Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանը չի բացառում Պոլիտեխնիկի և Ճարտարապետաշինարարականի վերամիավորումը

Մարտ 18,2014 14:59

Այսօր՝ մարտի 18-ին, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այցելեց Երևանի պետական բժշկական համալսարանի Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Շրջայցից հետո նախարարը մեկնաբանեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ռեկտոր Արա Ավետիսյանի հրաժարականի դիմումը:

«Երեկ ընթացք եմ տվել Արա Ավետիսյանի դիմումին: Այսօրվանից ճարտարապետաշինարարականի նախկին ռեկտորը նշանակվել է ճարտարագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար: Պրն Թոքմաջյանը կղեկավարի համալսարանը, մինչև որ սահմանված կարգով հայտարարվեն ընտրություններ, մրցույթը կայանա և բուհի խորհուրդը ընտրի նոր ռեկտոր»,- ասաց նախարարը:

Իսկ այն հարցին, թե ինչն էր հրաժարականի պատճառը, պրն Աշոտյանն ասաց. «Տարբեր բուհերում տարբեր խնդիրներ լինում են: Մենք որևէ սենսացիա այս փաստի մեջ չենք փնտրում: Նախկին ռեկտորն, ըստ ամենայնի, որոշել է բուհի հետագա զարգացման համար բազմակարծության պայմաններում ստեղծել նոր հնարավորություններ՝ այդ ցանկությունները վերածելու աշխատանքի: Նախկին ռեկտորը մնում է կրթության և գիտության համակարգում, նա Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ է, դասավանդում է Երևանի պետական համալսարանում»:

Նախարարը նաև անդրադարձավ ՀՊՃՀ-ում ընթացող ուսումնասիրություններին. «Չկա մի հիմնարկ, մի գերատեսչություն, որտեղ ուսումնասիրությունների իրականացման ընթացքում խնդիրներ չլինեն: Այդ ուսումնասիրություններն իրականում թույլ են տալու ցանկացած բուհին, այդ թվում՝ նաև պոլիտեխնիկին, իմանալ իր թույլ տեղերն ու շտկել այդ խնդիրները՝ ապագայում առավել արդյունավետ կառավարման և զարգացման հեռանկար ունենալու համար: Համենայնդեպս, կարող եմ ասել, որ բուհը ֆինանսապես կայուն է և որևէ անհանգստություն կոլեկտիվի և ուսանողության համար գոյություն չունի»:

Նախարարը մեկնաբանեց նաև այն տեսակետը, ըստ որի՝ պրն Ավետիսյանի հրաժարականի պատճառը «Դեմ եմ» ակցիան կանխել չկարողանալն է: «Ռեկտորի հրաժարականը բացարձակապես կապ չունի այդ հանգամանքի հետ: Ճիշտ հակառակը: Տեսանյութից երևում է, որ նրանց ակցիան անցել է հանգիստ, խաղաղ, զուսպ, չի խանգարել կրթական գործընթացին: Կրկնում եմ՝ բուհերը պետք է դուրս մնան ցանկացած տիպի հասարակական-քաղաքական շարժումներից: Եվ այդ շարժումները չպետք է խոչընդոտեն կրթական գործընթացը, խանգարեն ուսանողներին և դասախոսներին: «Դեմ եմ»-ի այդ ակցիան հիմնականում տեղավորվում էր իմ ասած շրջանակների մեջ և որևէ դժգոհության առիթ նախկին ռեկտորից այս դիտանկյունից մենք չունենք: Ըստ ամենայնի՝ մենք ականատես կլինենք բուհական համակարգում նախարարության կողմից առավել կտրուկ, ուշադիր և կոշտ քայլերի հերթականությանը, որպեսզի կարողանանք թռիչքաձև զարգացում ապահովել տարբեր բուհերում: Պոլիտեխնիկի ներսում եղած որոշակի անհամաձայնություններն ու տարաձայնությունները պետք է շատ արագ հարթվեն և բացարձակապես չազդեն բուհի հետագա զարգացման համար»,- ասաց պրն Աշոտյանը:

Նա նշեց, որ Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտորի պաշտոնն այս պահին թափուր է: Ժամանակավոր պաշտոնակատար է նշանակված պրոռեկտորներից մեկը: «Ըստ ամենայնի, մենք վաղը վերջնականապես կկողմնորոշվենք, թե այս անցումային փուլում ով է ստանձնելու պատասխանատվությունը՝ ղեկավարելու բուհը մինչև նոր ռեկտորի ընտրություններ»,- ասաց պրն Աշոտյանը:

Նախարարը նաև չբացառեց Պոլիտեխնիկի և ԵՃՇՊՀ-ի վերամիավորումը: «Կարծում ենք՝ մոտ ապագայում մենք այդ ուղղությամբ քայլեր կձեռնարկենք»:

Վարդուհի ԲԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31