Լրահոս
Օրվա լրահոսը

Սեռական հայհոյանքների համար դիմում է ՀՀ նախագահին, գլխավոր դատախազին եւ դատական դեպարտամենտին

Մարտ 24,2014 18:43

Վերջերս Գավառի ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալ Սարգիս Հակոբյանը սեռական բնույթի հայհոյանքներ է տվել դատական նիստից առաջ, իսկ դատական կարգադրիչներից որեւէ մեկը չի միջամտել:

Aravot.am-ը մարտի 18-ին անդրադարձել էր այս խնդրին:

Մեր հրապարակման մեջ նշել էինք, որ ամբաստանյալը, շատ ազատ, հայհոյանքներ է հնչեցրել հայցվորի ու վերջինիս կողմնակիցների հասցեին, իսկ դատական կարգադրիչները չեն միջամտել, քանի որ տեղում չէին: Հայհոյող ամբաստանյալը հանրաճանաչ բախտագուշակ Վարսիկի որդին է` Սարգիս Հակոբյանը, որի դեմ հարուցված է քրեական գործ, եւ այդ օրը հերթական դատական նիստն էր: Սարգիս Հակոբյանը պարբերաբար խոշտանգումների է ենթարկել կնոջը` Հասմիկ Խաչատրյանին, ամբաստանյալը տարիներ շարունակ կնոջը դաժանաբար ծեծի ենթարկելուց ու հայհոյանքներից բացի, պարբերաբար ծխախոտը հանգցրել է կնոջ մարմնին, 6-ամյա տղային ստիպել է թքել մոր վրա եւ բռունցքով հարվածել մոր երեսին:

Ամբաստանյալի կողմից բռնության ենթարկված Հասմիկ Խաչատրյանը նամակ-բողոք է ուղարկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ դատական դեպարտամենտին, ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին եւ խնդրել ձեռնարկել համապատասխան քայլեր, հաշվի առնելով, որ դատական գործընթացը շարունակվում է:

Ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ`

«Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում թիվ ԳԴ/0036/01/13 քրեական գործն, ըստ մեղադրանքի՝ Սարգիս Հակոբյանի դեմ, ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Սարգիս Հակոբյանին, ըստ էության, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գտնվելով փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ Հասմիկ Խաչատրյանի հետ, խոշտանգել, պարբերաբար ծեծի է ենթարկել, մարմնական եւ հոգեկան տառապանք պատճառել նրան: Սարգիս Հակոբյանի անձը բնութագրելու համար նշեմ, որ՝ 12.10.2012թ. թիվ ԵԷԴ/0028/01/ 12 դատավճռով Հակոբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) եւ դատապարտվել տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի` 500,000 ՀՀ դրամի, չափով։

Դեռևս 12.10.2012թ. դատավճռով Սարգիս Հակոբյանի դատվածությունը չմարված, նա մեղադրվել է նոր հանցանքի կատարման մեջ՝ ԳԴ/0036/01/13 քրեական գործով մեղադրական եզրակացությամբ նշված հանցավոր արարքի:

23.02.2011թ. քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման համաձայն՝ Սարգիս Հակոբյանը կատարել է արարք, որը նախատեսված է ՀՀ քր. օրի 113-րդ հոդվածի 1-ին մասով /դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը/ եւ 118-րդ հոդվածով /ծեծը/: Նկատի ունենալով, որ նշված հոդվածներով քրեական գործը հարուցվում է ոչ այլ կերպ, քան դիմողի բողոքի հիման վրա, իսկ դիմողը հայտնել է, որ բողոք չունի Սարգիս Հակոբյանի դեմ, միայն այդ հիմքով մերժվել է քրեական գործի հարուցումը:

03.04.2013թ. քրեական գործի հարուցումը մերժելու մասին մեկ այլ որոշման համաձայն՝ Սարգիս Հակոբյանը կատարել է արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով /դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը/: Դարձյալ նկատի ունենալով, որ նշված հոդվածով քրեական գործը հարուցվում է ոչ այլ կերպ, քան դիմողի բողոքի հիման վրա, իսկ դիմողը հայտնել է, որ բողոք չունի Սարգիս Հակոբյանի դեմ, միայն այդ հիմքով մերժվել է քրեական գործի հարուցումը:

Այժմ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում թիվ ԳԻԴ/0036/01/13 քրեական գործը: Ամբաստանյալ Ս. Հակոբյանի նկատմամբ 14.11.2013թ. խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

18.03.2014թ. Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գավառի նստավայրում, մինչեւ կողմերին նիստերի դահլիճ հրավիրելը, Սարգիս Հակոբյանը դատարանի շենքում առանց պատճառի բազմաթիվ սեռական բնույթի հայհոյանքներ է տվել, դրանով իսկ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, որն արտահայտվել է Հասմիկ Խաչատրյանի հետ եկած հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ անհատ անձանց նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով: Այնուհետև մոտենալով տուժողի հայր Պապին Խաչատրյանին՝ հայհոյել է նաեւ նրան:

Սարգիս Հակոբյանի կողմից նման վարքագիծ դրսեւորելու, առանց պատճառի սեռական բնույթի հայհոյանքներ տալու հանգամանքի շուրջ կարող են վկայություն տալ տասից ավելի անձինք, ովքեր ներկա են գտնվել նրա կողմից հայհոյանքներ տալու եւ ագրեսիվ վարքագիծ դրսեւորելու ժամանակ:

Գտնում եմ, որ այդ ամենը դատական կարգադրիչների անգործության արդյունքն է, քանի որ դատարանի շենքի երրորդ հարկում, նիստերի դահլիճի մոտ գտնվում էր շուրջ քսան անձ և ոչ մի դատական կարգադրիչ այդտեղ չէր, որպեսզի կանխեր Սարգիս Հակոբյանի նման վարքագիծը: Իհարկե, դատական կարգադրիչները որոշ ժամանակ անց եկան, սակայն գտնում եմ, որ նրանք պետք է շենքի 3-րդ հարկում գտնվեին, երբ այդքան անձ գնում էր այդտեղ: Վերը նշվածից ելնելով՝ խնդրում եմ ձեռնարկել համապատասխան միջոցներ:

Անհրաժեշտ եմ համարում նշել նաև, որ Սարգիս Հակոբյանը ոչ պատշաճ վարքագիծ է դրսևորել դատական նիստերի դահլիճում, իր հոր հարցաքննության ժամանակ հայտարարելով, որ. «եթե իմ հերն է խոսում, բոլորը պետք ա լռեն»: Նման վարքագծի համար դատարանն ամբաստանյալին հեռացրել է նիստերի դահլիճից»:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31