Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյան. «Կառավարությունը պատժիչի դերում է» (Տեսանյութ)

Մարտ 18,2014 16:05

«Յուրաքանչյուր երկրի զարգացման կարեւորագույն բաղադրատարրերն են` տեխնոլոգիաներ, ներդրումներ եւ մարդկային կապիտալ: Եթե այս 3 ուղղություններով չափելու լինենք, մեր երկրում իրականացվող տնտեսական, սոցիալական  քաղաքականությունը 5 բալանոց սանդղակով պետք է 2 գնահատենք: Ես նկատի չունեմ միայն այս կառավարությանը, ես նկատի ունեմ ընդհանրապես քաղաքական տնտեսական էլիտային»,-այսօր «Տնտեսություն եւ Գործարարություն» ակումբի շնորհանդեսին ասաց ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Պարոն Մինասյանի դիտարկմամբ` չնայած, որ սոցիալական գործընկերությունը, որն ըստ օրենքի պետք է եռակողմ լինի, կան պայմանագրեր, սակայն այս ինստիտուտը Հայաստանում չի աշխատում. չկան պրոֆեսիոնալ արհմիություններ, որոնք աշխատողների իրավունքները պետք է պաշտպանեն, կառավարությունն էլ ոչ միայն սոցիալական գործընկերության ֆունկցիան չի իրականացնում, այլեւ հաճախ հանդես է գալիս պատժիչի դերում` որոշումներ կայացնելով կամ հարկադրանքի տեսքով:

«Հաճախ, երբ ասում են, որ տնտեսական որոշումները պետք է կայացվեն քաղաքականից կտրված, դա չի արդարացնի, ամենավառ օրինակը ՀՀ նախագահի քաղաքական հանձնարարականն էր` ապահովել տնտեսական աճ` 7%-ից ոչ պակաս: Բայց փաստ էր, որ դա չէր կարող իրականացվել, եւ սա առաջացնում է քաղաքական անվստահություն, վերաբերմունք, որ ոչ միայն կառավարությունն իր տեղում չէ, նաեւ քաղաքական որոշումները հիմնված չեն տնտեսագիտական, սոցիալական, մշակութային լուրջ վերլուծությունների վրա, արդյունքում տուժում ենք բոլորս, ու պետությունը»,-ասաց պարոն Մինասյանը:

ԱԺ պատգամավորը նաեւ առաջարկեց ստեղծել մի կառույց, որը կպաշտպանի օտարերկրյա ներդրողների շահերը:

Նշենք, որ ակումբը բացվել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախաձեռնությամբ, եւ ինչպես նշեց միության նախագահ Գագիկ Մակարյանը, ակումբը պլատֆորմ է՝ քննարկելու սոցիալ-տնտեսական ոլորտներում ռազմավարական եւ կիրառական բարձր կարեւորության  հարցեր եւ մշտապես հրավիրվելու են վերլուծաբաններ, պատգամավորներ, քաղաքագետներ եւ այլ գործիչներ: Այսօրվա քննարկմանը թեեւ հրավիրվել էին ՀՀԿ-ի ներկայացուցիչներից, սակայն, ինչպես ասաց պարոն Մակարյանը, հրավիրվածները կամ գործուղման էին, կամ զբաղված:

Քննարկման մեկ այլ մասնակից՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն էլ կարծիք հայտնեց, որ պետք է ստեղծել այնպիսի միջավայր, որ պետության միջամտությունը բիզնեսին հնարավորինս կրճատվի. «Որպես կանոն կառավարություններն ավելի լավ ծախսում են, քան կառավարում, եւ ավելի լավ խանգարում են, քան օժանդակում, եւ այսպես է ամբողջ աշխարհում»:

https://www.youtube.com/watch?v=QA-SNwxFgQ4&list=UUtC-B-TWyAKx5pecVIXm2IA

Ըստ նրա՝ «Այս տարիների ընթացքում խաղի հստակ կանոններ չկան բիզնեսի համար. հարկային օրենսդրությունում իրարամերժ դրույթներ կան, երկակի ստանդարտներ, որոնք ծառայեցնում են իրենց համար այնպես, ինչպես իրենց պետք է: Հայաստանը չունի այն ռեսուրսները, որոնք հնարավորություն կստեղծեին երկիրը զարգացնելու: Մեր հույսը դնելով օտարերկրյա  ներդրումների վրա, նրանց համար հնարավորություն ստեղծել, որ ոչ միայն հայրենասիրությունից դրդված գան, այլ նրանց համար պայմաններ լինեն: Միայն նրա համար, որ հայ է, գա ու ներդրում անի, կներեք սա հայրենասիրության դպրոց չէ, պետք է պայմաններ լինեն, շահութաբերությունից ելնելով գան: Հայրենասիրության վրա բիզնես կայացնելը դժվար գործ է»:

Մանրամասն` տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31