իրենց կենտրոնի մասին, նշեց, որ միջմշակութային հաղորդակցությունը իրենց գործունեության բնագավառն է, ցանկանում են զարգացնել միջմշակութային մկանները. «Իբրեւ նախկին խորհրդային երկիր փակ երկրում ենք եղել, դրա համար պետք է զարկ տալ, որ այլը կարողանանք զարգացնել: Նայում եմ՝ Նեպալից, Պակիստանից եկած ուսանողների համայնք ունենք, մարդիկ գետոյացած վիճակում են ապրում: Մինչեւ հիմա սեւամորթ են տեսնում, հետեւներից ծիծաղում են: Այ դրա մասին պետք է մտածել: Եվ մի բան էլ՝ դու երբեք չես կարող քոնը ընկալել, հասկանալ, եթե կոնսերվայի բանկայի մեջ ես… Մեր հայկականության առանցքն այնքան ուժեղ է, որ կարիքը չունենք փակվելու, փակվելու քաղաքականությունը վաղուց իրեն սպառել է: Եթե Հնդկաստանում Թաջ Մահալն եմ տեսնում, Մայր աթոռ սուրբ էջմիածնի տաճարն էլ եմ սիրում եմ, բայց համաշխարհային մշակութային ժառանգությունը նույնքան իմն եմ համարում»

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ Մայր աթոռին տեղեկացրե՞լ են լամայի այցի վերաբերյալ: Տիկին Մանանդյանը պատասխանեց, որ նամակ են գրել Վեհափառին, երեկ էլ իրենց ընդունել է Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Հովակիմ սրբազանր: «Տիբեթ» կենտրոնի տնօրենի ասելով, պաշտոնական եկեղեցին հավաստիացրել է, որ հարգանքով կդիմավորեն բարձրագույն կարգի լամային, կհյուրընկալեն Մայր աթոռում, Գեղարդավանքում. «Մենք բուդդայականություն չենք քարոզելու: Ի դեպ, Հայ առաքելական եկեղեցու տարբերությունները նույնքան պակաս չեն քրիստոնեական մյուս ուղղություններից, որքան բուդդայականության տարբերությունը Քրիստոնեությունից: Իրականում մենք լույսի ազգ ենք, արարման ենք ուղղված, բայց եթե մեր հիմնական վեկտորից շեղվում ենք, դա տխուր քայլ է»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31