Aravot.am-ը հարցում էր ուղարկել ԿԳՄՍ նախարարություն՝ նախարարի անունով:
Խնդրել էինք անդրադառնալ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի այն պնդումներին, որոնցում նա պնդում էր, որ Պատմության թանգարանում ցուցադրվող և 12-րդ դարի եկեղեցու դռան փեղկ ներկայացվող նմուշի պարագայում, որը գնվել էր Լոնդոնի աճուրդից՝ ձեռք էր բերվել Նիկոլ Փաշինյանի PR-ի համար, ակնհայտորեն ուռճացված է գինը, և գործարք է եղել՝ աճուրդ իրականացնող կողմի հետ՝ խոշոր գումար աշխատելու և գումարի զգալի մասը գնող կողմին վերադարձնելու նախապես ձեռք բերված պայմանավորվածության հիմքով:
«Հայաստանի պատմության թանգարանում ցուցադրվող՝ 1188 թվականին թվագրվող Հաղպատի Սուրբ Խաչ եկեղեցու դռան փեղկի ձեռքբերումն իրականացվել է համապատասխան փաստաթղթային և փորձագիտական հիմքերի առկայությամբ և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Մասնավորապես, առկա է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2026 թ. տրամադրված փորձագիտական եզրակացությունը, որում ներկայացված են նմուշի նկարագրությունը, նյութը, չափերը, թվագրումը, մշակութային նշանակությունը և գնահատված արժեքը։ Փորձագիտական եզրակացության համաձայն՝ նմուշը ներկայացվում է որպես 1188 թվականին թվագրվող՝ Հաղպատի Սուրբ Խաչ եկեղեցու համար ստեղծված դռան փեղկ։
Նմուշի վերաբերյալ առկա են նաև միջազգային մասնագիտական ուսումնասիրություններ և հրապարակումներ։ Այն մասնագիտական շրջանառության մեջ է եղել տասնամյակներ շարունակ և, մասնավորապես, ներկայացված է Վրեժ Ներսեսյանի՝ 2001 թվականին Լոնդոնում հրատարակված Treasures from the Ark: 1700 Years of Armenian Christian Art աշխատությունում։
Կարդացեք նաև
Նմուշին վերաբերող փաստաթղթերում ներկայացված են նաև դրա նախկին պատկանելության և տեղաշարժի վերաբերյալ տվյալները: Միաժամանակ նշվում է, որ փայտանյութի ռադիոածխածնային հետազոտության արդյունքները հաստատել են դրա՝ XII դարին վերաբերող թվագրումը։ Հայտնում ենք, որ նմուշի ձեռքբերման գործարքն ամբողջությամբ փաստաթղթավորված է և իրականացվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։
2026 թ. ապրիլի 2-ին Հայաստանի պատմության թանգարանում բացված «Պատմական վերադարձ․ միջնադարյան գլուխգործոց Լոնդոնից» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսի շրջանակում հանրությանը ներկայացվել է ՀՀ կառավարության կողմից ձեռք բերված և Հայաստանի պատմության թանգարանին հանձնված բացառիկ միջնադարյան եկեղեցական փայտե դռան փեղկը»,-Aravot.am-ին գրավոր պատասխանել են ԿԳՄՍ նախարարությունից:
Ինչ վերաբերում է նմուշը մի քանի օր անց ցուցադրությունից հանելուն, այս մասին էլ ԿԳՄՍՆ-ից հետևյալ կերպ են արձագանքել. «Ցուցահանդեսը գործել է երկու ամիս, որից հետո նմուշը տեղափոխվել է թանգարանի վերականգնման լաբորատորիա՝ ամրակայման աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Քանի որ դռան փեղկը նախկինում ներառված չի եղել թանգարանի հիմնական հավաքածուում և չի ենթարկվել համապարփակ վերականգնման ու ամրակայման, դրա հետագա մշտական ցուցադրման համար անհրաժեշտ են համապատասխան պահպանական և ցուցադրական աշխատանքներ։ Նշված հարցը գտնվում է թանգարանի մասնագետների ուշադրության կենտրոնում, և ներկայում քննարկվում է նմուշի պահպանության ու ցուցադրման համապատասխան մեթոդաբանությունը։
Դռան փեղկի նախկին ցուցադրման հատվածում հունիսի 19-ին, Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանության հետ համագործակցությամբ, կազմակերպվել է մեկ այլ ժամանակավոր ցուցահանդես՝ «Յակիշիմե․ երկրային կերպարանափոխություններ» խորագրով։
Համապատասխան պահպանական և ցուցադրական աշխատանքների ավարտից հետո նախատեսվում է դռան փեղկը տեղադրել Հայաստանի պատմության թանգարանի՝ միջնադարին նվիրված մշտական ցուցադրությունում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































