Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է աշխատել առանց ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցելու»

Մարտ 19,2014 14:05

Ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի դիտարկումները

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով դադարեցվել են Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ռեկտոր Արա Ավետիսյանի լիազորությունները՝ ռեկտորի պաշտոնում ու Ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի վրա դրվել: «Առավոտի» հետ զրույցում պարոն Թոքմաջյանը դա դժվար, բայց հաճելի բեռ է որակում: Քանի որ ԿԳ նախարարը լրագրողներին ասել էր, թե հեռու չէ այն օրը, երբ երկու բուհերը կմիավորվեն, այս մասին կարծիք հարցրինք նաեւ մեր զրուցակցից:

Հովհաննես Թոքմաջյանը հիշեցրեց, որ Պոլիտեխնիկական ինստիտուտը բաժանվել է 1989թ., երբ կարեւորվում էր շինարարական կրթությունը Հայաստանում, ու այն ժամանակ մեր երկիրը դեռեւս ԽՍՀՄ-ի կազմում էր, ու Պոլիտեխնիկը կադրեր էր պատրաստում խորհրդային կայսրության համար: «Կային, այսպես կոչված, նպատակային տեղեր, որտեղ բուհն ավարտելուց հետո գործուղվում էին աշխատելու, օրինակ, Սիբիրում: Ի դեպ, մեր հայ մասնագետներն են կառուցել Ուրենգոյը, եւ եթե չեմ սխալվում՝ Գագիկ Մարտիրոսյանը հենց Ուրենգոյի առաջնեկներից էր: Մերոնք են զբաղվել Ասուանի շինարարությամբ…»: Նրա խոսքով, 1990-ականներից հետո Հայաստանում գիտակրթական համակարգը, ինչպես ցանկացած այդպիսի իրավիճակում գտնվող երկրի համար, մի կերպ գոյատեւման շրջան ապրեց: Եվ միայն 2000-ականների սկզբներին վերակենդանացման նշույլներ նշմարվեցին:

«2001-ին պրոֆեսորի ամսական աշխատավարձը 2500 դրամ էր, բնականաբար, ուսումնական դաշտում պարարտ հող էր ստեղծվում կոռուպցիոն դրսեւորումների համար, լավագույն դասախոսները հեռանում էին: Բոլոր բուհերում մնացին միայն նրանք, ովքեր մոլեռանդորեն նվիրված էին գիտակրթական գործին կամ այլ տեղ անելիք չունեին»,- հիշում է ռեկտորը: Հավելում է, որ հետագայում պետությունը կարողացավ միջոցներ տրամադրել բուհական համակարգի զարգացման համար, մտավ մասնակի ֆինանսավորումը հասարակության կողմից, եւ վերջնական զարգացում սկսվեց Բոլոնյան գործընթացի համատեքստում եվրոպական կրթական տարածքին ինտեգրվելու պրոցեսում: «Այդ ամբողջ ընթացքում մենք ինժեներական կրթության առումով ունեցել ենք շատ լուրջ խնդիր: Նույն բազայի վրա երկու համալսարան կար՝ անառողջ ձեւով մասնատված: Ընդ որում՝ մեկին ոչ մի դահլիճ, ոչ մի սպորտկոմպլեքս չէր հասել, քիչ էին լսարանները, եւ միեւնույն ժամանակ կային մասնագիտություններ, որոնք իրենց դարը ապրել էին, կամ ակտուալ էին խորհրդային երկրի մեջ եղած ժամանակ»,- պատմում է ռեկտորը ու հպարտությամբ հայտնում, որ հատկապես վերջին երկու տարիներին իրենք զարգացման երկրորդ փուլ են թեւակոխել, եւ երկու բուհերն էլ արձանագրել են հաջողություններ՝ միջազգային հավատարմագրմանն ուղղված գործընթացների առումով: «Այժմ արդեն լուրջ խնդիրներ են առաջանում՝ սահմանափակ ռեսուրսներով հաջողությունների հասնելու առումով: Խոսքը վերաբերում է ոչ միայն տարածքներին, լաբորատորիաներին, այլեւ գիտակրթական ներուժին ու մարդկային պոտենցիալին: Տարիների ընթացքւոմ կորուստներ ենք ունեցել այս ուղղությամբ, դժվար է գտնել լավ դասախոս, լավ գիտնական, որին հրապուրիչ լինի բուհական համակարգում աշխատելը: Պարոն Ավետիսյանի հրաժարականից հետո համաձայնել եմ ստանձնել այս չափազանց պատասխանատու «բեռը»: Ես առաքելություն եմ տեսնում ինժեներական կրթության զարգացման գործում իմ ներդրումն ունենալու «մասով»: Վաղվանից էլ սկսելու ենք աշխատել, առաջին հրամանը լինելու է միասին կազմակերպել բուհ ընդունվողների գործերը, պրոֆօրիենտացիան, չեն լինի մերը, ձերը: Պայմանագիր կկնքենք, եւ երկու բուհերի բոլոր լսարանները համատեղ նպատակային կօգտագործվեն, ոչ թե կտրվեն այլ կազմակերպությունների վարձակալությամբ: Միասին կօգտագործվեն սպորտային բազաները, լաբորատորիաները, ավտոպարկերը, համատեղ կլուծվեն ուսանողների հանգստի կազմակերպման խնդիրները: Մի պատը քանդեցին, եկել է մյուս պատերը քանդելու ժամանակը: Մարդկանց միջից պետք է հանել մերը-ձերը հասկացությունը: Ի վերջո, ինժեներական կրթությունը, գործը հանրապետության համար էական նշանակություն ունեցող ուղղություն է»,- համոզված է նա:

Հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է առաջիկայում նոր ամբիոններ բացվեն, մասնագիտացումներ լինեն: «Իհարկե…Խոսել եմ «Ռոսկոսմոսի» ներկայացուցչի հետ, մարտի 20-ին նա ժամանում է Հայաստան: Մենք տիեզերական հետազոտությունների հայրենիք ենք, նախագահների մակարդակով պետք է ներգրավվենք ոլորտում: Մենք չենք կարող ինքնաթիռ արտադրել, միայնակ հրթիռ բարձրացնել, բայց ի վիճակի ենք այդ հրթիռի որեւէ մասի վերաբերյալ հետազոտություն անել, առաջարկություններ ներկայացնել: Մենք լավ ներուժ ունենք, եւ ուրախ կլինեմ, եթե առաջիկա 5-10 տարիներին ինժեներական մտքի ժայթքում լինի: Վստահ եմ այն դրական դաշտի վրա, որ գոյություն ունի ինժեներական ինտելիգենցիայի բնագավառում»,-պատասխանեց պարոն Թոքմաջյանը, հավելելով, որ պատրաստ է քննարկել ցանկացած առաջարկ: «Ինչ վերաբերում է նեգատիվ երեւույթներին, որոնք օբյեկտիվորեն կամ սուբյեկտիվորեն ներսողոսկել են մեր կրթագիտական համակարգ, դրանք անձերից այդքան կախված չէին, որքան ժամանակաշրջանից, ու պետք է հնարավորինս արագ արմատախիլ արվեն: Մեր ուսանողներն էլ փայլուն ուսանողներ են, ի վիճակի են փոխարինելու մեզ, ուղղակի պետք է նրանց հետ աշխատել բարյացակամ, առանց ցնցումների, առանց ինչ-որ բան ինչ-որ մեկին ապացուցելու: Սա երկարատեւ, ժամանակատար, ֆինանսատար աշխատանք է, որին մենք գնալու ենք՝ միասին»,- ասում է մեր զրուցակիցը:

Երբ հիշեցրինք, որ իրեն 1984-ին հեռացրել են Պոլիտեխնիկից, ու այժմ որպես ռեկտոր է վերադառնում, պարոն Թոքմաջյանը ժպտալով ասաց, որ վաղուց ներել է այդ մարդկանց. «Ես պետք է պաշտպանեի թեկնածուական ատենախոսությունս Թիֆլիսում, ու պետք է գնայի ստուգարքների ժամանակաշրջանում, ինձ արգելեցին: Ասացին՝ ի՞նչ տարիքդ է, որ պիտի պաշտպանես, 26 տարեկան ես, մի տասնհինգ տարի պետք է լաբորանտ աշխատես, մի այդքան էլ մեր ձեռքի տակ աճես: Ի դեպ, 34 տարեկանում դոկտոր դառնալս դրա պատասխանն էր: Ինչեւէ, պաշտպանեցի թեկնածուական ատենախոսությունս 1984թ. մայիսի 25-ին, վերադարձա եւ իմացա, որ ինձ կրճատել են: Ռեկտորն ասաց, թե շանս կա վերականգնվելու, պիտի գնաս Գորիս: Ինձ հետ պաշտպանած ու բավական տարիքով մեծ մեկին առաջարկում էին դոցենտ, ինձ ասիստենտ, ինչը ստորացուցիչ էր, եւ ես հրաժարվեցի: Դրանից հետո ունեցա գլխապտույտ հաջողություներ: Երկու շարժիչ ուժ կա՝ ատելությունն ու սերը: Ցավոք սրտի, իմ կյանքի այդ շրջանում ատելությամբ եմ առաջ գնացել, հիմա սիրով եմ վերադառնում: Բայց դրական բաներ էլ են եղել: Օրինակ, Վանիկ Զաքարյանը, Էդվարդ Ղազարյանը, Սապունջյանը, Գյոնջյանը, Վաղարշակ Հովսեփյանը մեծ հետք են թողել իմ կյանքում եւ կայացման գործընթացում»: Պարզեցինք նաեւ, որ պարոն Թոքմաջյանը չի հրաժարվելու Երեւան քաղաքի ավագանու անդամությունից: Նրա խոսքով. «Պրոֆեսիոնալ գործունեությանս մեջ իր ուրույն տեղն ունի Երեւան քաղաքի զարգացումը, այդ ուղղությամբ 2-3 նախաձեռնություն եմ անցկացրել եւ արդեն աշխատում ենք: Մեկը վերաբերում է մարդկանց գույքի գրանցմանը, երկրորդը այգիների շինարարությունն է, բազմաթիվ այդպիսի ծրագրեր կան, որոնցով զբաղվելու եմ, որպես շարժիչ ուժ էլ ներգրավելու եմ մեր երկու բուհերի մասնագետներին: Տեխնիկական ինտելիգենցիան աշխարհի ամենահզոր ուժն է, եւ հայ ժողովուրդն իրավունք չունի այդ ուժը չուղղորդել իր խնդիրների լուծմանը»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31