Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Մելքումյան. «Բա մեկը պիտի՞ պատասխան տար այս վիճակի համար»

Ապրիլ 04,2014 00:56

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի համար նույնպես, ինչպես՝ ՀՅԴ  եւ ՀԱԿ ներկայացուցիչների համար, անակնկալ չէր վարչապետի հրաժարականը : «Մեզ համար կոնկրետ օրվա առումով սպասելի չենք կարող ասել, բայց որ հրաժարականին սպասում էինք՝ այո, որովհետեւ ձախողվել էին բոլոր ծրագրերը, հենց նենց չէինք էլի անընդհատ ասում, որ տնտեսական աճ չկա, բոլոր ցուցանիշները վատն են, եւ այլն… Ըստ էության՝ նա իր հետեւությունն արեց: Ու հիմա մենք գտնում ենք, որ ոչ թե անձի փոփոխությունն է առաջնայինը, կարեւորը, այլ հիմա կարեւոր է, որ արդեն նոր ծրագրի շուրջ, նոր փոփոխության շուրջ տեղի ունենան գործընթացներ, որոնք երկիրն այս տխուր վիճակից դուրս կբերեն: Այսինքն, եթե մենք հիմա մի անձը փոխելու ենք մեկ ուրիշով՝ դրա մասին չի կարող խոսք գնալ: Պետք է, անպայման, կուրսի շրջադարձային փոփոխություն լինի՝ նորից եմ կրկնում՝ շրջադարձային եւ ոչ թե կոսմետիկ: Մեզ պետք է այնպիսի փոփոխություն, որն իր մեջ կընդգրկի մոտեցումների փոփոխություն՝ տնտեսական, սոցիալական գործընթացների կառավարման մեջ, այսինքն՝ պետք է գտնվեն արտագաղթի, աղքատության խնդիրների լուծման տնտեսական մեխանիզմներ, արտադրողականության կտրուկ աճ… այսինքն՝ այստեղ պետք է մի կողմից քաղաքական կամք, մյուս կողմից՝ բարձր մակարդակի պրոֆեսիոնալ ունակությունների միավորում: Միայն այդ դեպքում կլինի փոփոխություն»:

Մեր հարցին՝ վարչապետի հրաժարականի լուրը տալիս՝ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն, ըստ էության, չբացառեց, որ հնարավոր է նոր վարչապետը լինի ոչ ՀՀԿ-ից, դուք դա հնարավոր համարո՞ւմ եք, ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Երբ խոսքը գնում է քաղաքական կամքի, բարձր պրոֆեսիոնալ ունակությունների եւ լուրջ ծրագրի մասին, մենք միշտ ասել ենք եւ պարոն Ծառուկյանն էլ է համագումարում ասել, որ մեկ քաղաքական ուժ չի կարողանալու էս վիճակից երկիրը հանի, գերարդիական է մնում լայն հասարակական քաղաքական կոնսոլիդացիայի, համախմբման հարցը: Եվ հենց այդ համախմբման հիման վրա էլ կծնվի ձեր ասածը, այսինքն՝ պետք է ոչ թե թեկնածուին նայենք, այլ սկզբից՝ ծրագրին, կոնսոլիդացիային, որը կբյուրեղանա եւ դրա հիմա վրա էլ կծնվի էդ ֆիգուրան»:

Մեր հաջորդ հարցը վերաբերում էր ընդդիմության քայլերին՝ ընդդիմությունը կառավարության հրաժարականն էր պատրաստվում պահանջել, բայց կառավարությունն ինքը արեց այդ քայլը, ի՞նչ է մնում հիմա անել ընդդիմությանը:

Միքայել Մելքումյանը այս հարցին դեռ չցանկացավ պատասխանել. «Սպասենք մի քիչ, հիմա չմեկնաբանե՞մ, լա՞վ: Նոր է եղել հրաժարականը, տեսնենք դեպքերն ինչպես կընթանան, նոր: Գուցե սրան հաջորդի բոլորովին անսպասելի ուրիշ քայլ, միգուցե հիմա ուրիշ քայլ է արվելու, պետք չի հիմա շտապել, սպասենք դեպքերի ընթացքին»:

Փորձեցինք ճշտել պարոն Մելքումյանի կարծիքը՝ արդյոք իշխանությունն ընդդիմությունի՞ց վախեցավ, թե՞ իրենք էլ զգացին, որ արդեն բանը բանից անցել է, այլեւս չեն տիրապետում իրավիճակին: Ի պատասխան ԲՀԿ-ական պատգամավորն ասաց. «Գիտեք ինչ, մեկ գործոն չէր այս ամեն ինչի հիմքում: Իրենք էլ են տեսնում, որ ժողովուրդը հեռանում է, 3-4 հազար խանութ է փակվել, տնտեսական աճ չկա… այդ անկման տեմպերն ավելի արագընթաց են դարձել: Հունվար-փետրվարի ցուցանիշները որ նայեք՝ սրընթաց անկնում է… բա մեկը պիտի՞ պատասխան տար, թե՞ չէ…Բայց, կարծում եմ, իհարկե՝ ոչ իշխանական ուժերի հարցադրումները եւ պայքարը նույնպես պետք է իրենց վճռական ազդեցությունն ունենային: Հետո տեսեք՝ այսքան ժամանակ քննադատեցինք, ինչ ասես ասացինք, որեւէ անգամ կառավարությունը չեկավ ասի՝ ճիշտ չեք ասում, մենք լավ են աշխատում… զարմանալիորեն երբեք չեն պնդել, որ աշխատում են արդյունավետ ռեժիմով, այնպես որ ամեն ինչ իր տրամաբանության մեջ է»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930