Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավ սովորեք, որ նիկոլական չդառնաք». լեզվակռիվ ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև

Սեպտեմբեր 16,2026 14:40 Share

«Ռոբերտ Քոչարյանը շարունակելու է մնալ տգիտության մարմնավորում, Ռոբերտ Քոչարյանը շարունակելու է մնալ թալանի մարմնավորում։ Հիմա եթե ձեզ թվում է, թե դուք մի երեք անգամ ընդհատեք, դրանից այս փաստերը, որպես այդպիսին, վերանալու են, չեն վերանալու։ Չեն վերանալու, հարգելի՛ գործընկերներ, չեն վերանալու»,- խորհրդարանում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանի ելույթից հետո հունից դուրս եկավ ՔՊ-ական փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը։ Նա վիրավորվել էր նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի՝ Հայաստանի կրթական համակարգի մասին երեկվա սուր ելույթից։

Վահագն Ալեքսանյանի՝ երկրորդ նախագահի հասցեին վիրավորանքներից հետո լեզվակռիվ սկսվեց ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև։

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը շտապեց դահլիճ և փորձեց հարթել վեճը՝ ասելով․ «Մի՛ ասեք «տգետը», ասեք «գրագիտության հետ խնդիր ունի»։ Չէ, դե հիմա կարելի է նույնիմաստ բառից մի ձևը կարող է վիրավորական լինի կամ սրի, մյուս մասը կարող է չսրի։ Եկեք չռադիկալացնենք մեր խոսույթը, ասեք՝ գրագիտության հետ խնդիր ունի»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Սևակ Խաչատրյանն իր ելույթում ասել էր․ «Ես էլ, առիթից օգտվելով, ուզում եմ մեր մատաղ սերնդին ասել․ հարգելի՛ աշակերտներ, լավ սովորեք, որ նիկոլական չդառնաք»։ Նաև հիշեցրել․ «Այո՛, տիկին Վարդանյանն ասաց, որ ժամանակին, երբ որ դպրոց էր գնում, վառարանով էր և այլն, և այլն։ Ճիշտ է, վառարանով էր։ Հա, ես էլ որ դպրոց եմ գնացել 94 թվականին առաջին դասարան, եղել է վառարան, մինչ այդ՝ ածուխով վառարաններ։ Բայց երբ որ գնում էինք դպրոց, մենք այդ դպրոցում տեսնում էինք հենց դպրոցի մուտքի մոտ Մեսրոպ Մաշտոցի նկարը ու մեծ գրված էր․ «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»։ Այլ ոչ թե Մեսրոպ Մաշտոցի նկարի փոխարեն գրված է․ «Լավ սովորիր, որ լավ ապրես»»։

Խոսելով համայնքների խոշորացման՝ երեկ ընդունված նախագծի մասին էլ՝ ասաց, որ եթե խոշորացումը ոնց մյուս համայնքներում է եղել, ինչպես անցած տարի Վաղարշապատում է եղել, այստեղ ոչ մի համայնքի լավագույն շահ չկա և չի գործում․ «Խոշորանում է մի քաղաքով, չգիտեմ, 25-30 գյուղով ամբողջը խոշորանում է մի տեղ՝ տվյալ քաղաքում, և մարդիկ ամենօրյա համայնքապետարանի հետ հարաբերվելու խնդիր ունեն, հասարակ տեղեկանք վերցնելու խնդիր ունեն։ Հիմա Գորիս համայնքը խոշորացրել ենք՝ Տաթևն էլ տեղն է, Տանձատափից դեպի Գորիս մի ժամ տևում է ամառը գնալը մեքենայով։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ մի հասարակ տեղեկանքի համար, շինթույլտվություն ստանալու համար, որը նախկինում, գոնե մինչ այս խոշորացումները, տևում էր ավելի կարճ․ ասենք՝ մարդը ուզում է առանձնատուն սարքել, երկու ամիս, երեք ամիս, հիմա դա տևում է ութ ամիս։ Ձմռանը Տանձատափից Գորիս գնալը շատ ավելի մեծ պրոբլեմ է, եթե ձյուն է և այլն»։

«Անամոթաբարը Հայաստանի Հանրապետության տարածքը փոքրացնելն է ու գլուխ գովելը, որ տեսեք՝ ինչ տնտեսական աճ կա, բնակարանների գներն աճում են, հողերը թանկանում են, դա խոսում է տնտեսական ակտիվության մասին։ Ինչքան այս երկիրը փոքրացնում եք, բնականաբար այնքան հողի գինը ավելի է բարձրանում։ Անամոթաբար կրթության որակը այս օրը հասցնելն է, որովհետև պետք է հետևել ձեր ՔՊ-ամերձ տիկտոկերների այլանդակություններին ու լկտիությանը, որ տեղի է ունենում։ Սա պետք է վերահսկել, որպեսզի մեր դպրոցականները, մեր մատաղ սերունդը սա չտեսնի։ Առջևում ՏԻՄ ընտրություններն են․ վստահ եմ, որ նորից այն բեսպրեդելը՝ իրավական, չգիտեմ, քաղաքական, տեղի է ունենալու համայնքներում։ Օրինակ՝ Արմավիր խոշորացված համայնքում Տարածքային կառավարման նախարարը, քանի որ ինքը այդ համայնքից է, որոշել է, որ ինքը այդ համայնքի իշխանն է, և բացի «Քաղաքացիական պայմանագրից»՝ ոչ ոք իրավունք չունի այնտեղ մասնակցելու, ու մարդկանց կոնկրետ տեռորի են ենթարկում»,- հայտարարեց Սևակ Խաչատրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ավելի ուշ Ռուբեն Ռուբինյանը բարկացավ Սևակ Խաչատրյանի ելույթից և արձագանքեց՝ ասելով․ «Ուզում եք ասել, որ այն 600 հազարը, որ ձայն են տվել ՔՊ-ին, անգրագե՞տ են։ Ի՞նչ է նշանակում՝ լավ սովորեք, որ նիկոլական չդառնաք»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930